Հոգնել էի ռուսի դերից, բայց այս մեկն ուրիշ է. Յուրի Իգիթխանյանը` նոր կինոկատակերգությունում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Յուրի Իգիթխանյանը, ով այժմ նկարահանվում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում, որպես պրոդյուսեր-համակարգող` չի կարողանում իրականացնել, իր խոսքով, հայկական շուկայի համար աննախադեպ մի ծրագիր հովանավոր չունենալու պատճառով: Հեռուստածրագիրը մշակման փուլից առաջ չի անցնում. «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը իր ազդեցությունն ունի նաեւ մեր ոլորտի վրա, ամեն դեպքում, հովանավոր գտնելու հարցում փորձում եմ գործի դնել անձնական կապերս»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց նա:

14281316_1139682396112825_1550155727_n

Երեւանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի նախկին դերասանին հարցրինք` արդյոք ունի թատրոնից հրավերներ կամ այնտեղ վերադառնալու ցանկություն. «Խաղացանկային թատրոնում հանդես գալն ինձ համար շատ բարդ է, ես ազատ ռեժիմով աշխատելու կողմնակից եմ. այսինքն` խաղացանկը պետք է հարմարեցնեմ ինձ, ոչ թե հակառակը: Իսկ այդպես չի ստացվում»,-պատասխանեց նա:

Յուրին, սակայն, նշեց, որ որպես պրոդյուսեր՝ թատերական հետաքրքիր նախագիծ իրականացնելու ցանկություն ունի. «Դա կանեմ այն ժամանակ, երբ գտնեմ երիտասարդ, կրեատիվ մտածողությամբ ռեժիսոր, համապատասխան պիես, եւ երբ հնարավոր կլինի նյութը մատուցել 21-րդ դարի շնչով»,-ասաց նա:

14315942_1139682406112824_218592885_o

Ինչ վերաբերում է գեղարվեստական ֆիլմերին, ապա Յուրին ուրախությամբ հայտնեց, որ առիթ է ունեցել դերասան Հայկ Մարությանի թիմի հետ հետաքրքիր ու հաճելի համագործակցություն ունենալ նոր կինոկատակերգության շրջանակում: Դերասանի խոսքով` ինքը մարմնավորելու է գյուղի ռուս տղամարդու կերպար:
Մեր այն դիտարկմանը, որ Յուրիին բավական հաճախ են բաժին ընկնում ռուս տղամարդկանց դերեր, վերջինս պատասխանեց. «Այո՛, ճիշտն ասած, նույնիսկ հոգնել էի ռուսի դերից, կար մի ընթացք, որ հրաժարվում էի հրավերներից, այդ թվում` իրավաբանների, բժիշկների ու Մոսկվայից եկած գանգստերների կերպարներից. անընդհատ նույն բանը խաղալը հետաքրքիր չէ, սցենարիստներն էլ ջանք չեն գործադրում, որպեսզի մի փոքր այլ կերպ ներկայացնեն այդ կերպարներին, բայց սա ուրիշ ռուս է (ծիծաղում է):

14273314_1139682402779491_1585874358_o

Այս ֆիլմում խաղացածս կերպարի տեսակը բավական ինքնատիպ է»,- եզրափակեց նա` խոստանալով, որ առաջիկայում հանդիսատեսը հնարավորություն կունենա մեծ էկրանին յուրահատուկ լուծումներով ֆիլմ դիտել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս