ՍԱՐԳՍՅԱՆԻՑ ՆԵՂԱՑԱԾՆԵՐԻ ՄՈՏ ՆՍՏՎԱԾՔԸ ՄՆԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական այսօրվա բուրգը ամիսներ հետո չի լինելու: Ու անկախ իրադարձությունների զարգացումից, սպասվող տեղական ինքնակառավարման եւ համապետական ընտրությունների արդյունքներից՝ Սերժ Սարգսյանի իշխանությունն այս տեսքով ավարտվում է: 2017-ի գարնանն ունենալու ենք նոր` արդեն խորհրդարանական իշխանություն:

Իսկ ի՞նչ ունեցանք 2008-ից մինչ օրս. եթե ամփոփելու լինենք, պետք է արձանագրենք, որ անցած տարիներին Սերժ Սարգսյանի իշխանությունը երկրի զարգացման ոչ բավարար ճիգեր գործադրեց, որի արդյունքում աղքատության մակարդակն ավելի մեծացավ, ներդրողները տարեցտարի պակասեցին` հասնելով 0 մակարդակի եւ այսպես շարունակ:
Փոխարենը ոչնչի առջեւ կանգ չառնելով՝ Սերժ Սարգսյանը ջանաց բացառապես պահպանել սեփական իշխանությունը, վերարտադրվեց 2012-ի նախագահական ընտրությունների արդյունքում եւ ձգտում է նույնը կրկնել 2017-ին՝ արդեն խորհրդարանական կարգի հաստատման պայմաններում:
Իսկ ումո՞վ պետք է հասնել այդ արդյունքին: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանի համար 2008 թվականին կայացած նախագահական ընտրություններում թվեր նկարվեցին, եւ լցոնումներով ձայներ ապահովվեցին, որը հասարակության մեծ մասը չէր ընդունում, եւ երկար ժամանակ զանգվածային ակցիաներ էին իրականացվում փողոցներում: Բողոքի խաղաղ ցույցերն ավարտվեցին մարտի 1-ի արյունալի իրադարձություններով, որի արդյունքում ունեցանք 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ ու քաղբանտարկյալներ:
Սերժ Սարգսյանը 2008-ի ապրիլին ոստիկանական պատնեշի հետեւում իրեն գահը փոխանցած Ռոբերտ Քոչարյանի զգոն հայացքի ներքո երդվեց անձնվիրաբար ծառայել հայրենիքին: Հետո խոստացավ քանդել հասարակության եւ իշխանության միջեւ առկա «անհասկացվածության պատը»: Սակայն այդ պատը ոչ միայն չքանդվեց, այլեւ տարիներ շարունակ առավել ամրացավ: Պաշտոնական վիճակագրական տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2008-ից մինչեւ 2016 թվականը Հայաստանից արտագաղթել կամ անվերադարձ հեռացել է մոտ 340 հազար քաղաքացի:
Ու եթե չնչին բացառությունները հանենք, պետք է արձանագրենք, որ Սերժ Սարգսյանը անհասկացվածություն ունի նաեւ հենց իր թիմում, այն մարդկանց շրջապատում, որոնց շնորհիվ բազմեց նախագահի գահին: Նա իր պաշտոնավարման 8 տարիների ընթացքում հասցրեց նեղացնել իր շատ նվիրյալների, այնուհետեւ ինչ-որ կերպ փորձեց նրանց «խաթրն առնել»` այդպիսով կախման մեջ թողնելով նրանց: Բայց հայտնի ճշմարտություն կա. ինչքան էլ մարդը ներողամիտ լինի, փորձի մոռանալ իրեն հասցված վիրավորանքը, նվաստացումը, այնուամենայնիվ, նստավածքը մնում է:
Իսկ ովքե՞ր են այդ մարդիկ. փորձենք վերհիշել:
Ինչպես արդեն նկարագրեցինք, 2008-ին Սերժ Սարգսյանը ոստիկանական բիրտ ուժի կիրառման արդյունքում ստանձնեց նախագահի պաշտոնը, ոստիկանական պատնեշի հետեւում ապրիլին երդում կերավ` հանուն ազգի բարօրության ամեն ինչ անել, սակայն մեկ ամիս անց՝ 2008-ի մայիսին, աշխատանքից հեռացրեց ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին՝ նշանակելով ՀՀ պետական պահպանության ծառայության պետ: 2 տարի անց՝ 2010 թ. մայիսին, ազատվեց պաշտոնից` նշանակվեով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ: Այնուհետեւ՝ 2014-ին, Հայկ Հարությունյանն անակնկալ կերպով մեկնեց արձակուրդ ու այլեւս չվերադարձավ: Հիմա նա անգործ է:
Երկրորդ հարվածը Սերժ Սարգսյանի, իսկ ավելի ճիշտ՝ նրա երիտթիմի կողմից ստացավ հենց Ռոբերտ Քոչարյանը: Մարդ, որը համոզմունքով ու մեծ վստահությամբ իր իշխանությունը հանձնեց Սերժ Սարգսյանին: Սակայն վերջինիս երիտթեւի ներկայացուցիչները պարբերաբար այնպիսի խարդավանքներ հյուսեցին, որ երբեմնի «սյամական երկվորյակներին» պարզապես բաժանեցին: Իշխանական կուլիսներում պարբերաբար լուրեր էին պտտվում, որ երիտթեւի քարոզիչները Քոչարյանին ստվերելու արդյունքում են փորձել Սերժ Սարգսյանի վարկանիշը կառուցել, ինչի մասին Քոչարյանը մի քանի անգամ զգուշացրել է Սարգսյանին: Սկզբում ասվել է, որ երիտասարդները ինքնագլուխ են գործել, այնուհետեւ իբրեւ թե զգուշացրել են` Քոչարյանի ժամանակներին «չկպնել», բայց հետո անգամ չեն էլ զգուշացրել` հասկանալով, որ երիտասարդներն իրականում ինքնագլուխ չեն: Պարզ էր, որ Քոչարյանին սեւացնելու գնով Սարգսյանին լուսավոր իմիջ կերտելը կոնկրետ հրահանգ էր կոնկրետ վայրից:
Եթե սրան էլ գումարենք քոչարյանապատկան մի քանի բիզնես ճյուղեր, որոնք կամաց-կամաց անցան նույն երիտթեւի ներկայացուցիչների ձեռքը, ապա իրավիճակն ավելի պարզ կլինի: Իհարկե, չի բացառվում, որ ճակատագրական ինչ-որ պահի նրանք դարձյալ միավորվեն, սակայն, ինչպես վերեւում նշեցինք, նստվածքն արդեն մնացել է: Այլեւս նշվածները չեն կարողանա այնպիսի էնտուզիազմով աշխատել Սերժ Սարգսյանի ու նրա երիտթիմի համար, ինչպես կանեին մինչ 2008 թվականը:
Սերժ Սարգսյանից նեղացածների շարքը կշարունակենք հաջորդիվ, քանի որ ցանկը շատ մեծ է, նախապատմությունները` ուշագրավ:
շարունակելի

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ՊԵԿ ՏԵՍՈՒՉԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Եթե մի շարք քաղաքացիներ օրենքին հետեւելով՝ բավականին թանկ գներով տարբեր իրեր են ներմուծում Հայաստան եւ մաքսազերծման համար ահռելի գումարներ վճարում, ապա որոշ մարդկանց կամ ընկերությունների դեպքում ՊԵԿ-ի պաշտոնյաները «զոհողությունների են» գնում: Պարզեցինք, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների նախաբացթողումային հսկողության վարչության Շիրակի բաժնի «Բավրա» մաքսակետի բաժանմունքի մաքսային տեսուչ Աշոտ Գեւորգյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Քանի որ լինելով պաշտոնատար անձ, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով մաքսային կետում իրականացնելով ապրանքների, տրանսպորտային միջոցների մաքսազերծում՝ պատասխանատու մի խումբ անձանց հետ համագործակցության է գնացել եւ անցել պաշտոնեական լիազորությունները: Տեղեկացանք, որ նա 2013թ դեկտեմբերից մինչեւ 2014թ փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում 10 դեպքով առանց մաքսային հսկողության ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է խոշոր չափերով ապրանքներ: Բացի այդ՝ իրավապահները բացահայտել են, որ Աշոտ Գեւորգյանը 3 դեպքով պահանջել եւ կաշառք է ստացել:
Իսկ ի՞նչ ապրանքների մասին է խոսքը: Պարզվում է, որ մաքսատան տեսուչը լավություն է արել հայտնի ընկերություններից մեկի տնօրենին, որպեսզի ՀՀ ներմուծվող կահույքը առավել շահավետ գնով մաքսազերծվի: Ներմուծված կահույքի արժեքը կազմել է շուրջ 10 միլիոն դրամ, որը մաքսազերծելու համար ընկերության տնօրենը մաքսատանը պետք է վճարեր մոտ 2 միլիոն դրամ, սակայն ՊԵԿ-ի պաշտոնյան, ամենայն հավանականությամբ, ասել է, որ պաշտոնապես կահույքը կմաքսազերծեն 1 միլիոն դրամով, իրեն թող տան այդ լավության դիմաց կես միլիոն, իսկ մյուս կես միլիոն դրամը թող լինի ընկերության տնօրենին, որպես լավություն: Բայց հետո լավությունը վատություն է դարձել, եւ Աշոտ Գեւորգյանը հայտնվել է դատարանի առաջ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է
Օգոստոսի 1-ից հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանը դադարեցրել է հացադուլը: Առայժմ նա ոչ մի մեկնաբանություն այդ առումով չի տվել, իսկ ինչ վերաբերում է նրա առողջական վիճակին, ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնել են, որ նրա առողջական վիճակը բավարար է: Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին «Նոր Հայաստան»-ի անդամ Ա. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225 հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգություն հրահրելու հատկանիշներով:

 

 

ԱՎԱՐՏՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Հանքավանում երեք անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հ. Սեփոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

 
ՀԱՆԴԻՊԵԼ Է
ԼՂ պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը ՊԲ շտաբում հանդիպել է ապրիլին զոհված զինծառայողների հարազատների հետ: Նա իր խորին երախտագիտությունն է հայտնել վերջիններիս հերոս զավակներ դաստիարակելու համար ու վստահեցրել, որ հայրենիքի պաշտպանության գործում նրանց ծանրակշիռ ավանդը այսօրվա եւ գալիք սերնդի համար մշտապես կլինի օրինակելի ուղեցույց: Վերջում գեներալ-լեյտենանտ Լ. Մնացականյանը պատասխանել է զոհված զինծառայողների ծնողներին հուզող հարցերին:

 

 

ՍԽԱԼՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Երեկ գործադիրի նիստին տվյալներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների վերաբերյալ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ 2014թ. Հայաստանի Հանրապետության դեմ կայացվել է 4 վճիռ, որոնց համար սահմանվել է ընդհանուր 166 հազար եվրո հատուցման գումար, 2015-ին՝ 8 վճիռ՝ մոտ 86 հազար եվրո, 2016-ին՝ կրկին 8 վճիռ՝ մոտ 83 հազար եվրո: Իսկ պատճառների մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին Հարությունյանը արձագանքել է. «Պատճառները, կարծում եմ, պարզ են՝ դա մեր դատական համակարգում առկա սխալներն են»:

 

 

ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵԼ Է
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն եւ պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեա Խալուպովային: Պ. Սվիտալսկին հետաքրքրվել է Երեւանում տեղի ունեցած հուլիսյան իրադարձություններին առնչվող քրեական գործերի նախաքննության ընթացքից: Վ. Շահինյանը փաստել է, որ հարուցված եւ քննվող քրգործերով կատարվում է լրիվ, անաչառ եւ բազմակողմանի քննություն:

 

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է
Սահմանադրական դատարանը երեկ հրապարակեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված խմբավորման անդամներ Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածների՝ 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը: ՍԴ-ն որոշեց, որ վիճարկվող հոդվածները` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը, 288-րդ հոդվածի 3-րդ մասը, համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

 

 

ԱՐԳԵԼԵԼ ԵՆ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Ուկրաինայից Հայաստան ներմուծել կենդանի խոզեր, նրանց գենետիկական նյութերը, խոզի մսի եւ այլ սննդային մսային հումք, վայրի խոզի միս, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքներ, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումք, խոզաստեւ, որսորդական հաղթանշաններ, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերեր եւ լրացակերեր (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի): Այս հրամանի նպատակն է կանխել Ուկրաինայում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության մուտքը Հայաստան:




Լրահոս