Այսօր ՌԴ ԱԳՆ-ում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով խորհրդակցություններ կանցկացվեն: Դրա հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստանը) և Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) կհավաքվեն Մոսկվայում: Միջոցառմանը կմասնակցի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Կքննարկվեն ԼՂ հակամարտության կարգավորման ակտուալ թեմաները: Հատուկ ուշադրություն կհատկացվի համաձայնությունների իրականացման ընթացքին, որոնք ձեռք են բերվել մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում:
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ խոսքը պլանային խորհրդակցությունների մասին է, որոնք մշտապես անցկացվում են Վաշինգտոնում, Փարզիում և Մոսկվայում: Ակնկալվում է, որ համանախագահները կհանդիպեն ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ: