ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ այս տարվա ընթացքում Հայաստանում առեւտրի շրջանառությունը շարունակաբար նվազել է, սակայն առավել կարեւորը ոչ թե առեւտրի շրջանառության ծավալների անկման փաստն է, այլ դրա բուն պատճառները:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախօրեին հրապարակած հաշվետվության համաձայն՝ առեւտրի շրջանառությունն անցած տարվա համեմատ այս տարվա յոթ ամիսներին նվազել է 37 միլիարդ 332 միլիոն դրամով: Այդ ցուցանիշն արձանագրվել է կոնկրետ մանրածախ առեւտրի շրջանառության ծավալների անկման արդյունքում, քանի որ մեծածախ առեւտուրը եւ ավտոմեքենաների առեւտուրը անցած տարվա համեմատ աճել են: Մանրածախ առեւտուրն այս տարվա յոթ ամիսների արդյունքներով նվազել է 55 միլիարդ 47 միլիոն դրամի չափով: Սա իր հերթին նշանակում է, որ առեւտրաշրջանառության անկման պատճառը Հայաստանի բնակչության գնողունակության նվազումն է: Այլ կերպ ասած՝ Հայաստանի ընդհանուր բնակչությունը զգալի աղքատացել է եւ նախկինի համեմատ ավելի քիչ ապրանք է գնում: Ի դեպ, 2014 թվականի յոթ ամիսների հետ համեմատած Հայաստանի բնակչության գնողունակությունը նվազել է 71 միլիարդ 674 միլիոն դրամի չափով:
Պաշտոնական վիճակագիրների ներկայացրած տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիսին Հայաստանում բացվել է 28 նոր աշխատատեղ: Եթե այս թիվը վերաբերեր որեւէ գյուղի կամ անգամ ավանի, ապա այդ ցուցանիշը կարելի էր բավարար համարել: Բայց խնդիրը մի ամբողջ պետության մասին է, որը ըստ պաշտոնական վիճակագրության՝ 18,5 տոկոս, կամ նույնն է, թե 243 հազարից ավել գործազուրկ ունի: Ի դեպ, հուլիսին փակված աշխատատեղերի վիճակագրությունը չի հրապարակվում, բայց հայտնի է, որ այս տարվա վեց ամիսների արդյունքներով միայն արդյունաբերության ոլորտում աշխատողների թիվը նվազել է մոտ հազարով: Այլ կերպ ասած՝ ընթացիկ տարում միայն արդյունաբերության ոլորտում ամսական Հայաստանում փակվել է ավելի քան 160 աշխատատեղ:
Հատկանշական է, որ ընդհանուր արդյունաբերության ոլորտում, ըստ պաշտոնական վիճակագրության յոթ ամիսների արդյունքների, 7,9 տոկոսի աճ է արձանագրվել, որը հիմնականում պայմանավորված է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի եւ ծխախոտի արտադրության ծավալների աճով: Փոխարենը էլէներգիայի արտադրությունն այս տարվա յոթ ամիսներին, անցած տարվա հետ համեմատած, նվազել է 5,5 տոկոսով: Իսկ էլէներգիայի արտադրության ծավալը տնտեսությունում տիրող վիճակի ամենաառաջնային ցուցիչն է:
Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ ընթացիկ տարվա յոթ ամիսներին, անցած տարվա հետ համեմատած, 35,7 տոկոսով նվազել է ցեմենտի արտադրությունը: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանում այս տարի շինարարության ծավալները շատ ավելի կտրուկ են նվազել, քան դա պաշտոնական վիճակագրությամբ է ներկայացվում: Ըստ ԱՎԾ-ի՝ շինարարության ծավալները ընթացիկ տարվա յոթ ամիսներին նվազել են 7,6 տոկոսով: Ի դեպ, ուղիղ կտրվածքով տուֆի արտադրությունը Հայաստանում ընթացիկ տարում, անցած տարվա հետ համեմատած, նվազել է 38,4 տոկոսով: Ինչպես հայտնի է՝ տուֆը Հայաստանում օգտագործվող հիմնական շինանյութերից է, եւ վերջինիս արտադրության ծավալների նման կտրուկ անկումը վկայում է ուղղակի շինարարության բացակայության մասին: Օրինակ՝ գաջի դեպքում, որի արտադրության ծավալները նվազել են 57 տոկոսով, կարող են ասել, թե բնակարանների հարդարման մեջ Հայաստանում սկսել են այլ նյութեր օգտագործել, դրա համար է այդպես, եւ այս պնդումը դժվար կլինի հերքել կամ հաստատել:
Ինչ վերաբերում է արտահանման ցուցանիշներին, ապա ինչպես հայտնի է՝ այս տարվա սկզբից արտահանման ծավալների աճ էր արձանագրվել: Այս երեւույթը բացատրվում է նրանով, որ անցած տարի դեպի ԱՊՀ երկրներ, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստան, շատ չնչին ապրանք էր արտահանվում, ինչն այս տարեսկզբից շտկվեց: Այլ կերպ ասած՝ երբ որեւէ ոլորտում մեռյալ վիճակ է տիրում, այդտեղ նույնիսկ ամենաչնչին տեղաշարժը կարող է ներկայացվել իբրեւ հարյուր կամ հազար տոկոսի աճ: Արտահանման տվյալների հետ կապված ամենամտահոգիչն այն է, որ այս տարվա հուլիսի արդյունքներով հունիսի նկատմամբ 3,3 տոկոսի անկում է արձանագրվել: Արդյոք այս երեւույթը ընդամենը տվյալ ամսվան է բնորոշ, թե սա արտահանման ծավալների անկման նոր դինամիկայի դրսեւորում է, պարզ կդառնա առաջիկայում, երբ պաշտոնական վիճակագիրները կհրապարակեն օգոստոսի պաշտոնական տվյալները:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԿԱՐԿԱՌՈՒՆ ՀՀԿ-ԱԿԱՆ
Հոկտեմբերի 2-ին Վանաձորում տեղի ունենալիք ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է Մամիկոն Ասլանյանը, որը այժմ ՀՀ արդարադատության նախարարության Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական տարածքի նոտարն է: Վերջինս մինչ շարքային նոտար դառնալը եղել է ՀՀ նոտարական պալատի նախագահը, ասել է, թե նոտարների նոտարը: Սակայն 2014 թվականից ազատվել է այդ պաշտոնից: «Ժողովուրդ»-ը փորձեց Մամիկոն Ասլանյանից պարզել, թե ինչու է ինքն ազատվել զբաղեցրած պաշտոնից, արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, որ իրեն ազատել են, քանի որ բոլոր ծրագրերը տապալել է: Սակայն Ասլանյանը մեր հարցերին պատասխանելուց հրաժարվեց՝ առաջարկելով դիմել արդարադատության նախարարություն: «Արդարադատության նախարարություն դիմեք, ինձ ինչու եք դիմում: Ես զբաղված եմ, չեմ կարող զրուցել»,- պատասխանեց Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածուն:

 

 

ԲԱ ԹԱՄԱԴԱՆ ՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ որոշում է ստորագրել «Էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումների կազմակերպման վերաբերյալ: Ըստ այդմ, Երեւանի հիմնադրման 2798-ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումները կանցկացվեն հոկտեմբերի 8-ին: Վարչապետի որոշմամբ` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հանձնարարվել է աջակցել մշակութային միջոցառումների իրականացմանը: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանն էլ միջոցառումների անցկացման վայրերում պետք է ապահովի էլներգիայի անխափան մատակարարումը: Իսկ, ահա, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ միջոցառումների ընթացքում պետք է ապահովեն մասնակիցների անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը:

 

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արձանագրված հանցագործությունների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, էապես աճել է: Այսպես՝ այս տարվա հունվար-հուլիսին գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է 10 հազար 649, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 9 հազար 829: Նկատենք, որ հիմնականում աճել են առանձնապես ծանր եւ միջին ծանրության հանցագործությունների թվերը: Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա յոթ ամիսներին արձանագրվել է սպանության 45 դեպք, սա այն դեպքում, երբ անցած տարի նույն ժամանակահատվածում գրանցված է եղել սպանության ընդամենը 29 դեպք:

 

 
ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆ
Սերժ Սարգսյանն օգոստոսի 31-ին հյուրընկալել է հանրակրթական դպրոցների` միջազգային մրցույթներում հաղթած եւ օլիմպիադաներում մեդալների արժանացած աշակերտներին: «Սա շատերի համար առաջին ձեռքբերումն է, բայց վստահ եղեք, որ ձեր շնորհիվ, ձեր եւ այն երիտասարդների ակտիվ մասնակցությամբ, ովքեր այս տարիների ընթացքում հրավիրվել են այս դահլիճ՝ խրախուսանքի եւ մեծարման խոսքեր լսելու, կառուցելու ենք ապագա Հայաստանի պատմությունը: Ես վստահ եմ, որ դա անելու եք` օգտագործելով ավագ սերնդի փորձը եւ մեր նախնիների` գիտելիքի եւ կրթության նկատմամբ հավերժական ձգտումը»,- ասել է Սարգսյանը:

 

 

ԿԽՈՐՀՐԴԱԿՑԵՆ
ՌԴ ԱԳՆ-ում սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով պլանային խորհրդակցություններ կանցկացվեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահը կմասնակցեն ՌԴ ԱԳՆ-ում կայանալիք հանդիպմանը»,- նշել է Զախարովան՝ հավելելով, որ հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն կհատկացվի համաձայնությունների իրականացման ընթացքին, որոնք ձեռք են բերվել մայիսի 16-ին Վիեննայում եւ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում: «Միջոցառման հիմնական նպատակը ջանքերի կոորդինացումն է»,-ընդգծել է Զախարովան:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Օգոստոսի 31-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Քննարկվել են ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված վերջին զարգացումները, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակին:




Լրահոս