Կիպ եւ կարճ զգեստներին փոխարինում են արքայադստեր հագուստները. աշնանային նորաձեւության վերջին միտումները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերիս համար ամենասպասված սեզոնը` գունառատ եւ ռոմանտիկ աշունը, արդեն այցելել է մեզ, իսկ արդյոք մենք պատրա՞ստ ենք այն ընդունելու: Իհարկե, դժվար է արեւառատ օրերից հետո անցում կատարել այնպիսի եղանակի, որը պարտադրում է կրել շարֆեր, հագնել բաճկոն ու կոշիկներ` չմոռանալով անձրեւանոցի մասին, սակայն ժամանակն է, որ պատրաստենք զգեստապահարանները` աշունը հավուր պատշաճի դիմավորելու համար:
Իսկ այդ հարցում մեզ կօգնի ոճաբան Արփինե Կոշտոյանը:

14315982_1139682639446134_1457922612_o

Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այս աշունը մի շարք նոր տենդենցներ է թելադրում, սակայն անհրաժեշտ է ընտրել այնպիսիք, որոնք համապատասխանում են մեր ոճին եւ անհատականությանը: Այնուամենայնիվ, այսօր նորաձեւության աշխարհում այնքան հետաքրքիր միքսեր կարելի է ստանալ, որ անգամ ամենատարբեր ոճերի միախառնման արդյունքում հնարավոր է երեւալ սուպերնորաձեւ:

14256390_1139682626112802_1767432413_n

Այսպիսով` սկսենք գործվածքներից: Այս աշնանը ամենանորաձեւը համարվում է թավիշը` իր բոլոր երանգներով: Մոդայիկ են նաեւ բնական կտորները` մետաքս, շիֆոն, բատիստ, որոնցով կարելի է ստեղծել գիշերազգեստ հիշեցնող զգեստներ` համադրված նուրբ ժանյակներով: Ինչ վերաբերում է գույներին, ապա այս սեզոնին մոդայիկ են ոչ թե վառ երագները, այլ այնպիսիք, որոնք զուգորդված են սեւի` մեկ կաթիլ երանգով:

14284846_1139682632779468_2054379572_o

Ոճաբանի խոսքով` այս աշնանը շարունակում է նորաձեւ մնալ բոթասի եւ դասական ոճի հագուստի միքսը, որը հարմարավետություն ապահովելու եւ խելահեղ լուծումների լայն հնարավորություններ է տալիս: Սեզոնին նորաձեւ են համարվում նաեւ ուղիղ կտրվածքներով զգեստները, որոնք իրենց ձեւվածքով բավական պարզ են: Իսկ քանի որ ցանկալի է մարմնի եւ զգեստի միջեւ որոշակի տարածության առկայությունը, նմանատիպ զգեստները կտան այդ հնարավորությունը` ընդգծելով կնոջ անհատականությունը:

«Ասեմ, որ կիպ, ինչպես նաեւ` կարճ զգեստներն այլեւս մոդայիկ չեն: Փոխարենը բավական ակտուալ են հանճարեղ Դիորի մոտեցմամբ ստեղծված փարթամ փեշերով զգեստները, որոնք կարծես արքայադստեր համար կարված լինեն: Դրանք հասնում են մինչեւ ծնկի տակը, կարող են նույնիսկ մի փոքր ավելի երկար լինել: Այդ զգեստները տոն օրերին կարելի է կրել բարձրակրունկներով, իսկ առօրյայում՝ բոթասներով»,-խորհուրդ տվեց Ա. Կոշտոյանը:

Նրա փոխանցմամբ` այս աշնանը մոդայիկ են նաեւ կողային շերտագծերով տաբատները (лампас), որոնք ասոցացվում են սպորտային հագուստի հետ. «Դրանք հեշտ են համադրվում պիջակների, վերնաշապիկների, ինչպես նաեւ նրբագեղ տոպերի հետ, բացի այդ` վիզուալ առումով ոտքերը դարձնում են սլացիկ»,-հավելեց ոճաբանը:

Սեզոնի գլխավոր հիթ են համարվում նաեւ վերնաշապիկները` լայն, մեծ թեւերով, կամ առանց ուսերի, ինչպես նաեւ` վերնաշապիկներ, որոնք կարելի է կրել որպես զգեստ:

14302831_1139682619446136_1754583919_n

Ինչ վերաբերում է վերարկուներին, ապա սեզոնին մոդայիկ են oversize, բավական երկար, մեծ օձիքներով մոդելները, որոնց հետ կարելի է համադրել գլխարկներ, տարբեր աքսեսուարներ, մեծ չափի շարֆեր` հետաքրքիր, գունեղ պրինտներով:
Գլխարկներից մոդայիկ են թե՛ կեպիները, թե՛ լայնեզր մոդելները. ընտրությունը պետք է կատարել ըստ դեմքի կառուցվածքի:

Սեզոնի ամենակարեւոր հիթերից են ծոփքերը, որոնք կարելի է կիրառել բլուզների, անթեւ ժակետների ու կիսաշրջազգեստների վրա:

Ինչ վերաբերում է պայուսակներին, ապա, ըստ ոճաբանի, այս աշնանը ակտուալ են ուսապարկերը:

14287577_1139682622779469_2051873271_n

Եվ, իհարկե, չէինք կարող շրջանցել կանանցից շատերի թուլությունը` զարդերը. «Այս աշնանը նախընտրելի է կիրառել նուրբ շղթաներ, փայտե զարդեր ու բահրամաներ»,-եզրափակեց ոճաբանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս