ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիմուր Ուրազաևին:
Նախարար Արամայիս Գրիգորյանը ողջունել և շնորհավորել է նորանշանակ դեսպանին` հույս հայտնելով, որ երկկողմ համագործակցությունը բնապահպանության ոլորտում մոտ ապագայում ակտիվ և սերտ բնույթ կկրի:
Դեսպան Թիմուր Ուրազաևն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար, նշել, որ կանի առավելագույնը հայ-ղազախական հարաբերությունների ընդլայնման և ակտիվացման ուղղությամբ:
Կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին» նախատեսվող հուշագրի ստորագրումը: Հուշագրի ստորագրման համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում:
Կողմերը հույս են հայտնել, որ հուշագրի ստորագրմամբ առավել լայն հնարավորություններ կստեղծվեն բնապահպանության ոլորտում ակտիվ փոխգործակցության, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման համար:
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով: