Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում վերջին երկու ամիսներին պարբերաբար ներքին «բախումններ» են ծավալվում, եւ այս ընթացքում հաճախակի կարելի է լսել այդ առճակատումները դադարեցնելու մասին կոչերը:
«Խաղաղության» կոչերի բովանդակությունն հիմնականում նույնն է. ընդդիմադիրներն իրար չպիտի քննադատեն, բոլոր լուտանքները պետք է հասցեագրված լինեն միայն Հայաստանի իշխանություններին: Միմյանց հետ չմարտնչելու մասին խոհափիլիսոփայական դատողությունների շարքին է դասվում նաեւ «ընդդիմությունը պետք է միավորվի» թեւավոր դարձած միտքը:
Վերջին քսան տարիներին Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը փաստացի գործել են վերը նշված «խաղաղ» սցենարով` խուսափելով ընդդիմադիր մյուս կուսակցություններին եւ ոչ բացահայտ իշխանական դիրքերից հանդես եկող անհատ գործիչներին քննադատելուց: Վերջին քսան տարիներին տեղի ունեցած խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում ընդդիմության արձանագրած արդյունքները ցույց են տալիս, թե այդ մարտավարությունը որքանով է արդարացված եղել:
1996-ի նախագահական ընտրություններից հետո հետընտրական ցույցերի ժամանակ հարթակում ընդդիմադիր կուսակցությունների եւ գործիչների իսկական խառնաշփոթ էր ստեղծվել: Թվացյալ «միասնությունն» իրականում նպաստեց, որպեսզի տեղի ունենան սեպտեմբերի 26-ի հայտնի իրադարձությունները` խորհրդարանի շենքի վրա հարձակումը, ինչի արդյունքում հետընտրական շարժումը մի քանի ժամում անհետացավ:
2003-ի նախագահական ընտրություններում «ընդդիմադիրներին» չնեղացնելու մարտավարության արդյունքը եղավ այն, որ Արտաշես Գեղամյանը ընդդիմության քվեներից 250 հազար ձայն «թռցրեց» եւ հետո համարժեք կուրսով իշխանությունների հետ փոխանակեց: Նույն 2003-ի ԱԺ ընտրություններում էլ ընդդիմադիրներն իրար չնեղացրին, արդյունքում խորհրդարանն այնքան բազմագույն ստացվեց, որ իշխող ՀՀԿ-ին հաջողվեց 38 հոգանոց խմբակցությունով իշխանությունն իր ձեռքում պահել:
Իսկ ամենավերջին՝ 2012 թվականի ԱԺ ընտրությունների օրինակը, ընդդիմադիրների մեկմեկու չնեղացնելու արդյունքը եղավ այն, որ ընդդիմության ձայների մեծամասնությունը գնաց իշխանական երկրորդ կուսակցության՝ ԲՀԿ-ի օգտին, իսկ ընդդիմադիրները ստիպված էին բավարարվել 7 տոկոսով:
Ընդդիմադիրների՝ միմյանց «չնեղացնելու» քաղաքականության ճիշտ կամ սխալ լինելը գնահատելու համար անհրաժեշտ է պատասխանել հետեւյալ հարցին. ինչպես պետք է ընդդիմադիր հայացքներ ունեցող ընտրողը կողմնորոշվի, թե ընդդիմադիրներից որ մեկն է այն քաղաքական ուժը, որն ի վիճակի է իշխանափոխություն իրականացնել կամ առնվազն նպաստել Հայաստանում դրական փոփոխություններին: Այդ խնդրի լուծումը հնարավոր է միայն ընդդիմության ներքին բանավեճերի եւ փոխադարձ քննադատությունների դեպքում: Այսինքն՝ իրականում ընդդիմադիրների ներքին «բախումները» ոչ միայն անհրաժեշտ են, այլ ինչ-որ առումով պարտադիր նախապայման` իշխանություն դառնալ հավակնող քաղաքական ուժերի հաջողության հասնելու համար: Ընտրողը պետք է հստակ պատկերացում ունենա, թե ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերից որ մեկն իրենից ինչ է ներկայացնում, ինչպիսի ճանապարհ է անցել, ինչ հայացքներ է դավանում եւ իրականում որքանով է պահպանում հռչակած սկզբունքները:
Իսկ ընդդիմության «միավորման» գաղափարը որքան էլ սիրուն է հնչում, իրականում այն ՀՀ իշխանությունների կողմից գցված խայծ է, որը պարբերաբար ասպարեզ է բերվում՝ ընտրողներին մոլորեցնելու համար: Հասկանալի է, չէ, որ գաղափարապես իրար հետ կապ չունեցող քաղաքական ուժերը չեն կարող միավորվել: Այսինքն՝ ի սկզբանե անիրականանալի նպատակ է դրվել, որպեսզի երբ արդեն բոլորի համար պարզ կլինի, որ խնձորը տանձ չի դառնա, անմիջապես հայտարարեն՝ վերջ, փրկություն չկա, իշխանությունները հաղթեցին, հայերս միասնական չենք, իշխանություններն իրենց ուզածին հասան, ու այսպես շարունակ: Այս մարտավարության նպատակն ընդդիմությանը մինչեւ բուն ընտրությունները արդեն իսկ պարտված հռչակելն է, ինչն էլ տարիներ շարունակ ՀՀ իշխանությունների քարոզիչները փայլուն իրագործել են: Պատճառը եղել է այն, որ ըմդդիմադիրները չեն համարձակվել բաց հայտարարել, որ իրենք չեն կարող գաղափարական ընդհանրություն չունեցող քաղաքական ուժի հետ միավորվել: Ի դեպ, անգամ երբ քաղաքական ուժերը հանուն «միասնության» միավորվել են գաղափարական ընդհանրություն չունեցող կուսակցությունների հետ, նման տարբերակը եւս ձեռնտու է եղել իշխանություններին, քանի որ այդ դաշինքները ի սկզբանե դատապարտված են եղել տապալման, առավել եւս, որ այդ դաշինքները եւս գործել են ընդդիմադիրներին «չնեղացնելու» ռազմավարության շրջանակներում:
Ընդդիմադիր քաղաքական ուժերի միջեւ վեճերը եթե ավելի թեժանան ու սպառնան դաշտում պարզություն մտցնել, ապա բացառված չէ, որ մի օր էլ իշխանական գործիչները կսկսեն գոռգոռալ, թե նման երեւույթներն անթույլատրելի են, եւ որ ընդդիմությունը պետք է միավորվի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՋԵՐՄ ԶՐՈՒՑՈՒՄ ԷԻՆ
Օրերս «Ժողովուրդ»-ի թղթակիցը Հյուսիսային պողոտայում նկատել էր «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանին եւ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին` միասին զրուցելիս: Այս փաստն ինքնին ուշագրավ է՝ հաշվի առնելով այն լուրերը, ըստ որոնց՝ «Համախմբում» կուսակցության թիկունքում կանգնած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ժողովուրդ»-ը «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանից փորձեց պարզել, թե Վիկտոր Սողոմոնյանի հետ հանդիպումն ինչ բնույթ է կրել: «Նախ՝ ես նման հանդիպումից տեղյակ չեմ, բայց եթե անգամ նման բան տեղի է ունեցել, ապա դրա տակ քաղաքական որեւէ ենթատեքստ փնտրել պետք չէ, այլ պետք է դիտարկել մարդկային փոխհարաբերությունների դաշտում»,- ի պատասխան՝ ասաց Արեգնազ Մանուկյանը։ Իսկ Վիկտոր Սողոմոնյանի հետ կապվելու եւ նրանից մեկնաբանություն ստանալու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան:
ՎՐԱՑԻՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ «ՅԱՆԴԵՔՍ ՏԱՔՍՈՒ»
Ռուսական «Yandex Taxi»-ն վրացական շուկա սկանդալով է մուտք գործել: Ինչպես հայտնի է՝ այն կարելի է պատվիրել բջջային հավելվածով: Քարտեզի վրա Աբխազիան եւ Հարավային Օսիան նշված են որպես անկախ երկրներ, գրում է Tbilisi Media-ն` հղում անելով վրացական «Կոմերսանտ»-ին: Հաղորդվում է, որ «Մգալոբլիշվիլի, Կիպիանի, Զիզիգուրի» իրավաբանական ընկերությունը հայտարարել է, որ հրաժարվում է «Yandex Taxi»-ի ծառայությունից: Իրավաբանական ընկերությունը նաեւ կոչ է արել իր գործընկերներին չօգնել նրանց, ովքեր չեն ճանաչում Վրաստանի սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը: «Խնդիրն այն է, որ ներկայացված քարտեզում խախտվել են Վրաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները, ինչը ստիպում է հրաժարվել այդ ընկերության ծառայությունից: Մեր գործընկերներին կոչ ենք անում միանալ այդ գործընթացին»,- նշվել է իրավաբանական ընկերության հայտարարությունում:
ՄԻԱՅՆ ԳՈՒՄԱՐԸ ՉԷ
Ինչպես հայտնի է՝ այս տարվա ապրիլի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռել է, որ Սիմոնյանի իրավունքները խախտվել են: ՀՀ քաղաքացի Ռ. Սիմոնյանն իր սեփականության հետ կապված խնդիրը չէր կարողացել Հայաստանի դատարաններում լուծել եւ դիմել էր ՄԻԵԴ, ու 10 տարի անց նրա դիմումը բավարարվել էր: Ըստ այդմ, ՀՀ կառավարությունը Սիմոնյանին պետք է վճարի 18 հազար 255 եվրո: Հենց այս գումարի շուրջ էր, որ ՀՀ վարչապետը հանձնարարել էր մեղավորներին գտնել: Ինչեւէ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դիմումատուի կինը` Կարինե Սիմոնյանը, ասաց, որ իրենց դեռեւս չի վճարվել հասանելիք գումարը: «Վերջը պետք է արդարություն լինի: Միայն փոխհատուցումը չէ, այդ գումարով էլ մեր կրած վնասների հարցը չի լուծվում»,- ասաց Սիմոնյանը:
ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ
«Ճնշումներ կան, որոնց մի մասը չեմ կարող հրապարակել, քանի որ այդ մարդիկ կարող են ավելի մեծ խնդրի առաջ կանգնել հետո: Մեր կուսակցության՝ Նոյեմբերյանի կառույցը փորձում են փակել կամ մարդուն մեր կուսակցությանը ֆեյսբուքում «լայք» դնելու համար Վանաձորում ազատում են աշխատանքից»: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Վերջինիս փոխանցմամբ` իրենք այդ ճնշումների դեմ պայքարելու են հնարավորինս հրապարակայնորեն եւ լինելու են հետեւողական:
ՆԱԵՎ ԱՊԱՐԱՆՈՒՄ
Օգոստոսի 28-ին տեղի է ունեցել «Համախմբում» կուսակցության Ապարան քաղաքի համայնքային կառույցի հիմնադիր ժողովը, որին մասնակցել են «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը եւ խորհրդի անդամներ: Կուսակցության՝ Ապարան քաղաքի համայնքային կառույցի խորհրդի ղեկավար է ընտրվել Ռոման Հակոբյանը, ով ավագանու թեկնածու է առաջադրվել սեպտեմբերի 18-ին Ապարանում կայանալիք ընտրություններին։
ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Գերմանիայի, Ֆրանսիայի ու Լեհաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի համաձայնագրերը կյանքի կոչելու հարցում բավականաչափ առաջընթաց չկա:
ԵՎՍ ԵՐԿՈՒՍԻՆ
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում եւս երկու անձանց մեղադրանքներ են առաջադրվել: ՀՔԾ տեղեկացմամբ՝ քաղաքացիներ Ա. Տ.-ին եւ Ֆ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Վերջիններիս նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց:
ԴԵՄ ԵՆ ՄԵՐԿԵԼԻՆ
Գերմանիայի բնակչության կեսը դեմ է Անգելա Մերկելի` 4-րդ ժամկետով կանցլերի պաշտոնում ընտրվելուն: Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում Մերկելի հետագա կառավարմանը պատրաստ է համաձայնել երկրում անցկացված հարցման մասնակիցների միայն 42 տոկոսը: Բունդեսթագի հաջորդ ընտրությունները կկայանան 2017-ի աշնանը: