ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕՐԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա ԱԺ ընտրությունները «Մայր հայրենիք» կուսակցությանը մեծ անհանգստություն են պատճառել, քանի որ ընտրական օրենսգրքի փոփոխությունները «խոցելու» են կուսակցությանը:«Մայր հայրենիք» կուսակցության ղեկավար Կարինե Թումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցության գրասենյակը գրանցված է «իմ բնակարանի վրա, որովհետեւ  մերթընդմերթ կուսակցության գրասենյակները փոխվում են, կուսակցության անդամներից ով ունի ինչ-որ տարածք, տրամադրում է կուսակցությանը գործունեության համար»: Այժմ ՄՀԿ-ն տեղակայված է Սախարովի հրապարակի վրա  գտնվող մի մասնավոր տարածքում, որտեղ էլ հավաքվում են կուսակցության անդամները: Տիկին Թումանյանը շատ ծանրաբեռնված է. նա աշխատում է Ճարտարագիտական համալսարանում որպես ամբիոնի վարիչ, ինչպես նաեւ Հանրային խորհրդում գիտության կրթության հանձնաժողովի նախագահն է, բնականաբար, համատեղության կարգով նաեւ կուսակցության նախագահ է աշխատում: Կուսակցության անդամների  80 տոկոսը կանայք են: Տիկնոջ խոսքերով առաջիկա ԱԺ ընտրություններին «եթե չմասնակցեմ, այլեւս երեւի թե չշարունակեմ այս գործը, այնպես որ եթե ստեղծվել է կուսակցությունը, նրա համար է, որ էս դեպքերում ակտիվանա»: Կուսակցության ղեկավարուհին վստահ է, որ եթե չունես լծակ, ոչ մի հարց չես կարող լուծել. «Անգամ հիմա, որ Հանրային խորհրդում եմ, էլի հերիք չի, հնարավորություն չկա»: Ու չի բացառվում, որ ընտրություններին մասնակցեն դաշինքի ձեւաչափով: Իսկ թե ո՞ւմ հետ են դաշինք կազմելու, դեռեւս պարզ չէ: ՄՀԿ-ն կոնկրետ ֆինանսավորողներ չունի, կուսակցության գործունեության համար անհրաժեշտ գումարը վճարում են անդամները: Տիկին Թումանյանն ասաց, որ մի քանի օր առաջ է վերահաշվել կուսակցության անդամների թիվը, այն 2352 է: Իսկ ինչ վերաբերում է կուսակցության դիրքորոշմանը, նշեց. «Սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական ուղղվածություն ունենք: Ովքեր մեր խնդիրները մեզ հետ կբարձրացնեն, մենք նրանց կողքին ենք, ասենք իշխանության կողքը կկանգնեմ, եթե իմ խնդիրներ բարձրացնի»: Խորհրդարանում ամենայն հավականությամբ մինչեւ աշուն համապատասխան փոփոխություններ կլինեն ընտրական օրենսգրքում: Թումանյանն ասաց, որ օրենսգրքում մեծ փոփոխություններ են արվելու, որն իրենց կուսակցության մոտ մեծ խնդիր կառաջացնի. «Այն, որ նախագահն է նշանակում կենտրոնական հանձնաժողովի անդամներին, նշանակում է, որ իրենց վրա են վերցնում ամբողջ պատասխանատվությունը ընտրությունների կազմակերպման ընթացքում: Այնտեղ մի կետ էլ կա մեզ անհանգստացնող, այն, որ փաստացի ոչ մի կուսակցություն չպետք է մասնակցի այդ գործընթացին, որ այդ անդամները չպետք է լինեն կուսակցական: Մյուս փոփոխությունները եւս մեզ համար վտանգավոր են. գրավի համար նախատեսված գումարի չափը բավականին մեծացվել է»: Կուսակցության ղեկավարը վերջում վստահեցրեց, որ իրենք այս ընթացքում իրենց պայքարն են մղելու այդ ամենը «շտկելու» համար: Իսկ թե ինչ ոգով կպայքարի Սերժ Սարգսյանի թեւի տակ «ծվարած» հանրային խորհրդի անդամը, կարելի է պատկերացնել:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս