
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների մի խումբ պատգամավորների:
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պատվիրակության այցն Արցախ կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ:
Ողջունելով բելգիացի խորհրդարանականներին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Բելգիայի տարբեր մակարդակի խորհրդարանները ներկայացնող պատգամավորների հետ շփումները վերջին տարում մեծապես ակտիվացել են և արդեն ժամանակն է հանդիպումներին կազմակերպչական ձևաչափ տալ:
Բելգիական խորհրդարանականների պատվիրակության ղեկավար Էլս Վան Հուֆն իր խոսքում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի պարագայում խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր գործիք է միջազգային հարթակներում լսելի դառնալու համար:
Այնուհետև հյուրերի խնդրանքով Աշոտ Ղուլյանը տեղեկություններ է ներկայացրել Ազգային ժողովի կառուցվածքի, միջխորհրդարանական կապերի, բարեկամության խմբերի գործունեության, Արցախի քաղաքական դաշտի ու հետապրիլյան իրավիճակի վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը: