Սեպտեմբերի 6-ին ԱԺ արտաքին գործերի հանձնաժողովում քննարկվում էր «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջեւ մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին» համաձայնագիրը: Չինաստանի այս տարածքը հայտնի է իր խաղատներով:
ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը ՀՀ կառավարության քայլը այսպես մեկնաբանեց. «Իսկապես, Մակաոի բյուջետային մուտքերի երկու երրորդը զարգացած տուրիստական բիզնեսից հարկվող գումարներն են կազմում, իսկ տուրիզմն էլ այնտեղ զգալի չափով խարսխված է հանրահայտ խաղատների և զվարճանքի վայրերի առկայության վրա: Այս հանգամանքն, անշուշտ, կարող է գործնական հետաքրքրություն ներկայացնել Հայաստանի խաղատնային բիզնեսի ներկայացուցիչների համար, քանի որ առանց արտոնագրի Հայաստան գալու հնարավորությունը կարող է հետաքրքրություն առաջացնել Մակաո այցելող կազինոների հաճախորդների համար՝ այստեղ բախտը փորձելու գայթակղություն առաջացնելով»:
Նրա խոսքով այդ բիզնեսը սպեցիֆիկ օրինաչափությունների է ենթարկվում. «Որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու մենք պետք է զգուշանանք խաղատների այցելուների ներհոսքից: Դրա հետ մեկտեղ արժե, որ հիշենք, որ Մակաոյի արտահանման գծով ստացվող եկամուտների երկու երրորդը գոյանում է տեղական տեքստիլ արտադրանքի առաքումներից, իսկ բնակչությունը կրթվածության տեսանկյունից աշխարհի առաջատար պետությունների հետ միանգամայն համեմատելի մակարդակ ունի»:
Մելիքյանը նաեւ նշեց, որ դրան գումարած, նաև բնակչության կյանքի տևողության չափանիշով Մակաոն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը: «Չեմ բացառում նաև, որ համաձայնագրի կնքմանը նպաստող հանգամանք է եղել այն, որ Մակաոյի բնակչության զգալի մասը կաթոլիկներ են և երկկողմ հարաբերությունների այսօրինակ զարգացմանը կարող է նպաստած լինել հատկապես Վատիկանի հետ պաշտոնական Երևանի ունեցած հարաբերությունների որակը, այդ թվում՝ Հռոմի Պապի այս տարի Հայաստան կատարած այցելությունը ևս կարող էր երկկողմ հարաբերությունների զարգացման համար որոշակի խթան լինել»,-եզրափակեց իր խոսքը Մելիքյանը:
Արփինե Թովմասյան