ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՈՇՏ ՔԱՅԼԵՐ ԿԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը 2016թ. օլիմպիական խաղերի ընթացքի եւ առաջացած հարցերի շուրջ զրուցեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ:

-Պարո՛ն Ղազարյան, 2016թ. օլիմպիական խաղերի ընթացքում բավականին լուրջ խնդիրներ առաք քաշվեցին, մասնավորապես ծանրորդ Աղասի Աղասյանը հայտարարել էր, եթե ինքը մեկներ օլիմպիական խաղերին, ապա լավ արդյունք կտար, սակայն նրա փոխարեն ՀԱՕԿ փոխնախագահ Հոկսեն Միրզոյանի որդին` Առաքել Միրզոյանը մեկնեց, որը չկարողացավ բարձրացնել ծանրաձողը: Ըստ ծանրորդի՝ ոլորտում անարդարություն է: Ե՞րբ են սպորտում արմատախիլ արվելու ծանոթ-բարեկամ դրսեւորումները:
-Նախ ծիծաղելի է, ուղղակի չի կարելի այդպես ասել, որ սխալ է եղել, ով է գնացել, ով չի գնացել: Որոշում կա, կոնկրետ կան մարզաձեւեր, վարկանիշեր, թե ով իրավունք ունի մասնակցելու օլիմպիական խաղերին` ոչ անհատական, այլ թիմային: Ինչ վերաբերում է Առաքել Միրզոյանին, ապա որոշումը կայացրել է ֆեդերացիան, ներկայացրել է Հայաստանի ազգային օլիմպիական խորհրդին, եւ որոշումը կայացվել է: Մնացած բոլորը բամբասանքներ են:
-Վստա՞հ եք, որ ծանոթ-բարեկամ սկզբունքը չի գործում:
-Բացարձակ: Իսկ ով ասեց, որ Աղասի Աղասյանը ավելի ուժեղ է, քան Առաքել Միրզոյանը:
-Ծանրորդը ինքն է անարդարության մասին բարձրաձայնել:
-Դուք էլ կարող եք նման բան գրել, որ Դուք եք ավելի ուժեղը:
-Այսինքն` անհիմն հայտարարությո՞ւն է արել:
-Ձեզ հավաստիացնում եմ, որ սպորտում նման բան չկա:
-Հրապարակել էինք, որ ՀԱՕԿ փոխնախագահի՝ Դերենիկ Գաբրիելյանի որդին` Արմեն Գաբրիելյանը, Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն է: Հայրը գնացել, դարձել Է ՀԱՕԿ փոխնախագահ, որդուն տվել է իր պաշտոնը:Մի՞թե այս երեւույթը ծանոթ- բարեկամի կոնկրետ դրսեւորում չէ:
-Դա Դուք եք այդպես ասում:
-Ո՛չ, իրավիճակն է այդպիսին, քոլեջի տնօրենը նախկինում հայրն էր, հետո որդին դարձավ:
-Իրավիճակը այդպես չէ, Դուք տեղյակ չեք: Արմենը Գաբրիելյան ունի աշխատանքային փորձ, 5 տարի է, ինչ ղեկավարում է քոլեջը, իր աշխատանքից մենք գոհ ենք, եւ քոլեջը զարգանում է: Նա եղել է հեծանվային դպրոցի տնօրեն: Ինչու այս 5 տարվա ընթացքում ոչ մեկ չհիշեց, նոր եք հիշում: Ինքը գնացել է, հավաստագիր ստացել, քննությունը հանձնել է եւ վերընտրվել:
-Եթե ծանոթ-բարեկամով տնօրեն չունենանք, մի՞գուցե ավելի լավ արդյունք ունենանք սպորտում:
-Եթե լիներ, խնդիր չկա, եթե լիներ, ես այստեղ խնդիր չեմ տեսնում:
-Այսինքն՝ այլընտրանք չունեք, դրա համար բարեկամների՞ն եք նշանակում:
-Բացարձակ, բացարձակ, հասկանում եք, երեւի հանրության մոտ սխալ կարծիք է ձեւավորվում, որ սպորտում հարցերը լուծվում են բարեկամ, ընկեր եւ այլն, եւ այլն: Ո՛չ, չկա նման բան, եւ այն սկզբունքորեն վերացված է, եթե կա զարգացման ուղղի, եթե Գաբրիելյան Արմենը կարողանում է այդ ուղին զարգացնել: Չգիտեմ, տեղյակ եք, թե ոչ, ինչ ծավալի աշխատանքներ են արվել, չէ որ դա աշխատանք է: Ինչո՞ւ դրա մասին չենք խոսում: Խոսում ենք՝ ՀԱՕԿ փոխնախագահի որդին է, այո՛, նա ինչ ծնվել է, դա է տեսել, հիմա որ ինքն է լավ կատարում, ասեմ՝ վատ է կատարո՞ւմ: Մեկ ուրիշը թող ավելի լավը լիներ, ինքը կացներ:
-Միգուցե չեն թողնո՞ւմ, որ այլ մարդիկ դիմեն տնօրենի պաշտոնի համար:
-Ո՛չ, չկա, ուղղակի խոսակցություններ են, այդ խոսակցություններին մի՛ հավատացեք: Ինքս եմ դեմ այդպիսի բաներին:
-Տեսակետ կա, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մոտ լոբբինգ են անում եւ իրենց երեխաներին առաջ են տանում:
-Չէ՛, դա իսկականից արդեն ծիծաղելի է:
-Պարո՛ն նախարար, օլիմպիական խաղերի ընթացքում հրապարակային պարզվեց, թե ինչ պայմաններում են ապրում մեր մարզիկները: Մասնավորապես Գոռ Մինասյանի սոցիալական պայմանները խիստ մտահոգիչ էին: Երբ համեմատում ենք ՀԱՕԿ չինովնիկների ապրելակերպի հետ, բնականաբար հարց է առաջնում՝ որտեղից է գալիս անարդարության ակունքը:
-Նախ ասեմ, որ իրենց պետության կողմից տրամադրվել էր գումար, որպեսզի կարողանան բնակարան գնել, իրենք են որոշել, որ բնակարան չգնեն եւ պետության կողմից տրամադրված գումարը ծախսեն այլ տեղ, դա իրենց խնդիրն է: Իսկ ինչ վերաբերում է տան հետ կապված, մենք էլ տեղյակ չէինք, ճիշտ ասած: Գյումրեցու թասիբը եւ Գոռ Մինասյանի այդ տղամարդկությունը այնքան է, որ ինքը չէր նեղվում իր այդ վիճակից: Այդպես վատ պայմաններ չէր, ես ինքս էլ եմ գնացել, տեսել, այն վիճակը չէր, ինչ ներկայացրել էին, այլ բաներ էին տարածել, որպեսզի գրգռեն, չի կարելի այդպիսի բան անել: Ինչքան ես գիտեմ, ՀԱՕԿ նախագահը իրեն տուն է գնելու մոտակա ժամանակներում (երեկ՝ ուշ երեկոյան, հայտնի դարձավ, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 4 սենյականոց բնակարան է նվիրել ծանրորդ Գոռ Մինասյանին-հեղ.): Իրականում Ձեզ ասեմ, որ մենք մեր մարզիկների նկատմամբ, նկատի ունեմ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը որպես ներկայացուցիչ կառավարությունում, թե ՀԱՕԿ-ը, ուշադիր ենք: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մի մարզիկ դժգոհի, ինչ հանրային բում կլինի:
-Միգուցե չեն բողոքում. գիտեն, որ ծանոթ-բարեկամի գործոնը ավելի ուժեղ է, եւ հետո բողոքեն էլ, բան չի փոխվի:
-Իրենք չեն բողոքում, եթե փոքր խնդիր էլ ունենում են, գալիս, դիմում են, եւ մենք բոլորս, չկրկնվեմ, տարբեր օղակներով ամեն ինչ անում ենք՝ իրենց օգնելու համար:
-Միայն սոցիալական պայմաններ չէին: Անմխիթար վիճակում է գտնվում Գյումրիում հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը: Որտե՞ղ են ծախսվում պետբյուջեից փոխանցված գումարները:
-Ուրեմն կառավարության կողմից կա հաստատված ծրագիր, վերանորոգման հիմնանորոգման, մարզադպրոցների մասին է խոսքը, եւ 9 մարզադպրոց հանձնվել է, ընթացքի մեջ է: Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի հայտը ներկայացված է, եւ 2017 թվականին այդ շինարարությունը սկսվելու է:
-Ռիոյի օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտի ժամանակ մրցավարական բացահայտ կողմնակալության պատճառով մեր մարզիկը զրկվեց ոսկե մեդալից: Ինչո՞ւ մեր պետությունը բողոք չի ներկայացնում կողմնակալ մրցավարների դեմ եւ չի պաշտպանում մեր մարզիկին:
-Ի՞նչ է նշանակում չի պաշտպանում:
-Ի՞նչ եք արել, որ մրցավարները ակնհայտ կողմնակալ վարք դրսեւորեցին:
-Այո՛, ես համամիտ եմ, ընդ որում, դա մեր աչքի առջեւ է եղել, գիտեք, յուրաքանչյուր ոլորտում լինում են անարդարություններ, սպորտում էլ է լինում: Ու չեմ ուզում նման կարծիք ստեղծվի, որ լինելով Ռիոյում՝ սպորտային ղեկավարությունը ոչ մի բան չարեց:
-Կոնկրետ ի՞նչ արեց:
-Ես չեմ կարող հիմա բացել բոլոր չակերտները եւ ասել, պետք չէ:
-Գոնե որոշակի բաներ ասեք, հասկանաք. ինչ-որ բան արվե՞լ է, թե՞ ընդամենը խոսում եք:
-Ձեզ ասեմ՝ ընդհանրապես, երբ որոշումը կայացվում է, յուրաքանչյուր մարզաձեւում հետ ուժ չունի, բացառվում է, որ օլիմպիական մեդալը ուրիշ մարզիկից վերցնեն եւ տան մեզ: Մենք կհասնենք նրան, որ որակազրկեն մրցավարներին եւ այլն, եւ այլն:
-Վստա՞հ եք, որ կհասնենք:
-Բնական է, ես կարծում եմ, որ կլինի, բայց դա ոսկին հետ չի բերի:
-Դա հասկանալի է, գոնե հասնենք նրան, որ մրցավարները այսուհետ հաշվի նստեն մեզ հետ, եւ մեր մարզիկները պաշտպանված լինեն:
-Հայտարարում եմ՝ մեր մարզիկը պետության կողմից պաշտպանված անձ է, դա հավաստի ասում եմ:
-Գոնե հասկանանք՝ միջազգային այդ մրցավարների հարցով պատրաստվո՞ւմ եք ինչ-որ գործողություններ անել, թե՞ արդեն ուշացել եք:
-Այստեղ ուշացման հարցը չէ, բացարձակ: Գիտեք, օլիմպիական խաղերը ՀԱՕԿ-ի միջոցառումներն են, թիմը եկել է, շուտով խորհրդակցություն կարվի, եւ մեր քայլերը շատ հստակ կլինեն ու շատ կոշտ:
Ավելի մանրամասն՝ ArmLur.am կայքում

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄ
Օգոստոսի 1-ին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Մարգահովիտ գյուղի մոտակայքում, տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 10 DD 017 համարանիշի եւ ՎԱԶ 21 099 մակնիշի 34 MS 925 համարանիշի ավտոմեքենաները: Երեք հոգի մահացել էին, երկուսը՝ տեղափոխվել հիվանդանոց: Ըստ շրջանառվող լուրերի՝ «Տոյոտայի» ղեկին եղել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբայրը՝ Վանաձորի Տարոնի բաժնի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը, որը, սակայն, ասել էր, թե վթարի հետ կապ չունի:
Այդ դեպքում ո՞վ է եղել մեքենայի ղեկին. այս հարցի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ ՀՀ քննչական կոմիտեից: Այս կառույցից պաշտոնապես հայտնեցին. «ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է 3 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ այդմ, 2016թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, միմյանց են բախվել «Տոյոտա Պրադո» մակնիշի եւ հանդիպակաց ուղղությամբ ընթացող «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ 1993թ. ծնված Ա. Մարանդյանը, 1995թ. ծնված Է. Խուդինյանը եւ 1993թ. ծնված Դ. Սարգսյանը մահացել են, իսկ 1994թ. ծնված Մ. Պողոսյանը, 1993թ. ծնված Ա. Գեւորգյանը եւ 1992թ. ծնված Ս. Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Տեղեկացնում ենք, որ 2016թ. օգոստոսի 1-ին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ավագյանը վարույթն իրականացնող մարմնի կողմից հարցաքննվել է: Նրանից վերցվել են արյան նմուշներ, առգրավվել է հագուստը, ստուգվել սթափությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված ավտոմեքենաներում հիշյալ անձանցից բացի, այլ անձինք չեն եղել: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն, կատարվել է դեպքի վայրի եւ տրանսպորտային միջոցների զննություն»:
Այսպիսով՝ պարզեցինք, որ նշված օրը վթարված մեքենայի ղեկին եղել է ոմն Ա. Ավագյան: Բայց միաժամանակ հարկ է նկատել, որ պաշտոնական հաղորդագրության մեջ մեկ տող անգամ չկար վարորդի կալանավորման մասին:
Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին սիրված դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ Եղվարդ-Երեւան ճանապարհին ավտովթար էր տեղի ունեցել, ինչի արդյունքում մահացել էին երկու անձ, դերասանն էլ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Պատահարից կարճ ժամանակ անց՝ նոյեմբերի 6-ին, դերասանին կալանավորեցին: Իրավապահները նրան պատգարակով դուրս բերեցին տանից` հաշվի չառնելով առողջական ծանր վիճակը: Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից անցել է մեկ ամիս, սակայն իրավապահները դեռ չեն շտապում կալանավորել 3 հոգու մահվան պատճառ դարձած վարորդին: Հետաքրքիր է՝ ինչու:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
Ի ՉԻՔ ԴԱՐՁԱՎ
«ԷկոԼուր» ՀԿ-ն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակում, անդրադառնալով զբոսաշրջային Ջերմուկ քաղաքի ապագային, ահազանգել է. «Հայաստանն ընդունել է 2 իրարամերժ որոշում Ջերմուկ համայնքի զարգացման վերաբերյալ: Առաջինը` Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին 2008թ-ի սեպտեմբերի 18-ի 1064-Ն որոշումն է: Իսկ 2016թ-ին կառավարությունը հավանություն տվեց Ամուլսարի ոսկու հանքի նոր ծրագրին, որտեղ Ջերմուկ առողջարանը ճանաչվեց ազդակիր համայնք: Այս վերջին որոշումն ամբողջովին ի չիք է դարձնում Ջերմուկի զարգացման ծրագրի իրագործումը»:




Լրահոս