Ինչ կտա Կարեն Կարապետյանի նշանակումը Հայաստանի տնտեսությանը. պետական պարտքը ռեկորդային տեմպերով աճում է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մեկ ամսում Հայաստանի պետական պարտքը աճել է 100 միլիոն 700 հազար դոլարով, եւ սեպտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 5 միլիարդ 484 միլիոն 900 հազար դոլար:

Փաստորեն Հայաստանի պետական պարտքը շարունակում է ամեն ամիս աճել եւ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում նորանոր ռեկորդներ է սահմանում: Միայն այս տարվա ութ ամիսներին Հայաստանի պետական պարտքը աճել է 407 միլիոն 200 հազար դոլարով: Սակայն ողջ խնդիրն այն է, որ առաջիկա ամիսներին եւս այն շարունակելու է աճել, ինչը կասկածից վեր է:

Ի դեպ, այլեւս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման երկուսուկես տարիների ընթացքում, այսինքն՝ 2014 թվականի ապրիլից մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի պետական պարտքն աճել է 924 միլիոն 230 հազար դոլարով: Նշված գումարից 653 միլիոն 900 հազար դոլարը բաժին է հասնում արտաքին պարտքին:

Հայաստանի կառավարությունը, որը տնտեսական հարաբերություններում պետք է զուտ արբիտրի դերակատարություն իրականացներ եւ ապահովեր հավասար խաղի կանոնները, աստիճանաբար ինը սկսեց վերածվել «գործարարի»: Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի՝ խոշոր գործարարի նշանակումը հուշում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակելու են վերը նշված քաղաքական գիծը: Իսկ նման պայմաններում Հայաստանի տնտեսությունում իրավիճակը չի կարող էապես բարելավվել: Լավագույն արդյունքը, որը Կարեն Կարապետյանը կփորձի ապահովել՝ կառավարչի իր ունակությունները օգտագործելով, Հայաստանի տնտեսության սրընթաց անկումը կանգնեցնելն է կամ էլ առնվազն այդ գործընթացը դանդաղեցնելը: Թերեւս հենց այդ նպատակով է Սերժ Սարգսյանի ընտրությունը հենց նրա վրա կանգնել՝ որպես փոփոխության սիմվոլի: Տեսնենք՝ ինչ կստացվի:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Վահագն Հովակիմյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս