Ինչպես եւ կանխավ տեղեկացրել էինք՝ երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց. «Չնայած ամենօրյա աշխատանքով եւ սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը, մենք դեռեւս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական եւ սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության եւ կառավարության միասնական ջանքեր:
Այդ պատճառով ես որոշել եմ հրաժարական տալ եւ նոր կառավարություն ձեւավորելու հնարավորություն ընձեռել Նախագահին»,- իր հրաժեշտի ելույթում նշեց արդեն նախկին վարչապետը: Իսկ երեկ երեկոյան էլ հատնի դարձավ, որ ՀՀԿ-ն որոշել է վարչապետի պաշտոնում առաջադրել Կարեն Կարապետյանի թեկնածությունը:
Թե Հ. Աբրահամյանի կառավարության անդամներից ովքեր կհեռանան նրա հետ, իսկ ովքեր կկարողանան վերանշանակվել արդեն Կ. Կարապետյանի կաբինետում, առայժմ հայտնի չէ: Մամուլում կոնկրետ նախարարների հետ կապված տարբեր տեղեկություններ են շրջանառվում:
Երեկ էլ ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով ԱԳ նախարար Էդ. Նալբանդյանի հրաժարականի մասին հարցին, ասաց.«Քանի որ տեղի է ունեցել վարչապետի հրաժարական, արդեն կառավարության բոլոր անդամները պաշտոնակատար են»:
«Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարության մյուս անդամներից փորձեց պարզել, թե ինչ ճակատագիր է սպասվում նրանց, եւ արդյո՞ք նոր ձեւավորվելիք կառավարությունում տեսնում են իրենց:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյան
-Պարո՛ն Լոքյան, Ձեզ տեսնո՞ւմ եք նոր ձեւավորվելիք կառավարությունում:
-Գիտեք, մեր տեսնելով չի, դա որոշում են քաղաքական համաձայնությունների արդյունքում, եւ հանրապետության նախագահի որոշումն է:
-Բայց Դուք ցանկանո՞ւմ եք շարունակել Ձեր պաշտոնավարումը:
-Հարցադրումը նորմալ չի: Եթե անհրաժեշտություն կա երկրում բարեփոխում անել, աշխատել, հնարավորությունները օգտագործել, կշարունակեմ, եթե ոչ, ոչ: շնորհակալոթյուն:
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյան
-Պարո՛ն Հարությունյան, տեղեկություններ կան, որ նոր կառավարությունում գյուղատնտեսության ներկայիս նախարարը չի լինելու, ինչպիսի՞ն է լինելու Ձեր ճակատագիրը:
-Ավելացնելու բան չունեմ:
-Կարո՞ղ է՝ Ձեզ ասել են, որ Դուք չեք լինելու նոր ձեւավորվելիք կառավարությունում, որ այսպես շտապ ու զայրացած գնում եք:
– Ավելացնելու բան չունեմ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան
-Պարո՛ն Ասատրյան, ի՞նչ է սպասվում Ձեզ:
Լռում է:
-Նոր ձեւավորվելիք կառավարությունում Ձեզ տեսնո՞ւմ եք:
Լռում է:
-Ինչո՞ւ եք լռում, կարող է՝ արդեն Ձեզ ասել են, որ նոր կառավարությունում Դուք չեք լինելու:
Լռում է:
Կոտայքի նախկին մարզպետ, 2014 թ. մայիսի 29-ին ՀՀ վարչապետի խորհրդական նշանակված Կովալենկո Շահգալդյանը Հ. Աբրահամյանի հայտարարությունից հետո առաջինը շտապեց հեռանալ կառավարության հետնամուտքով:
Մեր այն հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում իրեն, ում է այսուհետ խորհուրդ տալու, վերջինս ծիծաղելով արձագանքեց. «Պատասխանը թողնում եմ Ձեզ»: