Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին 2016-ի հունվարին հայտարարել է, թե նախատեսվում է տարեկան Իրանից Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ: Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում:
ArmLur.am-ն իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ զրույցում փորձեց հասկանալ, որքանով կարող է սա դրական ազդել հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացման վրա. «Բնականաբար իր ազդեցությունը սա կարող է ունենալ, բայց պետք է նշեմ, որ դա գործիքներից մեկն է լինելու, քանի որ հայ-իրանական հարաբերություններն այսօր բավականին լավ վիճակում են գտնվում: Սա կարող է խորացնել արդեն իսկ մերձեցած հարաբերությունները, սակայն նշել, որ միայն դրա շնորհիվ էական շատ լուրջ փոփոխություն կլինի չենք կարող ասել»:
Իսկ այն հարցին, թե Իրան-Հայաստան հարաբերությունների մերձեցումը կարող է խոչընդոտվել Իրան-Ադրբեջան հարաբերությունների կոնտեքստում, թե ոչ իրանագետը պատասխանեց. «Մենք չենք կարող հարաբերությունները նժարը նժարին դնել, այստեղ մենք չենք կարող բարեկամական հարաբերությունները դնել նժարին շահերի հարաբերության հետ: Այսօր Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բավականին շահեկան առումով լավ վիճակում են գտնվում, բավականին լավ է առևտրաշրջանառությունը, գիտենք, որ երկաթգծի կառուցմամբ են զբաղվում: Նրանք այդ ամեն ինչը չեն պատրաստվում դնել հարվածի տակ բարեկամ Հայաստանի հետ: Այստեղ բարեկամ-հարազատ հարաբերություններ չկան էլ, կան շահեր, եթե այդ շահերը համընկնում են, ուրեմն լավ է, իսկ եթե չեն համընկնում՝ լավագույն բանը, որ կարող են անել չեզոքություն պահպանելն է»: