Համահայկական հանրահավաք սեպտեմբերի 17-ին` ի պաշտպանություն «Սասնա Ծռեր»-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժման նախաձեռնությամբ, որին միացել են սփյուռքյան բազմաթիվ համայնքներ և կազմակերպություններ, 2016թ. սեպտեմբերի 17-ին աշխարհի տարբեր քաղաքներում կազմակերպվում է բողոքի և համերաշխության ցույցեր։
Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժումը վերստին հաստատում է իր աջակցությունը Սասնա Ծռերին և իր մասնակցությունը Սասնա Ծռերի մեկնարկած ազատագրական պայքարին:

Ցույցերի պահանջները հետևյալն են՝

1. Անհապաղ ազատ արձակել ՀՀ-ում բոլոր անօրինաբար ձերբակալվածներին ու քաղբանտարկյալներին, անմիջապես դադարեցնել դաժան հետապնդումները նրանց ընտանիքների և համախոհների նկատմամբ։

2. Արցախը ներառյալ ազատագրված տարածքները հայ ժողովրդի և Հայաստանի անքակտելի մասն են կազմում: Դադարեցնել Արցախի կարգավիճակի շուրջ տարվող ապազգային գործընթացները՝ թե արտաքին բանակցային և թե ներքին քարոզչական, և քայլեր ձեռնարկել Արցախի և ազատագրված տարածքների դե յուրե միացումը իրականացնելու ուղղությամբ:

3. Պահանջում ենք Սերժ Սարգսյանի և ողջ իշխանությունների հրաժարականը։ Դեռևս ազատության մեջ մնացած և պայքարող գործիչներին հորդորում ենք իշխանությունների հեռացման գործընթացին զուգահեռ արագորեն լծվել ժամանակավոր անցումային կառավարության ստեղծման և դրան հետևող օրինական ընտրությունների կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում իրավական կարգերի հաստատման գործին։

4. Անհապաղ դադարեցնել Հայաստանի Հանրապետության անկախությունը ոչնչացնող, Հայաստանը օտար տերության գաղութի վերածող արտաքին քաղաքականությունը:

Մենք խոստանում ենք մեր ողջ ներուժը նվիրաբերել սույն անհետաձգելի նպատակների իրականացման գործին։ Սասնա Ծռերի շարժումը սատարելու նպատակով սեպտեմբերի 17-ին նախատեսում ենք աշխարհի տարբեր քաղաքներում իրականացնել համերաշխության ցույցեր: Արդեն իսկ հետևյալ 10 քաղաքներն ընդգրկված են՝

ԱՄՆ – Լոս Անջելես
ԱՄՆ – Նյու Յորք
ԱՄՆ – Բոստոն
ԱՄՆ – Բոյսի (Այդահոի նահանգ)
Ֆրանսիա – Փարիզ
Ֆրանսիա – Լիոն
Գերմանիա – Քյոլն
Իսպանիա – Բարսելոնա
Իտալիա – Ֆլորենսիա
Ռուսաստան – Մոսկվա

Կոչ ենք անում այլ քաղաքների միանալ և սատարել Սասնա Ծռերի սկսած շարժումը: Հետադարձ կապի և համերաշխության ցույցերի համակարգման նպատակով օգտվեք հետևյալ էջից http://www.armenianrenaissance.org/contact-us/:

Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպություն

Ծանոթագրություն՝ Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպությունը ոչ մի առնչություն չունի Հայաստանում գործող նույնանուն կուսակցության հետ




Լրահոս