«ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՀԵՌՈՒ ԵՆ, ԲԱՅՑ ԱՆԳԻՐ ԳԻՏԵՆ ՄԵՐ ԵՐԳԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային, ժողովրդական երգերի կատարող Աղասի Իսպիրյանը պատրաստվում է ամիսներ անց ԱՄՆ-ում մասնակցել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված երեկոյի, ունի նաեւ հյուրախաղերի հրավեր արտերկրից: Մենք Աղասիի հետ զրուցել ենք պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ազգային երգչի պարտավորեցնող գործի մասին, պարզել ենք, թե ըստ նրա, որ երկրների հայ համայնքների կողմից են հայրենասիրական երգերն ամենապահանջվածը:

-Աղասի՛, առաջիկայում հյուրախաղեր ունե՞ք, առհասարակ, ո՞ր երկրների հայ համայնքներից եք ունենում համերգների ամենաշատ հրավերները:
-Այս աշնանը պատրաստվում եմ Ներսիկ եւ Արաբո Իսպիրյանների հետ մեկնել Ռուսաստան` համերգների: Եթե հեռահար ծրագրերից խոսելու լինեմ, ապա Ամանորի գիշերն էլ, երեւի, Հայաստանում չեմ լինի, սփյուռքի մեր հայրենակիցների հետ կնշեմ տոնը: Ինչ վերաբերում է հրավերների աշխարհագրությանը, ապա կարող եմ փաստել, որ ամենաշատը մեզ կանչում են Կանադայից, Հոլանդիայից, Գերմանիայից, Բելգիայից: Այս երկրների հայ համայնքները բավական ակտիվ են, ազգային-ժողովրդական երգի պահանջարկն էլ այնտեղ բավական մեծ է: Օրինակ` Կանադայի Մոնրեալ քաղաքում հայ համայնքը շատ կենսունակ է, այնտեղ հրաշալի սերունդ է դաստիարակվում: Առաջին անգամ Մոնրեալ այցելեցի 3-4 տարի առաջ եւ բավական զարմացած էի, որ տեղի հայ երիտասարդները բոլորը անգիր գիտեին մեր ազգային երգերը: Գովելի է, որ հայրենիքից այդքան հեռու լինելով` նրանք այդ աստիճան համախմբված են, օտարամոլ չեն: Այդ ամենը տեսնելուց հետո երգիչն էլ առանձնահատուկ ուժ է ստանում:
-Դուք պատերազմական իրավիճակում գտնվող երկրի երգիչ եք, ընդ որում, ազգային, ֆիդայական, հայրենասիրական երգեր եք կատարում: Սա պարտավորեցնող չէ՞: Չէ՞ որ Դուք պետք է հուզեք, ոգեւորեք, թեւեր տաք…
-Գիտեք` դեռեւս 1991 թվականից, երբ ես ընդամենը 11 տարեկան էի, ճանաչում էի Դուշման Վարդանին, շփվում էի դաշնակցական տղերքի հետ: Այսինքն` դեռ երեխա էի, բայց շատ տեղեկություններ ունեի հայրենիքիս, բանակիս մասին: Իհարկե, այդ հարցում մեծ է եղել ծնողներիս դերը, իսկ կոնկրետ ֆիդայական երգերի հանդեպ սերը պապիցս է փոխանցվել: Ես 10 տարեկան էի, ուզում էի գնալ դուրս, ընկերներիս հետ խաղալ, այնինչ՝ հայրս իմ հանդեպ շատ խիստ էր, անգամ անպատվում էր, ասում էր` քո գործն ուրիշ տեղ է, իսկ դու ուզում ես ընկնել փողոցները: Հիմա ես գիտակցում եմ, թե ինչ գործ եմ անում եւ երբեք ուրիշ երգիչների նման կողմնակի աշխատանքով չեմ զբաղվի, դա ճիշտ չէ. ամբողջովին նվիրվել եմ ազգային երգին: Ես գիտակցում եմ, որ պետք է մարդկանց օրինակ ծառայեմ իմ տեսակով. իմ ներկայացրած ժանրի երգիչը չպետք է ազգային երգ երգի, իսկ հինգ րոպե հետո ուրիշ ժանրի երգով «կայֆավատ» լինի:
-Իսկ մեր զինվորների հետ կապ ունե՞ք: Փոխադարձ շփում կա՞:
-Ես իմ վերջին տեսահոլովակը նվիրել եմ մեր քաջարի բանակին, ինքս ծառայել եմ հայոց բանակում, տեղյակ եմ այնտեղի կյանքից, լավ գիտեմ` ինչպիսին է մեր զինվորի վիճակը: Այնպես որ, ոչ միայն երգով, այլեւ անձնական փորձով եմ կապված բանակի հետ: Ամեն շաբաթ Ղարաբաղից, մասնավորապես` Ջաբրաիլից, Շուշիից, ինչպես նաեւ` Շամշադինից զինվորներ, սպայական կազմի անդամներ զանգահարում են ինձ, ասում են, որ իմ երգերն են լսում, ջերմ խոսքեր ենք փոխանակում: Այնպես որ, այդ կապը միշտ կա:
-Եվ վերջում, բացի համերգային ծրագրերից` կա՞ ազգային, ժողովրդական երգին առնչվող մի նախագիծ, որի շրջանակում ընդգրկված եք:
-Այո՛, մարտի 12-ին ԱՄՆ-ի «Նոկիա» թատրոնում կանցկացվի ժողովրդական, ազգային երգի մեծ երեկո` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Դա պետական միջոցառում է, եւ հրավիրված մի շարք երգիչների թվում եմ նաեւ ես:

 

 

 
«ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԴԵՐ ԽԱՂԱՑԻ»

Դերասան Լեւս Դավթյանը, ով հեռուստադիտողներին առավել հայտնի դարձավ «Եռաչափ սեր» սերիալից եւ «Yere1» ծրագրից, վերջին շրջանում էկրաններին այնքան էլ հաճախակի չի երեւում: Ուստի հեռուստադիտողներին հետաքրքրում է` ինչով է նա այժմ զբաղված, արդյոք առաջիկայում դերասանը հանդես կգա նոր նախագծում:

Եւ, ահա, վերջինս «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ նկարահանվում է հաղորդում-սերիալում, որը եթեր կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ. «Ներկայացվող տարբեր պատմությունների միջոցով անդրադարձ կկատարվի հոգեբանական, սոցիալական մի շարք խնդիրների: Կարծում եմ` նախագծի շուրջ դերասանական լավ կազմ է հավաքվել: Ինձ համար դրա շրջանակում աշխատելը հետաքրքիր էր այնքանով, որ ամեն անգամ նկարահանվելով փոքրիկ ֆիլմ-պատմության մեջ՝ հանդես եմ գալիս բոլորովին տարբեր կերպարներում եւ իմ մեջ բացահայտում եմ դերասանական նոր ունակություններ»,-մանրամասնեց նա:
Բացի այս նախագիծը` Լեւսը նկարահանվել է նաեւ 20 մասից բաղկացած սերիալում (ռեժիսոր` Հարություն Շատյան), որը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ. «Այստեղ հեռուստատեսային կյանքում առաջին անգամ բացասական դեր խաղացի (թատրոնում դրա նախադեպը եղել էր): Այս նոր փորձառությունը եւս մասնագիտական առումով ինձ համար հետաքրքիր էր, բայց միաժամանակ նաեւ բարդ: Սերիալի հիմքում կա սիրային պատմություն, ես մարմնավորել եմ գլխավոր կերպարներից մեկը»,-ասաց նա:
Մենք հետաքրքրվեցինք` ինչ փուլում են երեխաների համար դերասանական այն ստուդիայի աշխատանքները, որը բացել էին դերասաններ Սոնա Մաթեւոսյանը, Անաիս Սարդարյանը եւ ինքը` Լեւսը: Վերջինս տեղեկացրեց, որ ստուդիայի գործունեությունը կիսատ է մնացել, քանի որ դերասաններից բոլորի աշխատանքային գրաֆիկը բավական հագեցած է, եւ նրանք չեն հասցնում լիարժեք ժամանակ տրամադրել այդ գործին:
Մենք Լեւսին նաեւ հիշեցրինք, որ նախորդ տարի «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նշել էր, թե հայրենիքում իրեն պահող հանգամանքներից մեկն անձնական կյանքն է: Ուստի հետաքրքրվեցինք` այդ առումով որեւէ փոփոխություն դերասանի կյանքում կա, թե ոչ. «Չեմ ուզում անդրադառնալ դրան, կասեմ, որ անձնական կյանքում դեռ փոփոխություններ չկան: Ամեն դեպքում ես միշտ պատրաստ եմ լուրջ հարաբերությունների, եթե մի բան պետք է ստացվի, կստացվի»,-պատասխանեց նա:
Մենք հարցրինք` Լեւսը կցանկանար արդյոք, որ իր կյանքի ընկերուհին լիներ դերասանական ասպարեզից. «Քանի որ ես չափազանց խանդոտ եմ, դա կարող է խանգարող հանգամանք հանդիսանալ մեր հարաբերություններում, բայց հնարավոր է նաեւ, որ մեր համատեղ կյանքը հետաքրքիր ստացվի: Ամեն դեպքում, իմ խառնվածքն իմանալով` կարող եմ ասել, որ եթե ընտրյալս դերասանուհի լինի, ապա նրա կարիերան կտուժի»,-եզրափակեց Լեւսը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՆՎԻՐՎՈՒՄ Է ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎԻՆ
Մոսկվայի Գլինկայի անվան երաժշտական մշակույթի կենտրոնական թանգարանում բացվում է կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւի ծննդյան 85-ամյակին նվիրված «Առաջին ակնթարթից մինչեւ վերջինը» ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Այս տարի ցուցահանդեսը կկենտրոնանա կինեմատոգրաֆիայի բնագավառում կոմպոզիտորի աշխատանքների վրա: Ցուցահանդեսում զգալի տեղ է հատկացված այն ռեժիսորներին, որոնց հետ աշխատել է Թարիվերդիեւը. նրանց թվում են Միխայիլ Կալիկը, Պավել Արսենովը, Վենիամին Դորմանը, Տատյանա Լեոնովան, Էլդար Ռյազանովը, Վիկտոր Տիտովը եւ Սերգեյ Ուրսուլյակը: Ցուցահանդեսում ներկայացվելու են նաեւ կոմպոզիտորի ձեռագրերը, ֆոտոաշխատանքները, նրա լուսանկարչական ապարատը, հեռադիտակը, աստղային երկնքի քարտեզը եւ այլ անձնական իրեր: Բացման հանդիսավոր արարողությունից հետո այցելուներին սպասվում է համերգ` թանգարանի Պրոկոֆեւի դահլիճում: Երեկոյին կմասնակցեն վոկալիստուհիներ Օլգա Դզուսովան եւ Տատյանա Կուինջին, դաշնակահար Ալեքսեյ Գորիբոլը, երգեհոնահարուհի Եկատերինա Մելնիկովան եւ ուրիշներ: Ծրագրում Թարիվերդիեւի երաժշտությունն է՝ «Ցտեսություն, տղաներ», «Մարդը գնում է արեւի հետեւից», «Մնաս բարով», «Ռեզիդենտի ճակատագիրը», «Օլգա Սերգեեւնա», «Գարնան տասնյոթ ակնհարթ» ֆիլմերից:
 

«ՕՍԿԱՐ»` ՋԵԿԻ ՉԱՆԻՆ
Չին հայտնի դերասան Ջեկի Չանը «Օսկար» մրցանակ կստանա կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար: Այս մասին ասված է ԱՄՆ կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի հաղորդագրության մեջ: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 12¬ին, Լոս Անջելեսում:
Նշենք, որ Ջեկի Չանը` որպես գլխավոր դերակատար, նկարահանվել է հարյուրից ավել ֆիլմերում, որոնց թվում են «Հարբած վարպետը», «Շանհայի ասպետները», «Աշխարհի շուրջն ութսուն օրում»: Արեւելյան մենամարտերի վարպետ Ջեկի Չանը երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանիշում (61 մլն դոլար):

 

 

ԳԻԲՍՈՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է
Ամերիկացի օսկարակիր դերասան, ռեժիսոր Մել Գիբսոնը հաստատել է, որ աշխատում է 2004-ին թողարկված «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակության նկարահանման վրա, այն կոչվելու է «Համբարձում»: Այս մասին հաղորդում է IndieWire-ը: Գիբսոնի խոսքով` ֆիլմը կենտրոնացած կլինի Քրիստոսի հարության թեմայի վրա: Նա նշել է, որ ցանկանում է ոչ թե էկրանավորել աստվածաշնչյան տեսարանները, այլ դրանք ավելի ուշադիր ուսումնասիրել:




Լրահոս