ՊԵՏԲՅՈՒՋԵՆ ԿՐԿԻՆ ԹԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա յոթ ամիսների արդյունքներով պետական բյուջեն թերակատարվել է: Այս փաստը պարզվում է ՀՀ ֆինանսների նախարարության՝ նախօրեին հրապարակած հաշվետվությունից, որում, սակայն, պետական բյուջեի թերակատարման փաստը հմտորեն փորձել են քողարկել:

Այսպես՝ յոթ ամիսների կտրվածքով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 633 միլիարդ 400 միլիոն դրամ, ինչը 2 միլիարդ 200 միլիոն դրամով պակաս է, քան անցած տարվա հունվար-հուլիսի նույն ցուցանիշը: Սա այն դեպքում, երբ յոթ ամիսների կտրվածքով պետական բյուջեի ծախսերը, անցած տարվա համեմատ, աճել են 18 միլիարդ 700 մլն դրամով եւ կազմել են 717 միլիարդ 200 մլն դրամ: Եթե որեւէ ընտանիքում նման երեւույթ նկատվեր, ապա ընտանիքի գլուխը միջոցներ կձեռնարկեր՝ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար, քանի որ վաստակածից ավել ծախսելը հանգեցնում է սնանկացման: Պետության տարբերությունը կայանում է նրանում, որ այն կարող է իրեն բյուջեի պակասուրդ թույլ տալ, բայց պարտադիր նախապայմաններից մեկն այն է, որ եկամուտներն անցած շրջանի համեմատ անպայման պետք է աճեն` ապահովելով տնտեսության վերելքը: Հենց այս վերջին` պարտադիր պայմանը, որ Հայաստանում սկսել է պարբերաբար խախտվել:
Ի դեպ, ուշագրավ է այն փաստը, որ ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվության համեմատ եկամուտների անկումը պայմանավորված է «այլ եկամուտների եւ պաշտոնական դրամաշնորհների նվազմամբ»: Իրականում, սակայն, հարկեր եւ տուրքերը եւս նվազել են, ինչը հմտորեն փորձ է արվում թաքցնել: Բանն այն է, որ անցած տարվա հուլիսի արդյունքներով Հայաստանի պետական բյուջե է մուտքագրվել 91 միլիարդ 549 միլիոն դրամի հարկեր եւ տուրքեր: Այս տարի նույն ամսին պետական բյուջեի եկամուտները հարկեր եւ տուրքերի գծով կազմել են 90 միլիարդ 106 միլիոն դրամ: Այսինքն՝ հարկեր եւ տուրքերը անցած տարվա հուլիսի համեմատ այս տարի 1 միլիարդ 440 միլիոն դրամով նվազել են: Բայց քանի որ անցած տարվա հետ համեմատած յոթ ամիսների ընդհանուր հարկեր եւ տուրքերը, այնուամենայնիվ, 9,7 միլիարդով ավել են, պաշտոնական վիճակագիրները նշել են, թե իբր հարկեր եւ տուրքերի գծով եկամուտների աճ է արձանագրվել:
Այս տարվա յոթ ամիսների արդյունքներով հարկեր եւ տուրքերից ավելացված արժեքի հարկը կազմել է 210.2 մլրդ դրամ: Այս ցուցանիշը անցած տարվա ցուցանիշից պակաս է 8.5%-ով կամ 19.5 մլրդ դրամով: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ հուլիսի ընթացքում ԱԱՀ-ի գծով ստացվող եկամուտների նվազման դինամիկան շարունակվել է: Բանն այն է, որ նախորդ հաշվետու ժամանակահատվածում, հունիսի արդյունքներով, անցած տարվա հետ համեմատած ԱԱՀ-ի թերակատարումը կազմում էր 15,2 միլիարդ: Ի դեպ, հատկապես նվազել է մաքսային սահմանին գանձվող ԱԱՀ-ն` 18.5% ով կամ 20.4 մլրդ դրամով: Սա նշանակում է, որ ներկրմամբ զբաղվող գործարարները իրենց հարկերը նվազեցնելու կոնկրետ տարբերակներ են սկսել կիրառել: Ըստ լուրերի՝ հայ գործարարները սկսել են իրենց ապրանքները եվրասիական տնտեսական միության տարածքով բերել Հայաստան, ինչի արդյունքում նրանք կարողանում են ավելի քիչ հարկ վճարել:
Շահութահարկի գծով պետական բյուջեի եկամուտները չնայած յոթ ամիսների կտրվածքով անցած տարվա համեմատ 11 միլիարդով ավել են եղել, սակայն մեկ ամսվա կտրվածքով շահութահարկի աճի դինամիկան նվազել է: Վեց ամիսների արդյունքներով շահութահարկի աճը անցած տարվա համեմատ եղել է 19,1 տոկոս, յոթ ամիսների արդյունքներով այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 16.6 տոկոսով: Հարկերից անցած տարվա համեմատ կտրուկ նվազել են նաեւ մաքսատուրքերը: Այս տարվա յոթ ամիսներին պետական բյուջե մուտք եղած մաքսատուրքերը կազմել են 30.1 մլրդ դրամ, ինչը անցած տարվանից 6.1 մլրդ դրամով կամ 16,8 տոկոսով պակաս է:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ այն կանխատեսումները, թե այս տարվա հուլիսը Հայաստանի տնտեսության համար անբարենպաստ ամիս է եղել, հաստատվում է նույնիսկ պաշտոնական թվերով: Ստեղծված իրավիճակում, սակայն, առավել կարեւոր է, թե առաջիկա ամիսները տնտեսության համար ինչպիսին են լինելու: Գործարարները մասնավոր զրույցներում փաստում են, որ չկա որեւէ գործոն, որի շնորհիվ իրենք ապագայի հետ կապված կարող են դրական ակնկալիքներ ունենալ: Մասնավորապես, նրանք փաստում են, որ ներդրումները` հատկապես օտարերկրյա, այդպես էլ շարունակում են զրոյական մնալ: Տեղացի գործարարները եւս շատ զգուշավոր են դարձել նոր ներդրումներ կատարելու հարցում` իրենց գումարները չվտանգելու մտայնությամբ: Ուստի նման պայմաններում բոլորը համոզված են, որ Հայաստանի տնտեսությունը չի կարողանա առաջընթաց ապահովել եւ ՀՀ գործող կառավարությունը լավագույն դեպքում կկարողանա ներկա վիճակը պահպանել` սրընթաց ավելացնելով Հայաստանի պետական պարտքը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՍԵՎԱՆՈՒՄ ԹԵԺ ԿԼԻՆԻ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում այս տարվա հոկտեմբերի 2-ին տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Երեկվա դրությամբ առաջադրված թեկնածուները երկուսն են՝ Սեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Գեւորգ Մալխասյանը եւ անկուսակցական Սարգիս Մուրադյանը, որը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալն է: Երկու թեկնածուներն էլ ինքնառաջադրվել են: Այս պահի դրությամբ Սեւանի գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը դեռ չի առաջադրվել: Սակայն վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ առաջադրվելու է: Նշենք նաեւ, որ առաջադրումների ժամկետի ավարտին դեռ երկու օր կա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ բացի նշված թեկնածուներից՝ քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է նաեւ Արա Սմբատյանը, նա եւս առաջիկայում կառաջադրվի: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները դեռ չեն կողմնորոշվել, թե ում թեկնածությունն են պաշտպանելու:

 

 

ՄԵԿՈՎ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
Սարի թաղում հուլիսի 20-ին մի խումբ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել, ինչ արդյունքում Սարի թաղի չորս բնակիչ` Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը կալանավորվել էին ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով: Նրանց գործով նախաքննությունն ավարտվել է ու ուղարկվել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Իսկ լրագրողներին ծեծելու գործով մեղադրյալների ինքնությունը ՀՔԾ-ն շարունակում է գաղտնի պահել: Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Սարի թաղում քաղաքացիական հագուստով անձանց կողմից մեր գործընկերները բռնությունների ենթարկվեցին:

 

 

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐՆ՝ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ
Սյունիքի մարզկենտրոն Կապանում հոկտեմբերի 2-ին տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Երեկվա դրությամբ քաղաքապետի թեկնածու են առաջադրվել ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը, ԲՀԿ անդամ Արթուր Մարտիրոսյանը եւ ՀՀԿ անդամ Աշոտ Հայրապետյանը: Սակայն առաջին երկուսը ոչ թե իրենց կուսակցությունների կողմից են առաջադրվել, այլ ինքնառաջադրվել են: «Ժողովուրդ»-ը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից փորձեց պարզել, թե ինչու իրենց կուսակցին կուսակցությունը չի առաջադրել: «Թույլ տվեք շատ փակագծեր չբացել, դա մեր մարտավարությունն է: Օրինակ՝ Աշտարակում այլ մարտավարություն ենք մշակել. անկուսակցական Արշալույս Մեջլումյանը առաջադրված է ԲՀԿ-ով: Մենք գիտենք՝ որ դեպքում որ տարբերակը շատ ավելի արդյունավետ կաշխատի»,- ասաց Զոհրաբյանը: ՀՅԴ Կապանի մարզային կառույցի ղեկավար Սասուն Մանուկյանն էլ իրենց կուսակցին չառաջադրելու մասով ասաց. «Արթուր Աթայանի փաստաթղթերի վերջնական հանձնումը եւ թեկնածուների գրանցումը տեւելու է մինչեւ սեպտեմբերի 7-ը: Սեպտեմբերի 7-ին կերեւա՝ ինքը կուսակցական առաջադրումով է, թե ոչ: Երեւանում, գերագույն մարմնում ստանալու են որոշումը, եւ կներկայացնենք ընտրական հանձնաժողով»:

 

 
ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
Երեկ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դիվանագետն իր կարեւոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացման եւ հայ-վրացական բարեկամության առավել ամրապնդման գործում: Գոհունակությամբ արձանագրելով, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են բարձր մակարդակի միջպետական շփումները՝ նա նշել է, որ Հայաստանում սիրով սպասում են Վրաստանի վարչապետի առաջիկա պաշտոնական այցին:

 

 

ԿԴԻՄԵՆ ՄԻԵԴ
Հունիսի 6-ին Ստեփանակերտի կենտրոնում՝ ԱԺ շենքի դիմաց, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին էին մոտեցել 7-8 հոգի զինվորական համազգեստով անձինք, ծեծելով նստեցրել մեքենան, տարել Ստեփանակերտի հարեւանությամբ գտնվող Խնածաղ գյուղը, որտեղ մոտ 20 հոգով շարունակել էին ծեծը: Ավելի ուշ ձերբակալվածներին առաջադրված առեւանգում մեղադրանքը մեղմացվել էր, եւ 4 քաղաքացիների առաջադրվել էր մեղադրանք խուլիգանություն կատարելու համար։ Նրանք, սակայն, Արցախի անկախության տոնի կապակցությամբ հայտարարված համաներումով ազատ են արձակվել: ArmLur.am-ի հետ զրույցում պատգամավոր Հայկ Խանումյանն ասել է. «Իմ գործով մեղադրյալներն արդեն ազատ են արձակված, եւ համապատասխան որոշումն ինձ է ուղարկվել»: Խանումյանի փաստաբան Հայկ Ալումյանն էլ նշել է, որ դիմելու են բոլոր ատյաններին, մինչեւ քրգործը կհասնի ՄԻԵԴ:

 

 

ՀԱՇՄԱՆԴԱՄ ՉԻ ԴԱՌՆԱ
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արամ Մանուկյանին նախօրեին վիրահատել են: Բժիշկ Միքայել Մանուկյանի խոսքով՝ եթե ամեն ինչ հարթ ընթանա, Արամը քայլելու հետ կապված խնդիրներ չի ունենա. «Նման վիրահատություններից հետո հաշմանդամություն չի նկատվում: Արամ Մանուկյանի մոտ դա չենք սպասում: Վիրահատությունն անցել է այնպես, ինչպես պլանավորել էինք, բոլոր բեկորները վերականգնվել են, մետաղական հարթակը ճիշտ տեղադրվել է, եւ դա նվազեցնում է ցանկացած հետագա բարդացում ու խնդիր»,- հավաստիացրել է նա՝ հավելելով, որ Արամ Մանուկյանը դեռեւս կմնա վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի կանխվեն հնարավոր բարդացումները, որից հետո կհայտնեն, թե ինչ հետագա բուժում անհրաժեշտ կլինի:

 

 

ԿԱՅՑԵԼԻ
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կգտնվի Գերմանիայում՝ մասնակցելու Պոտսդամում կայանալիք ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այնուհետեւ՝ սեպտեմբերի 2-3-ին կայցելի Բրատիսլավա՝ մասնակցելու Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

 

 

ԹՈՇԱԿԻ ԳՆԱՑ
Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի լիազորությունները դադարեցվել են: Նա գնացել է թոշակի:




Լրահոս