Կարեն Կարապետյանը Բելլա Քոչարյանի ազգականն է. «Մոսկովսկի կոմսոմոլեց»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը փոխեց երկրի վարչապետին մեկ օրում, գրում է ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը:

Նախօրեին կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց հրաժարական տալու մասին: Իսկ երեկոյան Հանրապետական կուսակցությունը հաստատեց նոր վարչապետի՝ Կարեն Կարապետյանի թեկնածությունը, հիշեցնում է պարբերականը:

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը, հղում անելով հայկական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ կառավարության ղեկավարի փոփոխությամբ գործը չի ավարտվի. կազատվեն նաև մի շարք այլ նախարարներ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Պարբերականը նշում է, որ Հովիկ Աբրահամյանը նշանակվել էր 2014թ.: «Նրա կարծիքով՝ կառավարությունը կատարել է իր առջև դրված խնդիրները»,- գրում է պարբերականը:

Սակայն հուլիսյան դեպքերից հետո, ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը, երբ զինյալները գրավեցին Երևանում ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը, պարզ դարձավ` առանց բարեփոխումների անհնար է: Սերժ Սարգսյանը մեծ հույսեր է կապում կառավարության նոր ղեկավարի հետ:

Պարբերականը հարկ է համարում հիշեցնել, որ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետի պաշտոնում մնաց մոտ մեկ տարի, սակայն այդ ժամանակահատվածում տարբերվեց նրանով, որ քաղաքը մաքրեց ինքնակառույց կրպակներից: Որոշները նրան «շնորհակալություն» հայտնեցին, փողոցային առևտրականները, հակառակը, նրան մեղադրեցին «փոքր բիզնեսը» ոչնչացնելու մեջ: Բացի այդ, ինչպես գրում է պարբերականը, հայտնի է, որ Կարեն Կարապետյանը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ մոտ ազգականն ու հենց Քոչարյանի հեռու բարեկամն է: «Այնպես որ, այդ թեկնածությունը կարող է միավորել Հայաստանի տարբեր քաղաքական ուժերին»,- հավելում է պարբերականը:

Քրիստինե Պողոսյան




Լրահոս