«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս հինգշաբթի Մոսկվայում տեղի կունենա ԼՂՀ խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հերթական խորհրդակցությունը: Դրանից ակնհայտ կդառնա, թե երեկ տեղի ունեցած Վլադիմիր Պուտին-Բարաք Օբամա հանդիպման ժամանակ որքան նշանակություն է տրվել ԼՂՀ խնդրի կարգավորմանը: Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում՝ Չինաստանի Հանչժոու քաղաքում: Ու թեեւ մեծ քսանյակի շրջանակներում երբեւէ Արցախի հիմնահարցը չի քննարկվել, այնուամենայնիվ, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկված թեմաների շարքում հիշատակվում է իրավիճակը Սիրիայում եւ Ուկրաինայում:
Այս բացառությունը, թերեւս, պայմանավորված է այդ հակամարտությանը գերտերությունների անմիջական մասնակցությամբ, որոնք քսանյակում են: Իսկ ԼՂՀ խնդրին անդրադարձը գուցե ակնարկների մակարդակով հնչած լինի: Իսկ թե կոնկրետ ինչպիսի բովանդակությամբ, կպարզվի, երբ համանախագահողները մոսկովյան խորհրդակցությունից հետո հրապարակեն բանակցությունների առաջիկա շարունակության վերաբերյալ իրենց տեսլականը:
Նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից իր թվիթերյան էջում սեպտեմբերի 3-ին կատարած գրառումը՝ «Լեռնային Ղարաբաղի խաղաղությունը հնարավոր է», վկայում է, որ համանախագահողները ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները շարունակելու հստակ ծրագիր ունեն: Իսկ թե այն մեզ համար ինչ հեռանկարներ է խոստանում, պարզ կդառնա առաջիկա մեկ-երկու ամիսներին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: