Վերջին օրերին շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Ժառանգություն» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականից, հնարավոր է՝ առաջիկայում պաշտոնանկ արվի: Իբրեւ պատճառ նշվում է այն հանգամանքը, որ Անահիտ Բախշյանը «ընդդիմադիր» է: Իսկ գործընթացը «հրահրողը» ՀՅԴ-ն է:
Դաշնակցական Լեւոն Մկրտչյանի՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար դառնալուց հետո նրա կուսակիցները ցանկանում են այդ ոլորտի ողջ վարչական ռեսուրսը իրենց վերահսկողության տակ վերցնել: «Ժողովուրդը» փորձեց այս տեղեկությունները ճշտել հենց Անահիտ Բախշյանից: Վերջինս հավաստիացրեց, թե նման զարգացումների մասին տեղեկություն չունի: «Չեմ լսել նման բան, այդ լուրերը չեմ մեկնաբանի: Չկա ասելու բան, ինչ պետք է մեկնաբանեմ»,- ասաց Անահիտ Բախշյանը: