Համայնքների բյուջեները ևս թերակատարվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության մեջ բազմաթիվ տվյալներ կան, որոնք թույլ են տալիս գնահատել Հայաստանում առկա սոցիալական վիճակը` հասկանալու համար, արդյոք մարդիկ այսօր ավելի լավ են ապրում, քան երեկ, թե նրանց վիճակն է՛լ ավելի է վատթարացել:

Հատկապես մարզերում առկա սոցիալական վիճակի գնահատման համար կարեւոր տվյալներից մեկը գյուղացիների կողմից հարկերը վճարել-չվճարելու հանգամանքն է: Հասկանալի է, որ եթե գյուղացիների եկամուտները ավելանում են, ապա նրանք համեմատաբար ավելի քիչ են խուսափում հարկերը վճարելուց եւ հակառակը, երբ գյուղացու սոցիալական վիճակը սկսում է վատթարանալ, ապա նա առաջինը հենց հարկերը վճարելն է կրճատում իր ծախսերից: Այս երեւույթը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի գյուղերում դատական կարգով հարկերը բռնագանձելու երեւույթը գրեթե չի գործում, քանի որ համայնքի ղեկավարները խուսափում են իրենց համագյուղացիների հետ առճակատման գնալուց, ի վերջո, նրանք հետագայում ստիպված են լինելու այդ նույն համագյուղացիների քվեն խնդրել:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության այս տարվա յոթ ամիսների արդյունքներով հողի հարկի հավաքագրումը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 6,4 տոկոսով: Այս տարի ողջ հանրապետությունում հավաքագրվել է 1 միլիարդ 368 միլիոն 100 հազար դրամի հողի հարկ` անցած տարվա 1 միլիարդ 461 միլիոն 900 հազար դրամի դիմաց: Անկումը կազմել է 93 միլիոն 800 հազար դրամ:

Ի դեպ, հողի հարկը թերեւս այն եզակի հարկատեսակներից է, որի դեպքում անկումն ուղղակի փաստում է, որ բնակչության կենսամակարդակը եւս նվազել է: Համայնքների կողմից հավաքագրվող մյուս հարկատեսակի` գույքահարկի դեպքում բնակչության վճարունակության տատանումը կարող է նկատելի չլինել, քանի որ անկախ ամեն ինչից հանրապետության կտրվածքով անշարժ գույքի մակերեսը եւ ավտոմեքենաների թիվն ավելանում է, թեկուզ հենց մեծահարուստների կողմից կառուցված էլիտար շենքերի ու գնած թանկարժեք ավտոմեքենաների հաշվին: Արդյունքում կարող է այնպես ստացվել, որ չնայած գյուղացիների մի զգալի մասը գույքահարկի գծով պարտքեր կուտակի, բայց այդ հարկատեսակի գծով ընդհանուր մուտքերն աճեն:
Ըստ Հայաստանի համախմբված բյուջեի տվյալների՝ ընթացիկ ծախսերը յոթ ամիսներին կազմել են 603 միլիարդ 446 միլիոն դրամ, որի մոտ 12 տոկոսը` 71 միլիարդ 170 միլիոն 300 հազար դրամը, ծախսվել է աշխատավարձերի վրա: Հիշեցնենք, որ համախմբված բյուջեն իր մեջ ներառում է ինչպես պետական կառավարման, այլ նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների երկամուտներն ու ծախսերը: Ի դեպ, անցած յոթ ամիսներին տոկոսավճարների վրա ծախսվել է 44 միլիարդ 487 միլիոն 900 հազար դրամ: Այլ կերպ ասած՝ նշված գումարը ծախսվել է Հայաստանի պետական պարտքի սպասարկման համար: Այդ ցուցանիշն անցած տարվա համեմատ աճել է 33,5 տոկոսով: Սա այն դեպքերից է, երբ աճը ոչ մի լավ բան չի խոստանում:

Երեկվա դրությամբ Հայաստանի պետական բյուջեի ծախսերը կազմում էին 904 միլիարդ 711 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական «Էլեկտրոնային կառավարում» ինտերնետային կայքում հրապարակված տվյալներից: Ըստ նույն աղբյուրի՝ 1 տրիլիոն 427 միլիարդ 277 միլիոն դրամ կազմողՀՀ պետական բյուջեում առաջիկա չորս ամիսների համար մնացել է 522 միլիարդ 566 միլիոն դրամ: Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ պետական բյուջեի եկամուտները ամեն ամիս ավելի են պակասում, կարելի է ենթադրել, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում ստիպված է լինելու մի շարք ծախսերից հրաժարվել կամ էլ դրանց դիմաց վճարումները հետաձգել եկող տարի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս