«Ռոբերտ Քոչարյանը վախվորած էր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկարատև լռությունից հետո կրկին հարցազրույցով հանդես եկավ: «Ազատության» հետ զրույցում Ռ. Քոչարյանը խոսել էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը, դրան հաջորդած դեպքերին, ղարաբաղյան խնդրին, մասնավորապես, տարածքների զիջման մասին խոսակցություններին, տնտեսական գործընթացներին, ինչպես նաև երկրում ձևավորված բարոյաքաղաքական մթնոլորտին:

Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին` Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե այսօր մենք ականատեսն ենք դառնում մի շարք անբարենպաստ գործոնների կուտակման, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում: «Ռուսաստանյան զենքի մատակարարմամբ ռազմական հավասարակշռության խախտումը, ԼՂ հարցով միջազգային կազմակերպությունների մի քանի տհաճ բանաձևերը և զեկույցները, Ադրբեջանի նախաձեռնությամբ տարածաշրջանային համագործակցության նոր ֆորմատի ձևավորումը (իհարկե՝ առանց Հայաստանի), մեր երկիրը շրջանցող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծումը: Տեղի ունեցողի աշխարհաքաղաքական հետևանքները երկարատև բացասական ազդեցություն են ունենալու երկրի տնտեսության, միջազգային և տարածաշրջանային գործերում մեր կշռի ու ազդեցության և իհարկե՝ ԼՂ հարցով բանակցային գործընթացի մեջ ներգործելու մեր ռեսուրսի վրա: Իշխանությունները պետք է կարողանան վերլուծել կատարվողի պատճառները և գործուն բանաձև գտնել՝ հակազդելու ձևավորված մատրահրավերներին: Ընդ որում, իրավիճակը կարգավորելու համար մենք շատ ժամանակ չունենք»:

Ռոբերտ Քոչարյանի այս և մյուս դիտարկումների շուրջ ArmLur.am-ը զրուցեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ: Վերջինիս համոզմամբ` Ռոբերտ Քոչարյանը զուսպ է արտահայտվել. «Իր որակն ու տեսակը իմանալով` կարծում եմ, որ ինքը ոչ միայն զուսպ էր, այլև` վախվորած: Դա նրա ոճը չէր, իսկ ինչ վերաբերում է դեղին քարտին, ապա այդ քարտ առաջին հերթին իրեն է վերաբերվում: Ինքն ու Սերժն են ստեղծել այս համակարգը, և ճարտարապետը հենց Քոչարյանն է»:

Հիշեցնենք, որ անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը` Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե հանրության արձագանքը կատարվածին «դեղին քարտ» էր քաղաքական համակարգին:

Պետրոս Մակեյանը նաև նշեց, որ որքան էլ գեղեցիկ խոսքեր շռայլվեն, պետք է ուշադրություն դարձնել` ով է այն ասում. «Եթե անգամ ամենաճշմարիտ խոսքերն է ասում, պետք է նախ և առաջ նայել, թե ով է դա ասում. իր ասածները հավասարապես վերաբերվում էին իրեն»:

Տարածքների զիջման մասով ասված խոսքերն էլ, ըստ Մակեյանի, ինքնաարդարացման միջոց էր. «Իմ կարծիքով, դա նախ և առաջ ինքնաարդարցում էր, քանի որ դրա հիմքերը նաև ինքն է դրել, դեռևս 1997-98 թվականներից է սկսվում հիմքերը:

Ժողովրդի թիկունքում իրենք գերտերությունների հետ բազարի մեջ էին մտել, որ իրենք պիտի մնան, իշխեն, իսկ հողեր հանձնելու մասով` կարծում էին, որ միջազգային հանրությանն էլ կարող են սեփական ժողովրդի նման խաբել ու մոլորեցնել, բայց կանգնեցին փաստի առաջ»:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս