Հրանուշ Հակոբյանն ընդունեց Պորտուգալիայում գործող «Դելալյան Տրիո» համույթի երաժիշտներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Պորտուգալիայում գործող «Դելալյան Տրիո» համույթի երաժիշտներին:

Տրիոն հիմնադրվել է 1995թ. Լիսաբոնում հայ կոմպոզիտոր Հարություն Դելալյանի դուստրեր Նարինե և Մարինե Դելալյանների, ինչպես նաև ճանաչված թավջութակահար Լևոն Մուրադյանի կողմից։ Նարինե Դելալյանը նվագում է Լիսաբոնի Ազգային սիմֆոնիկ նվագախմբում, իսկ Լևոն Մուրադյանը՝ «Գյուլբենկյան» սիմֆոնիկ նվագախմբերում: Նրանք մշակութային լայնածավալ գործունեություն են իրականացնում նաև Հայաստանում՝ իրենց իսկ կողմից երկու տարի առաջ հիմնադրված «Հայրիկ Մուրադյան» մշակութային կենտրոնի շրջանակներում՝ ազգային երգ ու պար սովորեցնելով Հայաստանի տարբեր շրջաններում:

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց տրիոյի՝ միջազգային գործունեությունը: «Հայ արվեստագետի անձնագիրը հայ մշակույթն է: Ուրախ եմ, որ դուք աշխարհի տարբեր հեղինակավոր բեմերում հնչեցրել եք հայ երաժշտությունը, իսկ Պորտուգալիայում այն ճանաչելի ու սիրելի եք դարձրել»:

Նախարարը կարևորեց նաև խմբի՝ Հայրենիք պարբերական այցելությունները, կազմակերպած համերգները և շնորհավորեց երաժիշտներին՝ Հայաստանի և Արցախի 25-ամյակին նվիրած վերջին համերգային շրջագայության համար: Նա կոչ արեց համույթին մասնակցել ՀՀ սփյուռքի նախարարության մշակութային ծրագրերին, «Իմ Հայաստան» փառատոնին:

«Ձեր շարքերում է մեր տաղանդավոր երգիչ Հայրիկ Մուրադյանի որդին՝ Լևոնը, ով, համոզված եմ, իր ներդրումն է բերել տրիոյի կայացման և ստեղծագործական վերելքի գործում: Ընդամենը օրեր առաջ Երևանի փողոցներից մեկը վերանվանվեց մեր սիրելի Հայրիկ Մուրադյանի անունով», – նշեց նախարարը:

Հաշվի առնելով «Դելալյան Տրիո»-ի ներդրումը Սփյուռքում հայ երաժշտության տարածման գործում և այդ ոլորտում դրսևորած ստեղծագործական, կատարողական բարձր վարպետությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը համույթին պարգևատրեց  ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով։

Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկան Նարինե Դելալյանը և Լևոն Մուրադյանը: Նրանք նշեցին, որ պարգևատրումն իրենց համար անակնկալ էր ու նաև պարտավորեցնող՝ այսուհետ առավել լավ գործելու, հայ երաժշտությունը ներկայացնելու առումով: Երաժիշտները հավաստիացրին, որ սիրով կմասնակցեն նախարարության ծրագրերին և կանեն ամեն հնարավորը՝ Պորտուգալիայում ապրող հայության և Հայրենիքի միջև կամուրջը ամուր պահելու ուղղությամբ:




Լրահոս