Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում կազմակերպված բախումների ժամանակ, որի ընթացքում քրեական տարրերը ոստիկանության աջակցությամբ ծեծուջարդի ենթարկեցին լրագրողներին, հետաքրքիր ընթացք է ստանում: «Ժողովուրդ»-ի թղթակիցը օրերս նկատել է, թե ինչպես է հատուկ քննչական ծառայության շենք մուտք գործում ՀՀ փոխոստիկանապետ, ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը:
Տեղեկացնենք, որ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետեւանքով ենթադրաբար տուժել են 99 քաղաքացիներ, որոնցից 23-ը լրագրողներ են. «2016 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ հիշյալ քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել են 74 քաղաքացիներ, 63-ը ճանաչվել են տուժող, իսկ 11 անձինք հարցաքննվել են որպես վկա: Մնացած 25 անձանց հայտնաբերելու համար հետաքննության մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ»:
Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ 47 անձինք ստացել են բեկորային վնասվածքներ, 36-ը` ենթարկվել են ֆիզիկական բռնության, 5-ի մոտ հայտնաբերվել են այրվածքներ. «Նախաքննության այս փուլում քրեական հետապնդում է իրականացվում արդեն 6 անձանց նկատմամբ: Նրանցից 4-ին մեղադրանք է առաջադրվել խմբով խուլիգանություն կատարելու եւ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, վերջիններիս նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»:
Սարի թաղում տեղի ունեցած աղմկալի դեպքերից անցել է 1 ամիս, սակայն ՀՔԾ-ն նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ դեռեւս չի հրապարակում, թե ովքեր են այն քաղաքացիները, որոնք միջամտել են լրագրողների մասնագիտական աշխատանքին եւ խուլիգանություն կատարել, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս: Քննչական այդ մարմինը բավարարվում է միայն հաղորդագրությունների մեջ ինչ-որ տառեր հրապարակելով որպես մեղադրյալների անուն-ազգանունների սկզբնատառեր:
Ու այս իրավիճակում բավականին հետաքրքիր էր, որ օգոստոսի 8-ից մինչեւ սեպտեմբերի 6-ը ՀՀ վարչապետի որոշմամբ մեկամսյա արձակուրդի մեկնած ՀՀ փոխոստիկանապետ, ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը օգոստոսի 20-ին հետ կանչվեց դեռ մեկ ամիսը չլրացած: Ըստ ամենայնի, բավականին կարեւոր գործ էր եղել, որ ՀՀ փոխոստիկանապետը շտապ վերադարձավ այդքան սպասված արձակուրդից: Իհարկե, պաշտոնապես ՀՀ ոստիկանությունը հայտարարեց, որ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով է հետ կանչվել փոխոստիկանապետը, սակայն ինչպես ցույց են տալիս զարգացումները, ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի վերադարձը կապված էր հուլիսի 29 լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների քննության հետ:
«Ժողովուրդ»-ի թղթակիցը օրեր առաջ նկատել է, թե ինչպես է ՀՀ փոխոստիկանապետը մտնում հատուկ քննչական ծառայության շենք, որտեղ քննվում են հուլիսի 17-ից մինչեւ հուլիսի 29 լույս 30-ի գիշերը ոստիկանների կողմից քաղաքացիների, ինչպես նաեւ լրագրողների նկատմամբ իրականացված բռնության դրսեւորումները: Չի բացառվում, որ Լեւոն Երանոսյանին հրավիրել են նաեւ որպես կարեւորագույն վկա, քանի որ Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ցուցարարների ու լրագրողների նկատմամբ կատարված բռնությունները տեղի էին ունենում Լեւոն Երանոսյանի ներկայությամբ, ով նաեւ հայհոյախառն արտահայտություններ էր անում:
Ավելին՝ այս գործընթացից անմասն չէր մնացել նաեւ նրա եղբայրը՝ ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը: Սարի թաղում կազմակերպված բախումների ժամանակ, որի ընթացքում քրեական տարրերը ոստիկանության աջակցությամբ ծեծուջարդի ենթարկեցին լրագրողներին, ոստիկանության գործող անձանցից մեկը Լեւոն Երանոսյանի եղբայրն էր:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել էր մեր ունեցած տեղեկությունն այն մասին, որ լուսաձայնային նռնակը ձեռքին երեւացողը Լեռնիկ Երանոսյանն Է՝ փոխոստիկանապետի եղբայրը: Այս հրապարակումից կարճ ժամանակ անց՝ օգոստոսի 5-ին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հեռացրեց Լեռնիկ Երանոսյանին աշխատանքից:
Տեղի ունեցած զարգացումները դեռեւս հույս են ներշնչում, որ հատուկ քննչական ծառայությունն այս անգամ իր առջեւ խնդիր է դրել չնայել, թե ով կամ ովքեր են կանգնած լրագրողների աշխատանքը խոչընդոտելու գործընթացի թիկունքում, եւ պատասխանատվության է կանչում բոլորին: Իսկ թե ինչ կտա Լեւոն Երանոսյանին հարցաքննության հրավիրելը, արդյո՞ք նա կդառնա մեղադրյալ, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՐՏԱԳԱՂԹ ՉԻ ԵՂԵԼ
Չնայած ապրիլյան ռազմական գործողություններին ու որոշ լուրերի՝ պարզվում է, որ Արցախում առաջին դասարան հաճախող երեխաների թիվը նորմայի սահմաններում է 2010թ. ծնունդների համեմատ:
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունից, այս տարի առաջին դասարան է հաճախելու շուրջ 2,600 աշակերտ, իսկ 2013 թվականին այդ թիվը 2,232 էր, 2014 թվականին՝ 2,329, 2015 թվականին՝ 2,724: Նշենք, որ նախորդ տարվա ռեկորդային թիվը պայմանավորված է «Մեծ հարսանիքի» հաջորդ տարում (2009թ.) ծնված երեխաների աննախադեպ քանակով:
Մեր տեղեկություններով՝ վերջին տարիներին հիմնական զանգվածային արտագաղթը գրանցվել է թալիշցիների մոտ, որոնց մի մասը հեռացել է Հայաստանի Հանրապետություն կամ Ռուսաստան: Դրա հետեւանքով Արցախից դուրս է եկել առավելագույնը 15 երեխա, ովքեր այս տարի պետք է առաջին անգամ մտնեին դպրոց: Բայց չի բացառվում, որ հեռացածների մի մասը դեռեւս կվերադառնա Արցախ:
Այսպիսով համադրելով վերջին տարիների ծնունդների ու առաջին դասարան հաճախողների թվերը՝ կարող ենք պնդել, որ Արցախում արտագաղթի միտում գրեթե չկա, նույնիսկ ապրիլյան ռազմական գործողություններից հետո:
Հիշեցնենք, որ ըստ վիճակագրության՝ վերջին 8 տարում Արցախում ծնունդների թիվը կտրուկ աճել է նախորդ 8 տարիների համեմատ շուրջ 20 տոկոսով, ինչը նշանակում է, որ առաջիկա տարիներին եւս առաջին դասարանցիների քանակը զգալիորեն բարձր է լինելու:
ՈՐՈՇՈՒՄԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է
Օգոստոսի 29-ին Սյունիքի մարզպետի հարազատների մասնակցությամբ ծեծի գործով պետք է հրապարակվեր դատավճիռ, սակայն ինչպես նկատում ենք՝ դատարանը չի շտապում մարզպետի հարազատների ազատազրկման որոշումը հրապարակել:
Հիշեցնենք, որ 2015 մայիսի 2-ին մարզպետի մտերիմները ծեծի էին ենթարկել Գորիս քաղաքի բնակիչներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյաններին: Արդյունքում, դատարանի առաջ կանգնեցին Սուրիկ Խաչատրյանի մտերիմները` Յուրի Մանուչարյանը, Դերենիկ Հակոբյանը, Շահում Դավթյանը, վերջինիս եղբայր Սեյրան Խաչատրյանը, նրա որդին՝ Էյներ Խաչատրյանը, Մայիս Խաչատրյանը:
Նշենք, որ գործով մեղադրող դատախազը պահանջել է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը ամբաստանյալներ Շահում Դավթյանին, մարզպետի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին` Աղլարին, նրա որդուն` Էյներ Խաչատրյանին ազատազրկման դատապարտեն 1,5 տարով, Մայիս Խաչատրյանին եւ Դերենիկ Հակոբյանին՝ 2,5 տարով, իսկ, ահա, Յուրի Մանուչարյանին` 5,5 տարով:
Տեսնենք, թե դատավորն ինչ որոշում կկայացնի:
ԸՆԴԱՄԵՆԸ 99 ՏՈՒԺՈ՞Ղ
ՀՔԾ-ն երեկ տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետեւանքով ենթադրաբար տուժել է 99 քաղաքացի, 23-ը՝ լրագրող:
2016 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ հիշյալ քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել է 74 քաղաքացի, 63-ը ճանաչվել է տուժող, իսկ 11 անձ հարցաքննվել է որպես վկա: Մնացած 25 անձանց հայտնաբերելու համար հետաքննության մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Հարցաքննվել է նաեւ զանգվածային տարբեր լրատվամիջոցների 23 լրագրողներից 21-ը: Նրանցից 19-ը ճանաչվել է տուժող, 2-ը հարցաքննվել է որպես վկա, իսկ 2-ը հրաժարվել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին:
Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ 47 անձ ստացել է բեկորային վնասվածք, 36-ը ենթարկվել է ֆիզիկական բռնության, 5-ի մոտ հայտնաբերվել են այրվածքներ: Քրեական գործի նախաքննության ընթացքում հնարավոր է եղել պարզել վնասված կամ հափշտակված լրագրողական տեխնիկայի նախնական ցանկը:
ՀԵՌԱՑՎԵԼ Է
ԲՀԿ-ի կողմից Արարատի մարզի Մասիս քաղաքում առաջադրված թեկնածուն` Կարապետ Օհանյանը, երեկ ինքնաբացարկ է ներկայացրել: Նախորդ ողջ օրը Կ. Օհանյանն անհետ կորած է եղել: Ուշ երեկոյան արդեն ԲՀԿ-ականը հայտնվել է եւ հայտնել, որ հանդիպել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուի` Դավիթ Համբարձումյանի հետ: Վերջինս իրեն առաջարկել է ինքնաբացարկ հայտնել` դրա դիմաց յուղոտ պաշտոններ առաջարկելով: Նախ նա հայտնել է, որ փոքր որդուն, ըստ պայմանավորվածության, կտրվի Մասիսի փոխքաղաքապետի պաշտոնը, իսկ իրեն «կտեղավորեն» ավելի բարձր դիրքերում: Ավելին՝ Դավիթ Համբարձումյանը հայտնել է, որ այս ամենն «առաջինի մակարդակով» ճշտված եւ համաձայնեցված է: Առաջին ասելով նկատի է ունեցել Սերժ Սարգսյանին:
Քաղաքապետի թեկնածուն էլ, ըստ երեւույթին, գայթակղությանը չդիմանալով` նույն օրը, առանց կուսակիցների հետ խորհրդակցելու, ընդունել է առաջարկը: Արդյունքում նա հեռացվել է ԲՀԿ-ից:
ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը երեկ մասնակցել է Մոսկվայում ՀԱՊԿ քարտուղարությունում կայացած «Մինչ 2020թ. ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համար զինվորական կադրերի համատեղ պատրաստման համակարգի զարգացման հայեցակարգի մասին» ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի համաձայնեցման խորհրդատվական աշխատանքներին: