ԻՆՉ ՆԱԽԱԳԾԵՐ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ից մեկնարկելու է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը: «Ժողովուրդ»-ն ԱԺ պատգամավորներից հետաքրքվեց` ինչպես են պատրաստվում նստաշրջանին եւ ինչպիսի նախաձեռնություններով են մտադիր հանդես գալ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան
-Պարո՛ն Մելքումյան, օրենսդրական ի՞նչ նոր նախագծեր եք պատրաստվում ներկայացնել ԱԺ առաջիկա քառօրյային:
-Իհարկե, մենք պատրաստվում ենք նախագծեր ներկայացնել: Ես երկու օրենքի նախագիծ եմ պատրաստել` Գյումրի քաղաքում ձեռնարկատիրության պետական աջակցության եւ «Նաիրիտ» գործարանի գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին: Նաեւ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման շեմը բարձրացնելու մասին: Այսինքն՝ երեք նախագիծ մենք հստակ ունենք, որ պատրաստվում ենք դնել շրջանառության մեջ: Բացի դրանից՝ առաջիկայում կբերեն ընտրական օրենսգրքի հետ կապված փոփոխությունները, մեր վերաբերմունքը կասենք: Մի խոսքով, լուրջ, ծավալուն աշխատանք է սպասվում:

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյան
-Պարո՛ն Մարուքյան, շուրջ 10 օրից մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան: Դուք ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով եք պատրաստվում հանդես գալ:
-Մի անգամ ես Գալուստ Սահակյանին ասացի, որ նախագծեր ունեմ, որոնք տարիներով մնացել են, եւ Ազգային ժողովին շատ կարճ ժամանակ է մնացել, այսինքն՝ մեր մանդատը ավարտվելու է, բայց դրանք մնացել են, օրենք չեն դառնում, չնայած այն հանգամանքին, որ կա դրական եզրակացություն: Հիմա ես պետք է աշխատեմ, որ այդ նախագծերն առաջին հերթին ընդունվեն, ոչ թե նոր նախաձեռնություններով հանդես գամ: Դրանք, ըստ էության, կյանքի չեն կոչվում` եղած հանրապետական մեծամասնության պատճառով: Ավելին՝ մի քանի օր առաջ հարկային օրենսգրքի վերաբերյալ 9 էջից բաղկացած իմ առաջարկներն եմ ուղարկել, որն էլի նախաձեռնություն է: Դրանց մեջ հատկապես կարեւորում եմ նախեւառաջ եկամտային հարկը ոչ թե բարձրացնելուն, այլ իջեցնելուն ուղղված քայլերը:

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյան
-Պարո՛ն Մարգարյան, ԱԺ աշնանային նստաշրջանին ինչպե՞ս եք պատրաստվում:
-Բոլոր նստաշրջանների յուրաքանչյուր քառօրյային մենք ունեցել ենք բազմաթիվ օրենքի նախագծեր, այս քառօրյայում նույնպես ունենք: Կառանձնացնեմ մեկը. այս քառօրյայում քննարկման առարկա է դառնալու Գյումրի քաղաքին հարկային արտոնություններ տալու մասին իմ կողմից հեղինակված օրենքի նախագիծը: Պետք է տաքսիստները, ուսուցիչները, ովքեր տանն են աշխատում, ազատվեն արտոնագրային վճարներից, շրջանառության հարկից ազատվեն փոքր ու միջին ձեռներեցները, նրանք, ովքեր առեւտրով են զբաղվում: Շինարարական մրցույթներին պետք է նախապատվություն տրվի, «Շիրակ» օդանավակայանը համարվի ազատ տնտեսական գոտի:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյան
-Պարո՛ն Պողոսյան, առաջիկա քառօրյային ի՞նչ նախաձեռնություններով եք պատրաստվում հանդես գալ:
-Սոցիալական, կրթական ոլորտի մի քանի նախաձեռնություններ եմ արել, որոնք կառավարությունը մասամբ մերժել է: Քննարկումները ցույց կտան, թե ինչ ճակատագրի կարժանանան այս նախագծերը: Օրինակ՝ մեկ նախաձեռնություն էի արել, որ բոլոր վիրավոր զինծառայողներին պետք է համապատասխան սոցիալական ծառայություն մատուցեն, սակայն մերժում եմ ստացել: Գլխավորն այն չէ, որ իմ նախաձեռնությունը անցնի, այլ այն, որ այդ գաղափարը կյանքի կոչվի:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայան
-Տիկի՛ն Եսայան, սեպտեմբերի 13-ին մեկնարկող ԱԺ աշնանային քառօրյային ինչպե՞ս եք պատրաստվում:
-Այս նստաշրջանի ընթացքում շատ կարեւոր օրենքի նախագծեր ունենք քննարկելու: Կարծում եմ՝ շատ արդյունավետ, դրական իմաստով լարված, տքնաջան քառօրյա է սպասվում: Ինքս այս շրջանում օրենքի նախագծի հեղինակ չեմ. գիտեք մեզ մոտ ինչպես է. կառավարությունն է հիմնականում լինում հեղինակը կամ պատգամավորների մի խումբ, այս փուլում որեւէ օրենքի նախագծի համահեղինակ չեմ:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան
-Պարո՛ն Վարդանյան, առաջիկա նստաշրջանում ի՞նչ օրենքի նախագիծ եք պատրաստվում ներկայացնել:
-Նստաշրջանին պատրաստվում ենք ինչպես բոլոր նստաշրջաններին: Դեռ կոնկրետ նախաձեռնություն չկա շրջանառության մեջ դրված:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան
-Պարո՛ն Մանուկյան, պատրաստվո՞ւմ եք որեւէ օրենքի նախագիծ ներկայացնել ԱԺ նոր նստաշրջանում:
-Բոլոր նախաձեռնությունները կքննարկենք հինգշաբթի օրը` խմբակցության նիստի ժամանակ:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 
ԱԽԹԱԼԱՅՈՒՄ ՀԱԿ-Ի ԱՆԴԱՄԸ ԿՊԱՅՔԱՐԻ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ

Լոռու մարզի Ախթալա քաղաքում եւս հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ կկայանան: Արդեն իսկ առաջադրվել է քաղաքապետի երեք թեկնածու՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանը, նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանն ու ՀԱԿ անդամ Սասուն Վարդումյանը:

Մեզ հետ զրույցում Սասուն Վարդումյանն ասաց, որ չնայած ինքաառաջադրվել է, սակայն կուսակցությունը Ախթալայի ՏԻՄ ընտրություններում իրեն է սատարելու: Ըստ Վարդումյանի՝ ՀՀԿ-ականների հետ մրցակցությունից ինքը չի վախենում եւ իր շանսերն էլ պակաս չի գնահատում: Նշենք, որ Սասուն Վարդումյանը Ախթալա համայնքի գործող ավագանու անդամ է, Ախթալայի լեռնահարստացման գործարանի նախկին աշխատակից, ում տասնյակ աշխատակիցների հետ ազատել էին աշխատանքից՝ բողոքի ցույցեր իրականացնելու եւ բավարար աշխատանքային պայմաններ պահանջելու համար:
ՀԱԿ-ի աջակցության հետ կապված էլ Վարդումյանը նշեց.«Քննարկում է եղել կուսակցության վարչությունում՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, վարչության անդամներն ու ղեկավար կազմը որոշել են, որ սատարելու են ինձ՝ իրենց ողջ ռեսուրսներն օգտագործելով»,-ասաց նա: Մեր հարցին, թե արդյոք այս անգամ էլ գործող քաղաքապետի եղբայր Վազգեն Խաչիկյանը չի փորձի ճաղերից այն կողմ միջամտել ընտրություններին, քաղաքապետի թեկնածուն հետեւյալ պատասխանը տվեց.«Ես չեմ կարծում, թե ճաղերից այն կողմ որեւէ մեկը կարող է միջամտել»:
Ավագանու անդամից փորձեցինք լսել նաեւ գործող քաղաքապետի՝ անցած տարիներին կատարած աշխատանքների գնահատականը.«Ես բացասական գնահատական կտամ, քանի որ առաջին հերթին Ախթալայում համաչափ զարգացում չկա, բյուջեն էլ սխալ է տնօրինվում, այդ պատճառով էլ ես ամեն տարի բյուջեի հաստատմանը դեմ եմ քվեարկում»,-եզրափակեց թեկնածուն:
«Ժողովուրդը» կապ հաստատեց նաեւ Ախթալայի ներկայիս քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հետ՝ պարզելու համար, թե ում է մրցակից համարում, ինչ աշխատանքներ է կիսատ թողել իր պաշտոնավարման ընթացքում ու ինչու է կրկին որոշել քաղաքապետ դառնալ: Վերջինս պատասխանեց, որ բոլորին էլ մրցակից է համարում, իսկ մնացած հարցերին չցանկացավ պատասխանել՝ առաջարկելով դրանք գրավոր ուղղել:

Լ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 

 
ՔԻՉ ՀԱՑ ԵՆՔ ՍՊԱՌՈՒՄ
Հացը Հայաստանի համար առաջին անհրաժեշտության այն սննդատեսակն է, որի սպառման անկումը նույնիսկ գնողունակության նվազման հետ չի կարող կապվել: Եթե Հայաստանում հաց քիչ է արտադրվում, դա ուղղակի նշանակում է, որ սպառողներն են պակասել, այսինքն՝ արտագաղթի հետեւանք է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները նվազել են 2.3 տոկոսով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա յոթ ամիսների ընթացքում արտադրվել է 164 հազար 100 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել էր 168 հազար տոննա հաց:

 

 

ՉՕԳՆԵՑԻՆ
ՀՀ արդարադատության նախարարությունում քննարկել են Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի մոր` Սաթենիկ Պողոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հասցեագրված դիմումը, որով նա խնդրել է իրեն աջակցել՝ որդու ազատ արձակմանը հասնելու հարցում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տիկին Սաթենիկն ասաց, որ արդարադատության նախարարությունից իրեն գրավոր պատասխանել են, թե իր կողմից բարձրացված հարցն իրենց իրավասություններից դուրս է, եւ, ըստ էության, իրեն չեն կարող օգնել:
Ի դեպ, արդարադատության նախարարի միջնորդությամբ արդարադատության խորհուրդը օրերս քննարկել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցը, սակայն որոշման բովանդակությունը դեռեւս չի հրապարակվել: Արդարադատության խորհուրդն այսօր եւս նիստ է գումարելու, որի օրակարգում կրկին դատավորների կարգապահական տույժերի ենթարկելու հարցեր պետք է քննարկվեն:

 

 

«ԱՐՏՖՈՒԴ»-Ը ՊԱՐՏՎԵԼ Է
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Լոկատոր» ՓԲԸ-ն դեռ 2015 թվականի հուլիսին դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ««Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ից ի օգուտ իրենց գանձել 6 միլիոն 225 հազար դրամ: Պարզվում է՝ երկու ընկերությունները պայմանագրային հարաբերություններ են ունեցել: Սակայն հետագայում տարաձայնություններ են ի հայտ եկել, եւ նրանց գործընկերային հարաբերությունները խզվել են: Արդյունքում «Լոկատոր» ՓԲԸ-ն դիմել է դատարան: Գործով նախագահող դատավոր Ելենա Քոչարյանը 2016-ի մայիսին վճռել է բավարարել «Լոկատոր» ՓԲԸ-ի պահանջը եւ «Արտֆուդ»-ից հօգուտ հայցվորի բռնագանձել 6 միլիոն 225 հազար դրամը:
Հիշեցնենք, որ «Արտֆուդ»-ը պատկանում է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքներին (ընկերության հիմնադիրներն են Ս. Կարապետյանի որդի Վաչագանը եւ Հ. Աբրահամյանի որդի Արգամը):




Լրահոս