Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի «մարդն է», ոչ թե Մոսկվայի. ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն  է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

– Պարո′ն Տարասով, ըստ Ձեզ, ի՞նչ դեր ունի Մոսկվան ՀՀ վարչապետի փոփոխության հարցում:

– Մոսկվան ոչ մի դեր չի ունեցել, Մոսկվան ուղղակի հետևում է իրադարձություններին, այս ամենը միայն ներքին որոշումներ են: Եթե կարծում են, որ Մոսկվան որևէ կապ ունի, ապա դա ապատեղեկատվություն է և իրականության հետ կապ չունի:  Մոսկվան ուղղակի հետևում է իրադարձություններին, դա ես վստահ կարող եմ ասել. չէ որ ի վերջո Հայաստանը մեր դաշնակիցն է, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի մեր գործընկերը: Մենք չենք կարող անտարբեր վերաբերվել Հայաստանում տիրող գործընթացների հանդեպ:

– Իսկ Կարեն Կարապետյանին կարո՞ղ ենք անվանել «Մոսկվայի մարդ»:

– Ոչ, չենք կարող, այս դեպքում նա Սերժ Սարգսյանի մարդն է և վերջինս ընտրել է այնպիսի անձնավորության, ում հետ իրեն հարմար կլինի աշխատել: Նրա` Ռուսաստանում ապրելը ոչ մի նշանակություն չունի, նրանք իրենց հայրենիքի մարդիկ են, Հայաստանի համար են գործում: Սերժ Սարգսյանն ընտրում է մարդկանց, ում հետ իրեն հարմար կլինի աշխատել, Մոսկվան չի աշխատելու կառավարության հետ, այլ հենց Սարգսյանը:

– Իսկ վարչապետի փոփոխությունը կարո՞ղ է հետևանք լինել Հայաստանում հուլիսին տեղի ունեցած իրադարձությունների:

– Այո, Ս. Սարգսյանը խոստացել էր, որ այդ իրադարձություններից հետո փոփոխություններ են լինելու, և նա կատարեց իր խոստումը: Հայ հասարակությունը, հատկապես այդ դեպքերից հետո, փոփոխությունների պահանջ ունի, որն էլ կատարում է Հայաստանի ղեկավարությունը:

– Իսկ այս ամենում տեսնո՞ւմ եք ներքաղաքական հանգամանքներ, մասնավորապես, տեսակետներ կան, որ Սերժ Սարգսյանը մինչ հաջորդ ընտրություններ փորձում է հասարակության վստահությունը վերականգնել և ներկայացնել, թե հետևություններ արվում են:

– Իհարկե, հետևություններ պետք է արվեն, և քանի դեռ դրանք չեն բարձրաձայնվել, պետք է սպասել: Հիմա, իսկապես հանրապետությունը պատրաստվում է ընտրությունների և ոչ պարզ իրավիճակ է: Հայաստանը փոխում է վարչապետին, միգուցե ինչ-որ այլ ներքաղաքական փոփոխություններ ևս լինեն, և մենք ուղղակի հետևում ենք, ոչ ավելին:

– Իսկ Ձեր կարծիքով, Կարեն Կարապետյանը տնտեսական առումով ավելի հաջողությունների կհասնի, քան Հովիկ Աբրահամյանը:

– Ես անձնապես Կարեն Կարապետյանին չեմ ճանաչում, սակայն նրա մասին միայն լավն եմ լսել: Միգուցե, նրա կկարողանա կատարել իր առջև դրված խնդիրները: Մեզ մի փոքր մտահոգում է այն, որ նա նշանակվում է վարչապետ մինչ խորհրդարանական  ընտրությունները և հարց է առաջանում, նա կկարողանա իր պոտենցիալն իրացնել:

– Այդ դեպքում, ըստ Ձեզ, ինչու Սերժ Սարգսյանը չսպասեց մինչև ընտրությունները:

– Դա կապված է ապրիլյան և հուլիսյան դեպքերի հետ: Դրանցից հետո փոփոխությունների անհրաժեշտություն առաջացավ, և բոլորը հասկանում են, որ ներքին կյանքում փոփոխությունների անհրաժեշտություն կա:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս