«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր Ազգային անվտանգության ծառայության պրոֆեսիոնալիզմի մասին խոսակցություններն ավելի շուտ լեգենդներ են, քան իրականություն։ Եվ որքան էլ այս ծառայությունը սովետական կագեբեի ահասարսուռ իմիջի կրողը լինի եւ որքան էլ փակ գործի, որտեղից տեղեկատվությունը շատ նվազ դոզաներով է հասնում հանրությանը, սակայն որոշ հասարակական շերտեր եւ անձինք հասկանում են դա։ Առաջին անգամ ԱԱԾ ապաշնորհությանը հասարակությունը բախվեց Վանո Սիրադեղյանի գործով, ապա 2008-ի մարտի 1-ից հետո, երբ մեծ թվով մարդիկ հետախուզման մեջ էին, բայց ԱԱԾ-ն ոչ մի կերպ չէր կարողանում գտնել նրանց։
Դա հատկապես ակնառու էր Խաչատուր Սուքիասյանի եւ Նիկոլ Փաշինյանի դեպքերով։ Մանավանդ՝ Փաշինյանի, որն ամեն օր հոդվածներ էր հրապարակում իր «Հայկական ժամանակ» թերթում եւ անգամ վեպ գրեց ու հրապարակեց, բայց այդպես էլ 2 տարի ԱԱԾ-ն չկարողացավ նրան բռնել։ Այժմ գրեթե նույն պատմությունն է Հիմնադիր խորհրդարանի անդամ, «Սասնա ծռերի» աջակից, ըստ որոշ լուրերի՝ այդ գործողությունների նախապատրաստման մասնակից Գարեգին Չուգասզյանի դեպքում, որն ամբողջ օրը Ֆեյսբուքում է, հարցազրույցներ է տալիս տարբեր լրատվամիջոցների եւ անգամ հեռախոսազրույցներ ունենում, սակայն ԱԱԾ-ն ոչ մի կերպ չի կարողանում նրան գտնել։ Ընդ որում, ասում են, փնտրում են ամենայն ժրաջանությամբ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: