Երեկ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջեւ մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին» համաձայնագիրը:
Նկատենք, որ այս համաձայնագիրը հնարավորություն է տալու վավեր դիվանագիտական կամ սովորական անձնագիր ունեցող ՀՀ եւ ՉԺՀ Մակաոյի քաղաքացիներին ազատվել Մակաոյի հատուկ վարչական տարածքի եւ ՀՀ՝ մուտքի, ելքի կամ տարանցման արտոնագրային պահանջներից:
Առաջին հայացքից այս համաձայնագիրը դրական հեռանակարներ կարող է բացել, խնդիրը, սակայն, այն է, որ Մակաոն հայտնի է որպես խաղատնային կենտրոն, ինչը մի շարք հարցերի տեղիք է տալիս:
Այս հանգամանքը անմիջապես ֆիքսվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների կողմից: «Մակաոյում ակնկալում են Հայաստանի խաղամոլ բարեկամներին էլ ներքաշել …. «Շանգրիլա»,-հեգնանքով ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Վերջինս Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե սա ենթադրո՞ւմ է արդյոք, որ ազատ մուտք ու ելք կլինի նաեւ Չինաստան: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը եւ հարակից զեկուցող Ալեքսանդր Արզումանյանը հստակեցրին, որ Չինաստան ազատ մուտք չի լինի: Քոչարյանի հիմնավորմամբ փոխադարձ համաձայնության են եկել. առաջարկվում է մուտքի եւ ելքի ազատ ռեժիմ, ըստ այդմ, քաղաքացիները 365 օրվա ընթացում մինչեւ 90 օր կարող են մնալ Մակաոյում, իսկ եթե ավելի երկար մնան, ուսման դեպքում եւ այլն, հարկավոր կլինի տալ այլ թույլտվություն: «Մեր քաղաքացին հնարավորություն կունենա առանց նախապես վիզա ստանալու Մակաոյից ավելի դյուրին վիզա ստանալ դեպի Չինաստան»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Թե որն է նման ուշագրավ համաձայնագրի կնքման իրական պատճառն, ու այն ինչ կարող է տալ, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանից:
«Ընդհանրապես կարեւոր է, որ հայկական անձնագիրը առավելագույնս մուտքեր ստանա աշխարհի տարբեր երկրներ, եւ եթե զուտ այդ առումով մոտենանք խնդրին, ապա հրաշալի է: Բայց Մակաոն երկիր չէ: Դա չինական մինի ինքնավարություն է, որը բացի խաղային ոլորտից` այլ հետաքրքրություն իրենից չի ներկայացնում: Եթե անգամ խոսք գնար նույն Չինաստանի մեկ այլ, ասենք, Հոնկ Կոնգի ինքնավարության մասին, ապա կարելի կլիներ դա հասկանալ: Հոնկ Կոնգը տնտեսական խոշորագույն խաչմերուկ է` հսկայական միջազգային կարեւորությամբ»,- նկատեց քաղաքագետը:
Մարտիրոսյանի խոսքով՝ Մակաոյի կարեւորությունը նույնքան է, որքան, ասենք, Ատլանտիկ Սիթիինը եւ շատ ավելի պակաս, քան Լաս Վեգասինը: «Հայաստանի համար անհրաժեշտություն է ողջ Չինաստանի հետ ոչ վիզային ռեժիմ հաստատելը թե՛ տնտեսական եւ թե՛ զբոսաշրջային առումով: Չին տուրիստները ամենատարբեր երկրներում միլիոնավոր դոլարներ են թողնում: Մինչդեռ Մակաոյում միլիոններ են թողնում դրսից եկածները: Եվ այստեղ հարց է ծագում. Մակաոյից ո՞վ պետք է գա Հայաստան` միլիոններ թողնելու եւ առավել հետաքրքիր հարց է հետեւում. իսկ ո՞վքեր պետք է Հայաստանից Մակաո գնան` միլիոններ թողնելու, որ հենց Մակաոյի հետ է վիզային ռեժիմը հանվում»,-հարցադրում արեց քաղաքագետը:
Արփինե Թովմասյան