«ՓՈՐՁԵԼ ԵՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԴԵՐԱՍԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Մենք միասին կբացահայտենք նրանց բնավորության բնորոշ գծերը, կանդրադառնանք արդեն ճանաչված մարդկանց կյանքի` քչերին հայտնի դրվագներին: Այս անգամ «Ժողովուրդ»-ը զրուցել է դերասան, ռեժիսոր Գագիկ Մադոյանի հետ:

-Գագի՛կ, լավ օրվա նախապայմանը ո՞րն է:
-Մեկ բաժակ սուրճն ու ծխախոտը, նաեւ` գիշերվա հանգիստ քունը, քանի որ դրանից է կախված քո` ողջ օրվա տրամադրությունը: Իհարկե, լավ օրվա կարեւոր նախապայման է նաեւ լավ մարդկանց հետ շփումը:
-Ձեզ կարող է ոգեշնչել անգամ…
-Եթե խոսքը վերաբերում է ստեղծագործական կյանքին, ապա փողոցում երկու կանանց խոսակցությունը, որեւէ կտավ, սիրահարված լինելը, մինչեւ անգամ` սթրեսը:
-Ո՞ր դեպքում եք ինքներդ Ձեզ հետ ներդաշնակ:
-Ես սիրում եմ անդորր, երբ դա ինձ մոտ խախտվում է, ներդաշնակությունն էլ կորչում է:
-Տրամադրությա՞ն մարդ եք:
-Չեմ սիրում իմ տրամադրությունը փաթաթել ուրիշների վզին: Ապրումներիս մասին կարող են իմանալ միայն մտերիմներս:
– Ինչպիսի՞ն էին բեմում կատարած Ձեր առաջին քայլերը:
-Ես շատ վախեցած էի: Դա 1999 թվականն էր: Դեռ առաջին կուրսում էի եւ շատ բարդ դեր էի խաղում: Նույնիսկ հիշում եմ, որ չէի ուզում բեմ դուրս գալ, եւ իմ դասախոսը` Դավիթ Հակոբյանը, ուղղակի շպրտեց ինձ այնտեղ: Դրանից հինգ րոպե հետո արդեն ես մոռացել էի` ինչ է սթրեսը եւ վախը:
-Մասնագիտություն, աշխատանք, որ երբեք չէիք ընտրի:
-Քաղաքական գործչի աշխատանքը: Վերջինս իր նպատակին հասնելու համար ընդունակ է ամեն ինչի: Իսկ ես այդպիսին լինել չեմ կարող:
-Եթե բիզնես հիմնելու հնարավորություն ունենայիք, ո՞ր ոլորտում կգործեիք:
-Դա կլիներ գիտական ուղղվածության բիզնես: Այսինքն՝ ինչ էլ անելու լինեինք, հիմքում գիտությունը կլիներ: Վստահ եմ` հետագայում լավ գիտնականների համատեղ աշխատանքը նաեւ մեծ եկամուտ կարող էր բերել:
-Գնումներ կատարելիս առաջինը ուշադրություն եք դարձնում…
-Որ հանկարծ ապրանքը ժամկետանց չլինի: Սննդի դեպքում ինձ համար շատ կարեւոր է նաեւ դրա որակը: Իսկ, օրինակ, հագուստի պարագայում էական է, որ այն ինձ սազի, եւ կարեւորը` թուրքական չլինի. դա արդեն սկզբունքի հարց է:
-Ձեր բնավորության ամենաանտանելի գիծը:
-Ես ամեն բան ասում եմ մարդու երեսին` առանց մտածելու` պետք է դա, թե ոչ:
-Խենթություններ շա՞տ եք արել:
-Այո, դրանք հիմնականում արել եմ հանուն սիրելի էակի: Հիմա էլ պատրաստ եմ խենթության հանուն նրա, ում կսիրեմ:
-Նախաձեռնո՞ղ եք, թե՞ կատարող:
-Որպես կինոռեժիսոր` նախաձեռնող եմ, որպես դերասան` կատարող: Երկու պարագան էլ ինձ համար հաճելի է:
-Հաղթանակը պատկանում է այն մարդուն, որը…
-Որը տաղանդավոր է: Թեեւ ոչ բոլոր տաղանդավոր մարդիկ են փայլում իրենց մարդկային որակներով, բայց, այնուամենայնիվ, պետք է հաղթի հենց տաղանդավորը:
-Այս երեք որակներից ո՞րն է Ձեզ ավելի համապատասխանում` ալարկոտ, ցրված, ցինիկ:
-Ես, այսպես ասած, մեղմ ցինիկ եմ: Իմ հումորը կարող է ցինիզմի տարրեր ունենալ:
-Ո՞վ կամ ի՞նչը կարող է դուրս բերել Ձեզ հուսահատությունից:
-Ես լավատես մարդ եմ, եւ վստահ եմ, որ աշխարհը պատկանում է հենց լավատեսներին: Ցանկացած իրավիճակից կարողանում եմ դուրս գալ ինքնուրույն կամ ընկերներիս օգնությամբ: Իմ կյանքում եղել են այնպիսի փուլեր, երբ փորձել եմ հրաժարվել դերասանի մասնագիտությունից, հրաժարվել եմ ֆիլմերում նկարահանվել. արդեն հոգնել էի: Բայց ընկերներս ինձ ստիպել են, որ չհուսահատվեմ: Իհարկե, այդ հարցում մեծ դեր կարող է ունենալ նաեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը: Կինը մի վայրկյանում կարող է տղամարդուն դուրս հանել հուսահատությունից եւ հակառակը` նետել դրա ճիրանները, կարող է թեւեր տալ եւ կոտրել դրանք: Իրականում հենց կանայք են ուժեղ սեռի ներկայացուցիչները:
-Հեռանում եք լո՞ւռ, թե՞ կոնֆլիկտով:
-Չէ, ես կոնֆլիկտներ չեմ սիրում, բայց հեռանում եմ ոչ թե լուռ, այլ բոլոր հարցերը պարզաբանած: Միայն այդպես կարող եմ հանգիստ ապրել: Նման դեպքերում պետք է ամեն բան փոխհամաձայնեցված լինի, որպեսզի ոչ ոք ցավ չապրի, վատ հիշողոթյուններ չունենա:
-Ձեր առաջին սիրուն հիշո՞ւմ եք:
-Այո, երբ առաջին անգամ սիրահարվեցի, շատ փոքր էի: Հետո այդ աղջիկը մեկնեց ԱՄՆ, եւ ես նրան տեսա շատ տարիներ անց, ու…խորը հիասթափություն ապրեցի. շատ էր փոխվել: Այդ ժամանակ արդեն միջին տարիքի դպրոցական էի. դա իմ կյանքի առաջին սթրեսն էր:
-Ամեն մարդ պետք է հասցնի…
-Երեխա ունենալ, զբաղվել սիրելի աշխատանքով, գոնե մեկ անգամ ամուսնանալ, որպեսզի իմանա` դա ինչ բան է: Ֆաինա Ռանեւսկայան ասել է` կամուսնանաք, այն ժամանակ կզգաք` ինչ է երջանկությունը, բայց արդեն ուշ կլինի (ծիծաղում է):

 

 

 
ԻՆՉՈ՞Ւ Է ԿԻԹԱՌԱՀԱՐԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ՀԵՌԱՑԵԼ

Տեւական ժամանակ է` հայտնի կիթառահար Կարո Սարաֆյանը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց` ինչ պատճառով է նա հեռացել Հայաստանից, ինչով է այժմ զբաղվում եւ որ դեպքում կվերադառնա հայրենիք: Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ-ում ծավալում է բուռն երաժշտական գործունեություն, համագործակցում է արտերկրի երաժիշտների հետ, շարունակում է մասնակցել ԱՄՆ-ում անցկացվող հայտնիների համերգներին, նվագակցում է այնպիսի աստղերի, ինչպիսիք են Թաթան, Արամեն, Քրիստինե Պեպելյանը, Ամենչիկն ու Մարտին Մկրտչյանը:

Մենք հարցրինք` որքան ժամանակով է Կարո Սարաֆյանը մեկնել հայրենիքից. «ԱՄՆ-ում կմնամ այնքան, մինչեւ մեր երկրում կհաստատվի օրենք, եւ կտեսնեմ իմ երեխաների ապագան: Ուղղակի հոգնում ես անօրեն երկրում ապրելուց, հոգնում ես, երբ տեսնում ես, որ քո եւ քո ընտանիքի համար բոլոր դռները փակ են, այնինչ՝ արտերկրում քեզ ավելի շատ են գնահատում, քան քո երկրում»,-մեկնաբանեց նա` հավելելով, որ, այնուամենայնիվ, կարոտում է հայրենիքն ու ընկերներին:
Մենք հիշեցրինք, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կարո Սարաֆյանը, ավելի վաղ խոսելով արտերկրում բնակություն հաստատելու մասին, նշել էր, որ դրսում մեղր ու կարագ չեն բաժանում. «Այստեղ պետք է աշխատես, տանջվես, վազվզես, բայց գոնե քեզ բարոյապես գնահատված ես զգում»,-բացատրեց նա:
Խնդրեցինք մանրամասնել` կոնկրետ ինչ ապօրինությունների է բախվել կիթառահարը Հայաստանում. «Հասարակ օրինակ` Երեւանում ճանապարհային ոստիկանության կողմից ամսական շուրջ 200 դոլարի տուգանվում էի: Այնինչ` մեկ տարի է` ԱՄՆ-ում եմ, եւ այստեղի ՃՈ-ն ինձ ոչ մի անգամ չի տուգանել»,-ասաց նա:
Քանի որ Կարո Սարաֆանը դեռ տարիներ առաջ Հայաստանում կիթառի դպրոց բացելու նպատակ ուներ, հարցրինք` ինչ փուլում է այդ ծրագիրը. «Հայաստանում դա ոչ ոքի չհետաքրքրեց, ոչ ոք ինձ ձեռք չմեկնեց…Այնինչ՝ Լոս Անջելեսում՝ Հայաստանի մշակույթի կենտրոնում, ունեմ կիթառի իմ դասարանը: Ընդ որում, այնտեղ աշխատելու առաջարկը եղավ հենց կենտրոնի կողմից»,-պատասխանեց նա:
Ի դեպ, դեռեւս 3 տարի առաջ Կարո Սարաֆյանը սպասում էր, որ կարժանանա վաստակավոր արտիստի կոչման, նրա հույսերը, սակայն, այդպես էլ չարդարացան. «Չնայած ասեմ, որ այդ կոչումն ինձ համար առանձնապես կարեւոր չէր»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ՆՇԱՆԱԴՐՎԵԼ Է
Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն նշանադրվել է: Նա սիրելիի՝ դիզայներ Մհեր Գալստյանի հետ իր հանգիստն է վայելում Բալիում, եւ նշանադրությունն էլ տեղի է ունեցել հենց էկզոտիկ կղզում: «Այսօր ամենահրաշալի օրն է, որեւէ օր չի հավասարվի սրան… Նշանադրվել եմ իմ երազանքների տղամարդու հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Դիանան: Սոցցանցի օգտատերերն արդեն հասցրել են բազում շնորհավորանքներով եւ մաղթանքներով ողողել նրա էջը:

 

 

ԱՐՎԵՍՏՆ` ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսուհետ կգործի ժամանակակից արվեստի «Art Am» ցուցասրահը: Մեկնումի սրահում բացված ցուցասրահի միջոցով փորձ է արվելու ավելի հետաքրքիր դարձնել ուղեւորների ճամփորդությունը: Ցուցադրությունները կփոխվեն ամեն ամիս: «ԱրտԱմ»¬ը գեղարվեստական անկյուն է` կոչված հայ արվեստագետների եւ հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը: Տեղակայված լինելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ այն նպատակ ունի մոտեցնել հայ մշակույթը հասարակությանը՝ արվեստն ու մշակութային ժառանգությունը այցելուների համար դարձնելով ճանաչողության կարեւորագույն տարր:

 

 

ԿՈՇԻԿՆԵՐ` ԳՐՔԻ ՀԵՐՈՍՆԵՐՈՎ
Բրիտանական Irregular Choice ընկերությունը թողարկել է կոշիկների նոր հավաքածու, որը նվիրված է Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի հերոսներին: Luxurylaunches-ի փոխանցմամբ` հավաքածուում ներառված են բարձրակրունկ կոշիկներ, բոտիլիոններ եւ կոշիկի այլ տեսակներ` մուլտֆիլմի հերոսների` Ալիսայի, Փոսիկի Թագուհու, Խելառ Գլխարկակարի եւ մյուսների պատկերներով:
Կոշիկների գները տատանվում են 190¬ից մինչեւ 345 դոլարի սահմաններում: Սա բրիտանական առեւտրանիշի արդեն երկրորդ հավաքածուն է` մուլտիպլիկացիոն գործող անձերի «մասնակցությամբ»: Առաջինը թողարկվել է 2016-ի փետրվարին:




Լրահոս