ԱՆՆԱԽԱԴԵՊ ԹԵՄԱ` ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՐԻԱԼՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ից «Շանթ» հեռուստաընկերությամբ կցուցադրվի նոր սերիալ, որը կոչվում է «Փոխնակ մայրը»: Բնօրինակ սցենարով բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի մտահղացումն ու սյուժեն Ռոման Մուշեղյանինն է (սցենարի համահեղինակ` Էդուարդ Զորիկյան), իսկ ռեժիսորը Արտյոմ Հարությունյանն է: Հեղինակների խոսքով` սերիալում արծարծվող թեմային հայ իրականության մեջ առաջին անգամ է նման ֆորմատով անդրադարձ կատարվում: «Ժողովուրդ»-ը հեռուստադիտողներին սպասվող զարգացումների եւ սերիալի շեշտադրումների մասին զրուցել է Ռոման Մուշեղյանի հետ:

-Ռոմա՛ն, սերիալի համար բավական նուրբ եւ զգայուն թեմա եք ընտրել: Պարտավորեցնող չէ՞ր դրան «մոտենալը»:
-Բնականաբար, այո, սակայն մեզ պետք էր նոր մի բան, որը չէր լինի հերթական հայկական սերիալային պատմություն: Սցենարը հիմնականում կառուցված է հետեւյալ թեմայի վրա` լինե՞լ փոխնակ մայր, թե՞ ոչ: Հերոսուհու համար կշեռքի մի նժարին դրված է այդ հարցը, մյուսին` ոչ պակաս կարեւոր մեկ այլ հարց: Հեռուստադիտողը պատկերացում կկազմի, թե ինչ ապրումներ կարող է ունենալ կինը, որը պատրաստվում է դառնալ փոխնակ մայր, եւ կինը, որը համաձայն է, որ իր զավակին կրի մեկ ուրիշը: Հիմնական սյուժետային գծին զուգահեռ սերիալում կարծարծվեն, առհասարակ, մայրական զգացումներին առնչվող թեմաներ, կներկայացվի, օրինակ, այն մոր զգացումները, որը կորցրել է զավակին, կամ այն զավակի ապրումները, որն ապրում է խորթ մոր մոտ` առանց այդ մասին իմանալու եւ այլն: Ի դեպ, նշեմ, որ նախկինում էլ ես անդրադարձել եմ մայրերի, ավելի կոնկրետ` զավակասպան մայրերի թեմային: Հանրությանը միշտ էլ հետաքրքրում է այն դրամատիկ հիմքը, որն ազդում է մարդու հուզական աշխարհի վրա:
-Փոխնակ մոր թեմային անդրադառնալուց առաջ բժիշկների, հոգեբանների մասնագիտական խորհրդատվությանը դիմե՞լ եք:
-Նման խորհրդակցություններ, այո, եղել են, հիմնականում` բժիշկների հետ: Հոգեբանների դեռ չենք դիմել, բայց եթե դրա կարիքը խիստ զգացվի, կգնանք նաեւ այդ քայլին:
-Իսկ հայ կանանց շրջանում փոխնակ մայրերի թվի վերաբերյալ որեւէ վիճակագրություն ուսումնասիրե՞լ եք:
-Ասեմ, որ ինքս ծանոթ եմ կանանց, որոնք դիմել են փոխնակ մոր օգնությանը, բայց որեւէ վիճակագրության ծանոթ չեմ, կարծում եմ` դրա կարիքը չկա: Թերեւս այս դեպքում սերիալի սյուժեն կհետաքրքրի ցանկացած կնոջ, որը կփորձի սեփական պրիզմայով անցկացնել իրադարձությունները` հասկանալու համար, թե ինքն ինչպես կվարվեր այս կամ այն պարագայում: Ի վերջո, սերիալն ունի գեղարվեստական հիմք, որտեղ ներկայացվում է մարդկային դրամա:
-Մայրությանն առնչվող թեմաներից զատ` սերիալում սյուժետային է՞լ ինչ գծեր կան:
-Հեռուստադիտողները ականատես կլինեն երկու ընկերների անցյալի մութ դրվագների, սիրային պատմությունների, խարդավանքների, եւ այլն: Սյուժեն հագեցած կլինի նաեւ դետեկտիվ տարրերով, եւ ամեն սերիա իրենով բացահայտում կլինի:
-Իսկ որքա՞ն կտեւի «Փոխնակ մայրը»: Կարծես թե հայ հեռուստադիտողը ձանձրացել է երկար ձգձգվող, «ծամծմվող» սերիալներից:
-Հստակ չեմ կարող ասել, բայց այն չի լինի Ձեր նշած սերիալներից մեկը:
Հավելենք, որ սերիալում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Մարինկա Խաչատրյանը: Դերասանական կազմում են նաեւ Տիգրան Ներսիսյանը, Անահիտ Քոչարյանը, Ելենա Բորիսենկոն, Հովակ Գալոյանը, Եվա Բաղդասարյանը, Լիա Զախարյանը, Հայկ Պետրոսյանը եւ այլք:

 

 

 
ԿՀԱՄԱԽՄԲՎԵՆ ՍԱՐՈՅԱՆԻ ՇՈՒՐՋ

Օգոստոսի 31-ին Թումանյանի անվան զբոսայգում կնշվի աշխարհահռչակ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 108-ամյակը: Այդ կապակցությամբ «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը կկազմակերպի միջոցառումների շարք, որը հնարավորություն կընձեռի միանգամայն այլ տեսանկյունից ծանոթանալու Սարոյանի կյանքին եւ գործունեությանը, բացահայտելու նրա կերպարը:

Միջոցառման շրջանակներում հիմնադրամը, մասնավորապես, կկազմակերպի առցանց ընթերցանություն, որին կմիանան մասնակիցներ տարբեր քաղաքներից, այդ թվում` Երեւանից, Գյումրիից, Կապանից, Չարենցավանից, Վանաձորից. «Ուշագրավ է, որ ընթերցանությանը մասնակցություն կունենան նաեւ Բեյրութի մեր հայրենակիցները: Մասնակիցները միմյանց շարունակելով` Սարոյան կկարդան»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մանրամասնեց «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի փիար պատասխանատու Մերի Մելքոնյանը:
Նրա փոխանցմամբ` միջոցառման ընթացքում կլինի նաեւ կինոցուցադրություն, որի շրջանակում կներկայացվեն Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմեր, հնարավոր է նաեւ գրողի` արժեքավոր հարցազրույցների հոլովակներ:
Ամռան վերջին օրը կայանալիք միջոցառմանը կանցկացվի նաեւ «Սարոյանը՝ իմ աչքերով» խորագիրը կրող նկարչական մրցույթ, որի նպատակն է հնարավորություն ընձեռել նկարչությամբ հետաքրքրված անձանց՝ պատկերելու իրենց պատկերացրած Սարոյանին: Նկարչական բոլոր անհրաժեշտ պարագաները մասնակիցներին կտրամադրվեն նախապես: Մրցույթի արդյունքները կամփոփվեն պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, մասնակիցներից առավել հաջողակները կպարգեւատրվեն Սարոյանին առնչվող սիմվոլիկ նվերներով:
Մ. Մելքոնյանը նաեւ տեղեկացրեց, որ հայտնիների` երեւանյան փողոցներում տարածում գտած դիմանկարներով գրաֆիտիների հեղինակ Ռոբերտ Նիկողոսյանը Սարոյանի ծննդյան օրը ներկաների աչքի առաջ կպատկերի գրողի դիմանկարը:
Հավելենք, որ միջոցառմանը կանցկացվեն նաեւ վիկտորինաներ, ցուցահանդես, կլինի Սարոյանի սիրած ուտեստների հյուրասիրություն:
Հիշեցնենք, որ «Ինտելեկտուալ Ռենեսանս»-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը մոտ մեկ տարի առաջ գնել էր Վիլյամ Սարոյանի՝ Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում գտնվող աճուրդի հանված տունը, որն առաջիկայում տուն-թանգարան կդառնա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԴԺՎԱՐ ԱՆՑՈՒՄ
Սեպտեմբերի 1-ին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ինստիտուտը Կինոարվեստի դպրոցի հետ համատեղ Լոս Անջելեսում կկազմակերպի ռեժիսոր Էրիկ Նազարյանի եւ սցենարիստ Նարե Մկրտչյանի` Հայոց ցեղասպանության մասին «Տան մյուս կողմը» ֆիլմի ցուցադրությունը:
Ինստիտուտի ղեկավար Սալփի Ղազարյանի խոսքով` ցեղասպանությունից փրկված հայերից շատերը, որոնք մնացել են Թուրքիայում, ձեռք են բերել նոր ինքնություն` երբեմն իրենց կամքով, իսկ հաճախ ոչ: «Նրանք թաքնված հայեր էին, գիտեին` ովքեր են իրենք, սակայն երբ ցեղասպանության սերունդը անհետացավ, երրորդ կամ չորրորդ սերունդները, որոնք աստիճանաբար բացահայտեցին իրենց արմատները, ցնցվում էին եւ պատրաստ չէին երրորդ ինքնության: Այս ֆիլմն անցումային այդ դժվար շրջանի մասին է»,- ասել է ինստիտուտի ղեկավարը:

 

 

ՈՉՆՉԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ
Սեբաստիայի հին հայկական եկեղեցին, որը գտնվում է ներկայիս Թուրքիայի Սըվազի շրջանում (պատմական Սեբաստիա)՝ «Նուրի Դեմիրդաղ» օդանավակայանի ճանապարհին, ոչնչացման եզրին է: Այս մասին գրում է Ստամբուլի հայ համայնքի թերթերից մեկը` «ՀայԹերթ»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ համայնքը եկեղեցու ավիրման եւ այն վերականգնելու անհրաժեշտության վերաբերյալ քանիցս ահազանգել է, սակայն ապարդյուն. այդ ուղղությամբ որեւէ գործնական քայլ չի արվել:
Նշենք, որ եկեղեցու հայկական անվանումը չի պահպանվել, սակայն հայտնի է, որ այն կառուցվել է 11-13-րդ դարերում:
 

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
ԱՄՆ-ում 83 տարեկան հասակում կյանից հեռացել է Ջին Ուայլդեր բեմական կեղծանվամբ (իրական անունը` Ջերոմ Սիլբերման) հայտնի հոլիվուդյան դերասանը: Այս մասին օգոստոսի 29-ին հայտնել է Associated Press-ը: Դերասանը մահացել է Ալցհեյմերի հիվանդության բարդացման պատճառով:
Նշենք, որ Ջին Ուայլդերը հանրության լայն զանգվածների շրջանում ճանաչված է իր կոմիկական դերերով: Նրա մասնակցությամբ ֆիլմերից առավել հայտնի են «Վիլլի Վոնկան եւ շոկոլադի գործարանը», «Երիտասարդ Ֆրանկեյնշտեյնը», «Բոցավառվող թամբերը»:




Լրահոս