Օրերս Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցած Հայկական ազգային կինոակադեմիայի հերթական նիստի ժամանակ կինոակադեմիայի անդամների փակ քվեարկության արդյունքում որոշվեց Սարիկ Անդրեասյանի` 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի մասին պատմող «Երկրաշարժ» ֆիլմը ներկայացնել «Օսկարի»:
Ըստ կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանի` շատ կարեւոր է, որ Հայաստանը ֆիլմ ներկայացնի «Օսկարի» նման հեղինակավոր մրցանակաբաշխությանը: «Մենք երեք ֆիլմի հայտ ենք ստացել: Հայաստանի համար սա աննախադեպ երեւույթ է, քանի որ քիչ կինոնկարներ են նկարահանվում եւ ներկայացվում»,- նշել է նա:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Երկրաշարժ» ֆիլմի դերակատարներից մեկի` Սոս Ջանիբեկյանի հետ: Նրա խոսքով` այն հանգամանքը, որ Հայաստանն «Օսկար»-ի «Լավագույն օտարալեզու կինոնկար» անվանակարգի համար հայտավորել է «Երկրաշարժ»-ը, ողջունելի է, բայց ինքը ֆիլմից ավելի մեծ սպասելիքներ ունի:
«Շնորհավորում եմ ֆիլմի ողջ անձնակազմին, մասնավորապես` Սարիկ Անդրեասյանին, ուրախ եմ, որ իմ դերակատարումն ունեմ «Երկրաշարժ»-ում, բայց ես ակնկալում եմ, որ այն կնոմինացվի «Օսկար»-ի, քանի որ ֆիլմը մասշտաբային է, ունի մեծ բյուջե, դերասանական լուրջ կազմ (գլխավոր դերակատարը Կոնստանտին Լավրոնենկոն է, ով Կաննի կինոփառատոնում արժանացել է մրցանակի` տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում (2007) -հեղ.): Եթե ես լինեի ուսանող, եւ այս ֆիլմն էլ նկարահանված լիներ ուսանողների կողմից, «Երկրաշարժ»-ի հայտավորվելու փաստը շատ ուրախալի կլիներ, բայց քանի որ հայկական կինոինդուստրիայի նկատմամբ իմ պահանջներն աստիճանաբար մեծանում են, այդ փաստը հաճելի է, բայց ուրախալի չէ»,-մեկնաբանեց Սոսը:
Վերջինս «Երկրաշարժ»-ում կերտել է բացասական կերպար` մեկը այն խարդախներից, որոնք աղետից տուժածներից ոսկեղեն եւ թանկարժեք իրեր էին գողանում: Ի դեպ, Սոսը հանդես է եկել նաեւ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, որը «Օսկար»-ի հավակնորդ երեք ֆիլմերից էր` Հայաստանից (Վերոնշյալ նիստի ընթացքում քվեարկության երկրորդ փուլում 24 կինոակադեմիկոսներից 6-ը քվեարկել էր «Վերջին բնակիչը» կինոնկարի օգտին-հեղ.): «Այս ֆիլմից եւս մեծ սպասելիքներ ունեմ: Նման մեծամասշտաբ նախագծերում հանդես գալն ինձ համար պատախանատու քայլ է եւ կարեւոր իրադարձություն»,-նշեց դերասանը:
Նա նկատեց, որ եթե կարողանանք ստեղծել կինեմատոգրաֆիական այնպիսի արժեք, որը կնոմինացվի «Օսկար»-ի, կներկայացվի Կաննում եւ ստվերում մնացած այլ փառատոների շրջանակներում, որոնք իր համար ավելի արժեքավոր են, եթե կարողանանք արտադրել այնպիսի ֆիլմ, որի միջոցով ամբողջ աշխարհը կճանաչի մեր կինոլեզուն, մեր դերասաններին եւ որը կկառուցի կամուրջ մեր եւ համաշխարհային կինոաշխարհի միջեւ, այդ փաստն իր համար կլինի իսկապես ուրախալի:
«Նայում եմ մեր հարեւան ադրբեջանցիների, պարսիկների նկարահանած ֆիլմերը, որոնք «պարկերով» ներկայացվում են փառատոնների, եւ հասկանում, որ դրանք, իսկապես, արժեք ներկայացնող արվեստի գործեր են: Վշտանում եմ, որ մենք չունենք այդպիսի կինոարտադրություն, քանի որ չունենք ֆինանսներ եւ դիսցիպլինա նկարահանման տաղավարում: Մեր գրիչն ու գումարը իրար հետ ընկերություն չեն անում: Ամենուր կոմերցիոն նախագծեր են, որոնց սիրով մասնակցում եմ նաեւ ես, բայց, ցավոք, դրանք են այսօր գերակշռողը: Կցանկանայի, որ այդ նախագծերին զուգահեռ ստեղծվեին նաեւ գեղարվեստական մեծ արժեք ներկայացնող գործեր, որոնք կհամապատասխանեին համաշխարհային կինոյի պահանջներին»,-շեշտեց դերասանը:
Աննա Բաբաջանյան