ՀԱՐՑԵՐ ԿԱՆ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ՔՆՆԱՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավվմանը հաջորդող իրադարձությունների ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ակտիվորեն ներգրավված էր խմբի անդամների եւ իշխանության միջեւ տարվող բանակցություններում: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ իշխանության միջեւ բանակցությունները դեռ շարունակվում են, մասնավորապես նախկին դաշնակցական, ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը դաշնակցական Արմեն Եղյանի հետ շարունակում է քննարկումները «Սասնա ծռեր» խմբի՝ արդեն կալանավորված անդամների հետ:

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին` պարզելու համար, թե ինչ բանակցությունների մասին է խոսքը:
-Պարո՛ն Իսագուլյան, տեղեկություններ կան, որ Դուք դաշնակցական Արմեն Եղյանի հետ բանակցություններ եք վարում «Սասնա ծռեր» խմբի արդեն կալանավորված անդամների հետ: Որքանով է նշված տեղեկությունը համապատասխանում իրականությանը, եւ ինչ բանակցությունների մասին է խոսքը:
-Անիմաստ է մեր իրականության պայմաններում թաքցնել, որ ես հանդիպում եմ Արմեն Եղյանի հետ: Մենք հանդիպում ենք, բայց ես այդպիսի հաճախականությամբ կամ գուցե ավելի հաճախ հանդիպում եմ հայաստանյան բոլոր քաղաքական գործիչներ հետ՝ Դավիթ Շահնազարյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Հրանտ Բագրատյանի, ցանկացած որեւէ մեկի հետ, բայց ասել, որ այդ հանդիպումները բանակցություններ են, եւ բանակցություններում ինչ-որ խնդիրներ են լուծվում, ճիշտ չէ:
-Նշեցիք, որ հանդիպումներ եք ունենում գրեթե բոլոր քաղաքական գործիչների հետ, իսկ նմանատիպ հանդիպումների շրջանակներում ի՞նչ թեմաներ եք քննարկում մասնավորապես դաշնակցական Արմեն Եղյանի հետ:
-Մենք զրուցում ենք տարբեր թեմաներով: Վերջերս երկու անգամ հանդիպել ենք, ես գնում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, խոստացել եմ, որ էլի կհանդիպեմ, բայց դա չի նշանակում, որ բանակցություններ են ընթանում «Սասնա ծռեր» զինված խմբի վերաբերյալ: Սրանք ուղղակի զրույցներ են, որ կարելի է ունենալ ցանկացած մեկի հետ, եւ չեմ կարծում, որ դրանք այս փուլի համար ճիշտ է վերնագրել որպես բանակցություններ: Մենք իրար վաղուց ճանաչում ենք, զրուցում ենք, եւ հարցեր կան, որ իսկապես պետք է քննարկել, պետք է այդ հարցերի վերաբերյալ ընդհանուր տեսակետներ լինեն: Ես նաեւ չեմ ուզում թաքցնել, որ այդ կարգի զրույցների մասին, բնականաբար, զեկուցում եմ իմ անմիջական ղեկավարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին, եթե անհրաժեշտություն կա՝ նաեւ այլ ընկերների կամ պետական կառույցների:
-Պարո՛ն Իսագուլյան, իսկ այդ քննարկումների առանցքում որքանո՞վ են առկա «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններն ու դրանց հետեւանքները:
-Ինչքան խնդիր ունի թե՛ Հայաստանը, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, կամ միջազգային արենայում ինչքան խնդիրներ կան, բնականաբար, մենք բոլոր խնդիրներին անդրադառնում ենք: Ինձ համար էլ է շատ ցանկալի իմանալ տարբեր կերպ մտածող մարդկանց տեսակետները այդ բոլոր խնդիրների վերաբերյալ: Այդ թվում, ինչու չէ, նաեւ այն, թե ինչու հանկարծ Հայաստանում նման դեպք տեղի ունեցավ, ինչքանով էր դա ճիշտ, սխալ, ինչ հետեւանքներ կարող է ունենալ թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար, եւ ոնց կարելի է անել, որ այդ խնդիրները լուծվեն այն ձեւով, այն որակով, որ մենք այսուհետ խուսափենք նման իրավիճակների առաջացումից:

 

 

 

 
ԻՆՉՈՒ ԵՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՏԵՂԵՐԸ ԹԱՓՈՒՐ

Համաձայն ԿԸՀ պաշտոնական կայքէջի տվյալների՝ սեպտեմբերի 18-ին Հայաստանի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում որոշ տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցությունը նշանակված անդամներ չունի, ինչը նշանակում է, որ այդ տեղերը մնում են թափուր:

Նկատենք, որ այս դեպքում այլ կուսակցություններ հնարավորություն կունենան թափուր մնացած տեղերում իրենց ներկայացուցիչներին նշանակել, մասնավորապես դա լրացուցիչ հնարավություն կընձեռի իշխանական ուժի համար, ինչը, բնականաբար, մտահոգությունների տեղիք է տալիս:
Ըստ ԿՀԸ պաշտոնական կայքէջի տվյալների՝ «Ժառանգություն» կուսակցությունը հանձնաժողովի անդամներ չի նշանակել Տավուշի մարզի Այրում քաղաքի 40 8 ընտրատեղամասում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի 14 1 ընտրատեղամասում եւ նույն մարզի Բերքառատ, Գեղարոտ, Եղիպատրուշ, Լեռնապար, Ծիլքար, Սադունց, Սիփան գյուղերի ընտրատեղամասերում:
Իհարկե, «Ժառանգություն» կուսակցությունն արդեն իսկ հայտարարել է, որ չի մասնակցելու առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, սակայն դա թերեւս չպետք է պատճառ լիներ այդ ընտրությունների անցկացման ընթացքի վերահսկողության լծակներից լիարժեքորեն չօգտվելու եւ այս հարցում ոչ բավարար հետեւողականության համար:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյան հետ` պարզելու համար, թե ինչն է պատճառը, որ նշված համայնքների ընտրական հանձնաժողովներում կուսակցությունը ներկայացուցիչներ չունի, եւ արդյոք «Ժառանգությանը» չի մտահոգում այն, որ այդ տեղերը իշխանությունը կարող է իր «ձեռքը վերցնել»:
Ի զարմանս մեզ, ԿԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը նշեց, որ թափուր տեղեր չունեն, եւ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Թափուր տեղեր չունենք: Սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններում ընտրատեղամասում նշանակված են «ժառանգություն» կուսակցության կողմից ընտրված ներկայացուցիչները, այնպես որ մեր ցուցակում ուրիշ մարդիկ չկան»,- հավաստիացրեց Անահիտ Հովհաննիսյանը:
Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր է` թափուր տեղերում իշխանությունը իր ներկայացուցիչներին նշանակի, Հովհաննիսյանն արձագանքեց. «Միայն մեր «Ժառանգության» կողմից նշանակված մարդիկ են, ուրիշ կուսակցության ներկայացուցիչներ չկան»:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՇՇԻ ՄԵԼՈՅԻ ՍՊԸ-ԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
«Սարանիստ» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանին` Շշի Մելոյին, տուգանվել է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի հուլիսի 27-ին «Սարանիստ» ՍՊԸ-ն «ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով հայտարարագրել է կվարցային եւ սիլիցիումային ավազներ, որոնց ավելացված արժեքի հարկի վճարումը նախատեսվել է մինչեւ 2016 թվականի հուլիսի 27-ը, սակայն ընկերության տնօրինությունը չի կատարել իր պարտավորությունը: Արդյունքում նշված ընկերության տնօրեն Հայկ Մանուկյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, եւ նա տուգանվել է ընդամենը 20 հազար դրամ:

 

 

ՏԱՐԱԾՔ՝ ԱՂԲԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 24.42 հա հողամասը կառավարությունը հետ կվերցնի «Հայանտառ» ՊՈԱԿ-ից եւ կամրացնի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Վերջինս էլ իր հերթին այն կնվիրի Երեւանի քաղաքապետարանին՝ նոր աղբավայր նախագծելու, կառուցելու եւ շահագործելու նպատակով: Խոսքը Նուբարաշենի աղբավայրը ընդլայնելու մասին է: Տարածքը ի սկզբանե չի նախագծվել եւ կառուցվել որեւէ ընդունված ստանդարտով որպես աղբավայր, այն չի համապատասխանում իր չափանիշներով միջազգային, բնապահպանական եւ սանիտարահիգիենիկ չափանիշներին: Դրա հետեւանքով առաջացել են մի շարք բնապահպանական, առողջապահական, անվտանգության եւ աղբավայրի շահագործման խնդիրներ: Այս խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կառուցել նոր աղբավայր: Հիշեցնենք, որ ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ նախորդ տարվա դեկտեմբերի 11-ին ստորագրվել է «Երեւանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագիրը:

 

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթից տեղեկացավ, որ ընթացիկ տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջեից բնակարանային շինարարության եւ կոմունալ ծառայությունների համար հատկացվել է 34 միլիարդ 355 միլիոն դրամ, որից արդեն հասցրել են ծախսել շուրջ 12 միլիարդ 181 միլիոնը: Նշված գումարի զգալի մասը` 23 միլիարդ 575 միլիոն դրամը, հատկացվել է ջրամատակարարման ֆինանսավորմանը, որից 9 միլիարդ 85 միլիոնն արդեն ծախսվել է: Բնակարանաշինարարության բյուջետային տողով հատկացված գումարից 2 միլիարդ 360 միլիոն դրամն էլ նախատեսվել է տրամադրել փողոցների լուսավորման համար: 7 միլիարդ 509 միլիոն դրամը հատկացվել է բնակարանային շինարարության ֆինանսավորման համար, սակայն այդ գումարի փոքր մասն է մինչ օրս ծախսվել` 1 միլիարդ 188 միլիոն դրամը:




Լրահոս