Երեկ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը քննարկման ներկայացրեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը:
Ուշագրավն այն է, որ բավականին տարողունակ եւ ծավալուն օրենսդրական փաթեթը պատգամավորների քննարկմանն էր ներկայացվել՝ առանց նրանց կողմից կանխավ ուսումասիրվելու: Հենց այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Գրիգորյանի հետ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյան
-Պարո՛ն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում այն փատը, որ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորներին քննարկման են ներկայացրել ՀՀ քաղաքացիական դատավարության ծավալուն օրենսգիրքը այն դեպքում, երբ վերջիններիս կողմից այն կանխավ չի ուսումնասիրվել:
-Մեծ օրակարգ մտնելուն կողմ էինք, բայց այժմ քննարկման դնելուն ես ու Ջհանգիրյանը ձեռնպահ էինք, որովհետեւ ծավալուն օրենք է, ո՛չ մեկ, ո՛չ երկու, ո՛չ էլ 10 օրվա ընկալելու բան չի դա, պետք է ժամանակ լինի, որպեսզի ծանոթանանք դրույթներին եւ քննարկենք: Թե ինչպիսի մարտավարություն կընտրի քաղաքական մեծամասնությունը, դա ես չեմ կարող ասել: Բայց որ այն մարսված չի պատգամավորների կողմից, դա միանշանակ է: Միգուցե մասնագետները, մասնագիտացված կառույցները ինչ-որ քննարկումներ են արել տարիներով, բայց մենք՝ պատգամավորներով, դա չընկալեցինք: Վերջիվերջո, քվեարկողը, որոշում կայացնողը մենք ենք, խորհրդարանն է: Պետք է մասնագետների հետ քննարկենք, ուսումնասիրենք, վերջիվերջո, քաղաքացիական օրենսգիրքն է: Այսօր բերել են, վաղն էլ մտնելու է քառօրյա, հետո՞, վաղն էլ քվեարկելու ենք, ոնց կլինի երկու-երեք օրում:
-Իսկ ինչպիսի՞ առանցքային փոփոխություններ են արված նոր փաթեթում:
-Այսօր հիմնական եւ հարակից զեկուցողները ներկայացրին օրենքներն ու վերջ, որոշեցին այս քառօրյա չմտցնել, այլ հաջորդ քառօրյայում, բայց հաջորդ քառօրյայում մի շաբաթ, երկու շաբաթվա խնդիր չի, որ մի շաբաթում ուսումնասիրես, վերջիվերջո, մենք՝ պատգամավորներս, իրավաբաններ չենք: Սա սովորական օրենքի լրացում չի: Չի կարելի բերել, մի օրվա մեջ ծանոթանան, քննարկեն, հո՞ նոտարական գրասենյակ չի, վերջիվերջո, խորհրդարան է:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Գրիգորյան
-Պարո՛ն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ առանց պատգամավորների կողմից ուսումնասիրվելու քննարկման է դրվել քաղաքացիական դատավարության օրենսգիրքը:
-Փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրել է, ճիշտ է՝ այդպես շատ մանրակրկիտ չէ, վերցրել եմ, որպեսզի մանրամասնորեն ուսումնասիրեմ, ծանոթանամ անձամբ: Դեռ ժամանակ ունեմ, քառօրյա օրակարգում էլ մանրամասն ծանոթանալու ենք: Ընդհանուր ներկայացվեց, որ օրենսգիրքը վատ բան չի: Պատգամավորի գործն այնպիսի գործ չի, որ հեշտ լինի: Եթե ընտրել են, ուրեմն պետք է մի քանի գիշեր չքնենք, որ քննարկենք, մանրամասն ուսումնասիրենք, հասկանանք՝ ինչ է կատարվում: Շատ ծավալուն փաթեթ է:
ԻՆՉՈՒ Է ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐ «ԱՆՀԵՏԱՆՈՒՄ»
«Ժողովուրդ»-ը մի շարք քաղաքացիներից պարբերաբար դժգոհություններ է ստանում «Հայբիզնեսբանկի» գործելաոճի հետ կապված: Այս անգամ մեզ դիմել են Վարդենիս քաղաքի «Հայբիզնեսբանկի» ծառայություններից օգտվող պայմանագրային զինծառայողները: Նրանց խոսքով արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատավարձեր ստանալուց հետո աստիճանաբար իրենց հաշվից գումար է «անհետանում»:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Հայբիզնեսբանկի» Վարդենիսի մասնաճյուղի կառավարիչ Արթուր Միլիտոնյանի հետ:
-Պարո՛ն Միլիտոնյան, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ «Հայբիզնեսբանկում» պայմանագրային զինծառայողների հաշվից շարունակ գումար է պակասում:
-Խնդիրները անհատական են, տարբեր պատճառներ կարող են լինել: Բարդ մեխանիզմ է մշակած, ժողովրդի, զինվորականների մոտ մի քիչ շատ դժվար է ընկալվում: Կարող է լինել նախորդ ամսվա համեմատ գերածախսի, չնվազող մնացորդի խնդիր, եթե նոր քարտ է հանել, կարող է լինել սպասարկման վճարի խնդիր, գումարը դուրս գալուց յուրաքանչյուր անգամ կանխիկացման խնդիր էլ է առաջանում, ամեն անգամ բանկոմատից հանելուց կանխիկացման տոկոս է պահվում: Մարդկանց տեղյակ պահել ենք, որ ուրիշ բանկոմատներից աշխատեն չօգտվել, հնարավոր է, որ այլ բանկի բանկոմատներից են օգտվում, այդ դեպքում կանխիկացման տոկոսն ավելի բարձր է լինում: Կարող են դիմել բանկ, մասնագետները հատ-հատ բացատրեն՝ որտեղից է գումարը պակասում, որտեղ ավելանում: Որ բանկը ցանկություն էլ ունենա, չի կարող հաշվից ինչ-որ պայմանով գումար տանել, առնվազն դա հնարավոր չի:
-Անգամ զինվորականների հեռախոսահամարներին հաղորդագրություններ են գալիս նշումներով, թե նրանց հաշվին մինուս 900 դրամ է: Սա ի՞նչ խնդիր է:
-Վերջերս քարտերը փոխել ենք, քարտերի վրա ավելացվել է սպասարկման վճարի մնացորդի 900 եւ 1200 դրամ: Հենց քարտը սկսում է ակտիվանալ, մինուս 900 դրամ չնվազող մնացորդ է հավաքվում, աշխատավարձը փոխանցելու դեպքում 900 դրամը մարվում է, եւ աշխատավարձը 900 դրամի չափով պակաս են ստանալու: Բացի դրանից՝ կա 1200 դրամ սպասարկման վճար, համագործակցության պայմանագրի համաձայն՝ բավականին էժան է, քանի որ առանց պայմանագրի սպասավճարը կազմում է մոտ 3000 դրամ: Մենք տվյալ զորամիավորման հետ ունենք համագործակցություն եւ նրանց հետ ցածր սակագներով ենք աշխատում:
-Պարո՛ն Միլիտոնյան, այնուամենայնիվ, պայմանագրային զինծառայողները իրենց կյանքը վտանգի ենթարկելով են գումար աշխատում, այս խնդիրները լուծելու համար ի՞նչ քայլեր եք անում:
-Մեր հնարավորության չափով ե՛ւ մենք, ե՛ւ վարչության նախագահի կարգադրությամբ ամեն ինչ անում ենք, որ օգնենք մեր բանակին` թեկուզ բանկի շահերից ելնելով:
-Հետաքրքիրն այն է, որ նման դժգոհություններն անպակաս են, բայց պետական կառույցի աշխատողները հենց «Հայբիզնեսբանկից» են աշխատավարձեր ստանում: Պարտադրված ինչ-որ բան կա՞:
-Երեւի սպասարկումը բարձր որակի է, ձգտում են դեպի «Հայբիզնես» բանկ, համեմատած մեծ բանկերի՝ ավելի ճկուն ծառայություն է մատուցում, պարտադրված որեւէ բան չկա:
-Պարո՛ն Միլիտոնյան, քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների անուններով վարկային պարտավորվածությունները «Հայբիզնեսբանկում» պետք է զրոյանային: Քանի՞ ընտանիք է դիմել այս խնդրի համար եւ լուծում ստացել:
-Կոնկրետ մեր մասնաճյուղում կային չորս հոգի զոհվածներ, որոնց վարկերը վարչության որոշմամբ բանկը մարեց, բացի քառօրյա պատերազմից՝ դժբախտ դեպքեր են եղել՝ ավտովթարներ, որոնց վարկերը եւս մարվեցին, ու այդ մեխանիզմը միշտ աշխատում է մեզ մոտ:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ԽԱԽՏՈՒՄՈՎ ԳՆՈՒՄԸ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ Տավուշի մարզպետարանը պարզեցված ընթացակարգով նախագծահետազոտական աշխատանքներ է ձեռք բերել: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնը բացասական եզրակացություն է տվել մարզպետարանի գնման գործընթացին: Բանն այն է, որ մարզպետարանի՝ գնման հայտարարությամբ հայտերի ներկայացման համար սահմանված վերջնաժամկետը` հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրը, չի համընկել հայտարարությամբ սահմանված հայտերի բացման օրվան` սեպտեմբերի 5-ին: Ինչն էլ չի համապատասխանում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին: Այն է՝ հայտերի բացման օրը եւ ժամը պետք է համընկնեն դրանք ներկայացնելու վերջնաժամկետին:
ՉԳԻՏԻ՝ ԻՆՉՊԵՍ ԿՍՏԱՑՎԻ
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դեռեւս օգոստոսի 4-ին առողջական խնդիրների պատճառաբանությամբ հրաժարականի դիմում ներկայացրեց: Ինչպես հայտնի է՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը հենց Կոստանյանի գլխավոր դատախազ դառնալուց հետո հրաժարականի դիմում ներկայացրեց: «Ժողովուրդ»-ը Դանիելյանից փորձեց պարզել, թե ինչպես է վերաբերվում Գեւորգ Կոստանյանի հրաժարականին, եւ արդյոք ներկա պայմաններում հնարավո՞ր է՝ ինքը վերադառնա հին պաշտոնին: «Իմ գնահատականը նա է, որ բոլորս պետք է մտահոգված լինենք պարոն Կոստանյանի հիվանդ լինելու հանգամանքով, որովհետեւ պարոն Կոստանյանը լավ իրավաբան է, եւ այլ կոնտեքստներ պետք չէ փնտրել: Պարոն Կոստանյանը լավ մարդ է, ունի լավ ընտանիք, եւ որեւէ կանխատեսում անեմ, թե այս համակարգում ես կաշխատեմ, թե չեմ աշխատի, դա, կարծում եմ, ճիշտ չէ»,- պատասխանեց Դանիելյանը:
ՀԵՏ ՏՎԵՔ ՓՈՂԵՐԸ
ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ին «քցել» են: Նախկին վարչապետին պատկանող ընկերությունը ընկել է դատարանի դռները եւ փորձում է ետ վերադարձնել իր գումարը: Այս տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն 7 դատական հայց է ներկայացրել մի շարք ընկերությունների դեմ տարբեր դատարաններ: Բոլոր դատական հայցերի պահանջը նույնն է՝ պատասխանողին պարտավորեցնել վճարել «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի պարտքը եւ տույժ-տուգանքները: Նշենք, որ 7 դատական հայցերով նախկին վարչապետի ընկերությունը փորձում է հետ վերադարձնել ընդհանուր 15 միլիոն դրամ: