Իշխանություններն ամեն կերպ փորձում են թաքցնել թալանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հանրությունը հնարավորություն չունենա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության եկամուտները գնահատելու, որ մարդիկ չտեսնեն այն թալանը, որը իրականացվում է բնակչությանը թանկ սակագնով էլէներգիա վաճառելու հաշվին:
Այսպես՝ պաշտոնապես հրապարակված հաշվետվություններից տեղեկանում ենք, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ ՀԷՑ-ը սպառողներին է մատակարարել 2 միլիարդ 967,4 մլն կՎտ/ժ էլէներգիա: Տեղեկացնենք, որ Հայաստանի ատոմակայանը, ՋԷԿ-երը եւ ՀԷԿ-երը ՀԷՑ-ին այս տարվա առաջին կիսամյակում մատակարարել են 60 միլիարդ 804 միլիոն 700 հազար դրամի էլէներգիա, սակայն ՀԷՑ-ը փաստացի արտադրողներին վճարել է 75 միլիարդ 793 միլիոն 700 հազար դրամ: ՀԷՑ-ը ՀԱԷԿ-ի եւ «Երեւան ՋԷԿ»-ի հանդեպ նախկինում կուտակած պարտքերը մարել է գերավճարումներով:

Իսկ էլէներգիայի բաշխման համակարգի գործունեության համար անհրաժեշտ ծառայությունների դիմաց ՀԷՑ-ը վճարել է 5 միլիարդ 758 միլիոն դրամ: Ի դեպ, այս դեպքում էլ ՀԷՑ-ը մատուցված ծառայություններից ավել է վճարել: Ընթացիկ տարվա ծառայությունների վճարների արժեքը եղել է 3 միլիարդ 411 միլիոն 100 հազար դրամ, սակայն ՀԷՑ-ը մարել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության հանդեպ նախկինում կուտակած պարտքերը: Այսինքն՝ փաստն այն է, որ ՀԷՑ-ը էներգետիկ բնագավառի բոլոր պետական ձեռնարկությունների հանդեպ պարտքեր է կուտակած եղել, որոնք այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով մարել է:

ՀԷՑ-ի ստացած եկամուտների եւ վաճառված էլէներգիայի տվյալների համեմատությունից ստացվում է, որ 1 կՎտ/ժ-ի իրացման միջին գինը կազմել է 33,5 դրամ: Սա այն դեպքում, երբ այս տարվա առաջին կիսամյակում ՀԷՑ-ը մատակարարված էլէներգիայի 69 տոկոսի դիմաց վճարել է 1 կՎտ/ժ-ը 5-ից 7 դրամ սակագնով, իսկ ընդհանուրի 25,4 տոկոսի սակագինը կազմել է 22-ից 25 դրամ, եւ միայն 4,9 տոկոս էլէներգիան է, որը ՀԷՑ-ը գնել է, այսպես կոչված, բարձր սակագնով՝ 42,9 դրամով: Հայաստանում սպառվող էլէներգիայի արտադրության սակագները առավել պատկերավոր դարձնելու համար ստորեւ բերված աղյուսակում ներկայացրել են արտադրող ընկերությունները, սպառված էլէներգիայի մեջ նրանց մատակարարածի մասնաբաժինը եւ ՀԷՑ-ի կողմից վճարվող մեկ միավորի սակագինը.
էլ.արտադր. ծավ. % գինը դր/կՎտ/ժ

ՀԱԷԿ- 47,4 5,5
Սեւանի կասկդ. 7,1 5
Տաթեի ՀԷԿ 14,4 7,4
Երեւան ՋԷԿ 5,9 22,2
Փոքր ՀԷԿ-եր 19,5 25
Հրազդան ՋԷԿ 4,9 42,9

Նկատենք, որ այսքանով հանդերձ ՀԷՑ-ը գերշահույթ է ունեցել: Էլէներգիայի իրացումից ՀԷՑ-ի մուտքերը կազմել են 115 միլիարդ 145 միլիոն 700 հազար դրամ: Ստացվում է, որ այս տարվա առաջին կիսամյակում ՀԷՑ-ի եկամուտը կազմել է 33 միլիարդ 594 միլիոն դրամ: Ընդունենք, որ ՀԷՑ-ի կես տարվա պահպանման եւ մնացած ծախսերը կազմում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած մեկ տարվա համար անհրաժեշտ գումարի կեսը՝ 18 միլիարդ 496 միլիոն դրամ: Այսպիսով ստացվում է, որ էլէներգիայի բաշխումից ՀԷՑ-ի զուտ շահույթը կազմել է 15 միլիարդ 97 միլիոն դրամ:
Ի դեպ, ՀԷՑ-ի կորուստները այս տարվա երկրորդ եռամսյակում կրկին նվազել եւ կազմել են 10 տոկոս: Ընթացիկ տարվա կորուստների ընդհանուր ցուցանիշը՝ տոկոսային արտահայտությամբ, կազմել է 10,7 տոկոս, իսկ ապրանքային արտահայտությամբ՝ 303 միլիոն 500 հազար կՎտ/ժ: Այսինքն՝ անցած տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ ՀԷՑ-ի կորուստները նվազել են 60 մլն կՎտ/ժ-ով: Եթե կորուստների նվազումը վերածենք գումարի, ապա կստացվի, որ այս տարվա առաջին կեսին, անցած տարվա հետ համեմատած, ՀԷՑ-ի խնայողությունը կազմել է ավելի քան 2 միլիարդ դրամ: Հատկանշական է այն փաստը, որ էլէներգիայի սակագինը հաշվարկելիս ՀԾԿՀ-ն կորուստների չափը հաշվարկել է 11,2 տոկոս: Այսինքն՝ ստացվում է, որ ՀԷՑ-ի կառավարման որոշակի բարելավումից հետո միայն կորուստների նվազեցման հաշվին այդ ընկերությունը վերջին մեկ տարում ավելի քան 5 միլիարդ դրամ է խնայել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս