«Շանթ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ կառավարությանը` գործարար ծրագրերի շրջանակներում ստեղծած նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարները շահութահարկի գումարներից նվազեցնելու համար: Կառավարության նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ Էկոնոմիկայի նախարարության որոշման համաձայն` առաջարկվում է մերժել նախագիծը:
Նշենք, որ ըստ նախագծի` «Շանթ» ՍՊԸ-ն նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը հեռահաղորդակցության և հանրային հեռուստատեսության ոլորտում, ներկրվելու են տեսահամակարգեր, սերվերային համակարգեր, կոմուտացիոն սարքավորումներ, լուսավորության սարքեր և այլ տեխնիկական միջոցներ, որի արդյունքում ընկերությունը նախատեսում է ստեղծել նոր աշխատատեղեր: Հենց այս մասով ընկերությունը դիմել էր, որպեսզի լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարները շահութահարկի գումարներից նվազեցնել: Սակայն, ըստ էկոնոմիկայի նախարարության, ընկերության դիմումին կից փաստաթղթերը թերի են և չեն համապատասխանում որոշմամբ սահմանված մի շարք պահանջներին:
Մեկ այլ որոշման նախագծով էլ առաջարկվում է բավարարել «Շանթ» ընկերության հայտը և կիրառել արտոնություն` ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ: