Armenian text to speach

Մանկավարժական համալսարանում ուսանողների պակաս կա՞. պարզաբանում է ռեկտորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մամուլում շարունակ  լուրեր են շրջանառվում այն մասին, որ Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ղեկավարությունը ուսանողների թվի նվազման պատճառով  պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում լայնածավալ կրճատումներ է սկսել: Հատկապես կրքերը սուր են կուլտուրայի ֆակուլտետում, որտեղ աշխատանքից ազատվել են 3 դասախոսներ, իսկ մի քանիսի ծանրաբեռնվածությունն իջեցվել է:

ArmLur.am-ն, անդրադառնալով այս թեմային, զրուցեց  Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հետ:

-Պարո՛ն Միրզախանյան, մանկավարժական համալսարանում կադրային ի՞նչ փոփոխություններ են եղել և հատկապես ո՞ր ֆակուլտետներում:

-Լրագրության ամբիոնում երեք դասախոսների դրույքաչափն է իջել, ոչ թե նրանք կրճատվել են: Այդ կապակցությամբ համալսարանի լրատվական վարչությունը համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել` ասելով,  որ այս  հանգամանքը պայմանավորված է նրանով, որ այս տարի լրագրության բաժնում նախատեսվածից պակաս քանակությամբ է եղել ընդունելություն: Հետևաբար, դրա հետևանքով դասաժամերի սակավություն կա, բայց մենք հուսով ենք, որ երկրորդ սեմեստրին հնարավորություն կունենաք այդ բացը լրացնելու:

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված ուսանողների սակավությունը.  վարձավճարը, դասախոսական անձնակազմը… 

-Մնակավարժական համալսարանը բուհերից միակն է, որ վերջին 6-7 տարիների ընթացքում ուսման վարձ չի բարձրացրել: Իսկ ամբիոնի որակական մասին կարող եմ ասել, որ այն միշտ, ավանդական առումով, աչքի է ընկնում բավականին բարձր որակավորում  ունեցող դասախոսական կազմով: Այս ամբիոնում դասավանդում են լրագրության երևելի դեմքեր, մի շարք թերթերի գլխավոր խմագիրներ: Չնայած մեզ հաջողվել է պահպանել բակալավրիատում ուսանողների թիվը, իսկ մագիստրատուրայում մոտավորապես 15%-ի աճ կա, սակայն այդ ամենը հավասարապես չի բաշխված, կան բաժիներ, որտեղ առկա է նվազում և կան բաժիններ, որտեղ կա ավելացում: Ցավոք լրագրության բաժնում, համեմատության մեջ դնելով անցած տարվա թվի հետ, արձանագրել ենք նվազում: Կարծում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում այս վիճակը կլինի բարվոք:

զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս