ՀՀԿ-Ն ԳՆԱՑ ՕԵԿ-Ի ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե իշխող ՀՀԿ-ին հաջողվի Գյումրիում «Բալասանյան» դաշինքով պահպանել իշխանությունը, ապա հավանականությունը մեծ է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին եւս իշխող կուսակցությունը կմասնակցի որեւէ կուսակցության հետ դաշինքով:
Այսպիսով՝ Գյումրիի ավագանու ընտրությունների օրինակով ՀՀԿ-ն խոստովանեց, որ իր անունը «հաղթանակի» հնարավորություն չի թողնում: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն բռնել է ՕԵԿ-ի ճանապարհը, միայն այն տարբերությամբ, որ իշխող կուսակցությունում հակված չեն կուսակցությունն ընդհանրապես անվանափոխել, որպեսզի մարդիկ չճանաչեն: ՀՀԿ-ականները որոշել են իրենց անունը թաքցնել դաշինքի քողի տակ: Այդպիսով ՀՀԿ-ի՝ հատկապես երիտասարդ թեւի քարոզիչները կկարողանան ասել, թե իբր իշխանությունները փոխվել են, իրենք առաջվա անկուշտ կոռումպացված թալանչիները չեն եւ այսպես շարունակ:
Այնպես որ, Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքները որոշիչ են լինելու: Ու եթե իշխանություններին չհաջողվի Հայաստանի երկրորդ քաղաքում անհրաժեշտ արդյունքն ունենալ, ապա դաշինքի տեսքով «դիմակի» իմաստը կկորչի: Բայց եթե ՀՀԿ-ականներն իրենց անունը թաքցնելուց եւ բեղ-մորուք կրելուց հետո Գյումրիի ՏԻՄ-ն իրենց ձեռքում պահեն, ապա խորհրդարանական ընտրություններում նրանք կմասնակցեն իրենց անունով, այլ կերպ ասած` կուրծքները բաց կգնան մարտի:

 

 

 
Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օրեր առաջ շտապ տեղափոխվել է ԱՄՆ: Ըստ լուրերի՝ դեսպանը վերջերս սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել եւ «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժման կուրս անցել: Սակայն հայ մասնագետները դեսպանին խորհուրդ են տվել բուժման նպատակով շտապ տեղափոխվել հայրենի ԱՄՆ: Ըստ լուրերի՝ դեսպանը Հայաստանից ԱՄՆ է տեղափոխվել հատուկ չվերթով: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ԱՄՆ դեսպանատուն, որտեղից պատասխանեցին հետեւյալը. «Շնորհակալություն դեսպան Միլսի առողջությանը վերաբերող Ձեր անհանգստության համար: Նա այժմ գտնվում է Լոնդոնում եւ այնտեղ հետազոտվում է մի փոքրիկ առողջական խնդրի հետ կապված: Նա շատ վստահում է հայաստանյան իր բժիշկներին, ովքեր խորհուրդ տվեցին դիմել այդ քայլին: Ինքը՝ դեսպան Միլսը, լավ է եւ պլանավորում է շուտով վերադառնալ Հայաստան»:

 

 

 
ՀՀ ֆինանսների նախարարությունը ընթացիկ ամսում եւս մտադիր է պետական նոր պարտատոմսեր դնել շրջանառության մեջ, ասել է, թե ավելացնել պետական պարտքը: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը պատրաստվում է տեղաբաշխել 26 միլիարդ դրամի երկարաժամկետ պարտատոմսեր եւ 280 միլիոն դրամի կարճաժամկետ պարտատոմսեր: Միայն մեկ աճուրդով` սեպտեմբերի 8-ին, շրջանառության մեջ է դրվելու շուրջ 18 միլիարդ դրամի երկարաժամկետ պարտատոմս: Նշենք նաեւ, որ շրջանառության մեջ դրվելիք պարտատոմսերի եկամտաբերությունը լինելու է առնվազն տարեկան 13 տոկոս: Ընթացիկ ամսին նախատեսվում է նաեւ 3 միլիարդ դրամի պարտատոմսեր ետ գնել: Ուստի ստացվում է, որ սեպտեմբերին միայն պետական պարտատոմսեր շրջանառության մեջ դնելու հաշվին Հայաստանի պետական պարտքը կավելանա շուրջ 23 միլիարդ 280 միլիոն դրամի չափով, կամ նույնն է, թե ավելի, քան 48 միլիոն դրամով:

 

 

 
Մինչ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տարբեր մրգերի ու հատապտուղների ֆոնին պայծառ լուսանկարներ է հրապարակում, գյուղացիները նոր խնդրի առջեւ են կանգնել: Հայաստանում ցորենի բերքահավաքն արդեն մոտենում է իր ավարտին, եւ գյուղացիները փորձում են իրացնել իրենց բերքը, սակայն չեն կարողանում այդ անել, քանի որ ալրաղացները շատ էժան գին են առաջարկում: Եթե անցած տարի ալրաղացները ցորենը մթերել են միջինը 130 դրամով, ապա այս տարի նրանք 1 կիլոգրամի համար առաջարկում են 90-ից 100 դրամ: Այս երեւույթը բացատրվում է այն հանգամանքով, որ Ռուսաստանից մեծ քանակությամբ էժան ցորեն է ներկրվում Հայաստան: Պաշտոնական աղբյուրներից «ժողովուրդ»-ին տրամադրված տվյալների համաձայն՝ այս տարվա ութ ամիսներին արդեն իսկ Հայաստան է ներկրվել 89 հազար տոննա ցորեն: Սա այն դեպքում, երբ ողջ անցած տարում Հայաստան է ներկրվել 147 հազար տոննա ցորեն: Ի դեպ, ցորենի 99 տոկոսը ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից:

 

 

 
ՀԻՆ ԸՆԿԵՐՈՋ ՊԵՍ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Արցախի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում, որի ժամանակ 200-ից ավել երիտասարդներ երդում տվեցին եւ ընդգրկվեցին դաշնակցության շարքերը: Միջոցառման սկզբում ցուցադրվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ելույթը, ապա ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ավելի ուշ Կիրո Մանոյանի եւ քաղաքական խորհրդի անդամների մասնակցությամբ երիտասարդները երդվեցին կանոնակարգի եւ զենքի առջեւ: «Այո՛, խաղաղությունն է բնական միջավայրը արարման եւ կայուն զարգացման: Ոչ մի ողջամիտ մարդ դրան դեմ չի կարող լինել: Բայց խաղաղությունը չեն մուրում, այլ նվաճում են: Թշնամուն խաղաղության բերում են ոչ զիջելով, այլ պարտադրելով: Եվ ուրեմն հող ու տարածք զիջելը ինքնին ոչ թե զսպում է թշնամուն, այլ նրան դարձնում է ավելի սանձարձակ: Այս համոզումով էր, որ մեր ժողովուրդը ժամանակին վճռականորեն մերժեց «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքով հակամարտությունը կարգավորելու օրվա իշխանությունների պարտվողական քաղաքականությունը: Չի կարող լինել ոչ մի կասկած, որ քաղաքական դիակ դառնալու նույն ճակատագիրն է սպասում մեզանից նրան, ով կփորձի այս կամ այն կերպ վերակենդանացնել այդ տխրահռչակ սկզբունքը», – նշեց Արմեն Ռուստամյանը:
Երեկվա միջոցառումն իրապես հուզիչ էր եւ հուսադրող, որ անկախ իշխանական կոալիցիաներում լինել-չլինելուց՝ Հայաստանի ամենահին եւ ամենագաղափարականը համարվող քաղաքական ուժը չի դավաճանել իր սկզբունքներին եւ ազգայնական իդեալներին: Երեկվա միջոցառմանը, որը կազմակերպված էր առանց վերջին տարիներին ՀՀ քաղաքական վերնախավին բնորոշ «գլամուրի» եւ իրապես ազգային ոգով, հիշեցրեց այն Դաշնակցությանը, որին յուրաքանչյուր հայ այսպես թե այնպես համակրել է եւ ներքուստ իրեն համարել այդ Դաշնակցության մի մասը:
ՀՅԴ առաջնորդների՝ երեկ հնչեցրած հայտարարությունները նաեւ ցույց տվեցին, որ Դաշնակցությունը, առանց ամպագոռգոռ հայտարարություններ անելու եւ առանց ծայրահեղական քայլերի դիմելու, որպես հայոց ազգային քաղաքական մտքի այսբերգ՝ խոչընդոտելու է ԼՂՀ ազատագրված տարածքները հանձնելուն ուղղված որեւէ գործընթացի:
Այո՛, միայն զենքով կա հային փրկություն, եւ տարածքները զիջելու մտադրություն ունեցողները պետք է անմիջապես վերածվեն քաղաքական դիակների, որպեսզի բանը չասնի նրանց իրական դիակների վերածելու զինված փորձերին: Սակայն դրա համար նախ եւ առաջ՝ անհրաժեշտ է ունենալ իրապես ժողովրդավարական երկիր, որտեղ ժողովրդի ու իշխանությունների միջեւ չկա անջրպետ, որտեղ երկրի կարեւորագույն հարցերը որոշվում են ոչ թե կուլիսների հետեւում, «մեկ գիշերվա մեջ», այլ թափանցիկ՝ համազգային մասնակցային սկզբունքով:




Լրահոս