Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մասնագիտական օրվա առթիվ Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի փրկարարական վարչության 26 աշխատակցի։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով մասնագիտական պարտականությունները մշտապես պատասխանատվությամբ իրականացնելու համար՝ Դավիթ Օհանյանն ընդգծել է. «Բարձր գնահատելով ձեր դժվարին աշխատանքը՝ Երևանի քաղաքապետի կողմից մշտապես հատուկ ուշադրություն է դարձվում այս օղակին:
Նախարարության հետ համագործակցությամբ մենք այս տարի կարողացանք լուծել մայրաքաղաքի հրշեջ հիդրանտների հարցը և այսօր արդեն նախկինում գործվող 108 հիդրանտների փոխարեն ունենք 308-ը: Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստակամ է համագործակցված արդյունավետ ծրագրերի իրականացման հարցում: Իսկ մասնագիտական տոնի առթիվ ուզում եմ մաղթել, որ մասնագիտական ձեր հմտությունները, այնուամենայնիվ, կիրառեք միայն զորավարժությունների և ուսումնական վարժանքների ժամանակ»:
Մասնագիտական բարձր պատրաստակամության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների և արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա առթիվ ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 6 աշխատակից պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրով։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության երևանյան ստորաբաժանումների մի շարք աշխատակիցներ էլ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար արժանցել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրի: