Ինչպես հայտնի է` կառավարության երեկվա նիստին Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հրաժարականի ելույթով:
Իսկ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը ներկայացրեց նորանշանակ վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին. «Մենք բոլորս շատ լավ գիտենք պարոն Կարապետյանի ունակություններն ու ոճը: Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկարողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադրությամբ կանխորոշված ուղով, այսինքն՝ժամանակակից ուղով:
Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարապետյանի հետ երկար եմ զրուցել: Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչև Հայաստանի հանրապետական կուսակցությանը նոր ոգի հաղորդելը: Այսինքն՝ գրեթե ամեն ինչի մասին: Ես ստացել եմ փոփոխությունների ալիքը վստահորեն առաջ տանելու պատրաստ մարդու դրական պատասխան, ես տեսել եմ վստահություն և որ ամենակարևորն է՝ հավատ առ այն, որ դրված նպատակները իրատեսական են և իրականանալի»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
ArmLur.am-ի հետ զրույցում «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը նոր նշանակմանն անդրադառնալով` ասաց. «Սա շատ ձեռնտու էր իշխանությանը, մասնավորապես, Սերժ Սարգսյանին: Եթե Կարեն Կարապետյանը պետք է զբաղեցնի այդ պաշտոնը, ապա դա լավ կլինի, քանի որ նա կարգին անձնավորություն է»:
Տիգրան Կարապետյանը ողջունում է Կարեն Կարապետյանին և հրաժեշտ տալիս Հովիկ Աբրահամյանին: