Հայաստանում արձանագրվել է 1.6 տոկոս գնանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում արձանագրվել է 1.6 տոկոս գնանկում: Սակայն ուրախանալ պետք չէ, քանի որ ըստ մասնագետների՝ ԱՎԾ-ի կողմից արձանագրված գնանկումը խոսում է տնտեսության անառողջ վիճակի կամ լճացման մասին:

Գնանկման պատճառը հիմնականում պահանջարկի անկումն է` պայմանավորված բնակչության գնողունակության նվազմամբ, արտագաղթով կամ այլ գործոններով: Գնանկումը նույնիսկ կենցաղային խոսակցություններում կարող է դրական համարվել միայն այն դեպքում, երբ բնակչության գնողունակությունը աճել է, իսկ գները՝ նվազել: Սակայն իրականում այդպես չէ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ սպառման ապրանքների գները վերոնշյալ ժամանակահատվածում նվազել են 3.2, պարենային ապրանքներինը՝ 4.1, ոգելից խմիչքի, ծխախոտի գները՝ 0.8, ոչ պարենային ապրանքների գները՝ 1.9 տոկոսով: Իսկ, ահա, ծառայությունների սակագները 2.3 տոկոսով թանկացել են:
Այս օգոստոսին բանջարեղենի եւ կարտոֆիլի շուկայում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 12 տոկոս գնանկում: Այսինքն՝ 62.9 տոկոսով էժանացել է սմբուկը, 35.7 տոկոսով՝ ծաղկակաղամբը, 25.7 տոկոսով՝ լոլիկը: Էժանացել են նաեւ կանաչ պղպեղը, ճակընդեղը, գլուխ սոխը, վարունգը, սխտորը, խառը կանաչին եւ այլն: Ի դեպ, նշենք, որ վերոնշյալ ժամանակահատվածում 7.3 տոկոսով նվազել է նաեւ կարտոֆիլի գինը:

Կարտոֆիլի գնանկման պատճառ է դարձել ապրիլին Ռուսաստանից մեծ քանակությամբ կարտոֆիլի ներկրումը, ինչը լուրջ վնաս է հասցրել կարտոֆիլի մշակությամբ զբաղվող ֆերմերներին: Բանն այն է, որ նրանք մեծ ծախսեր են կատարել եւ հիմա կարտոֆիլը էժան գնով վաճառելու դեպքում չեն կարողանում իրենց կատարած ծախսերը հետ բերել: Բացի կարտոֆիլի գնակումից՝ բանջարեղենի շուկայում գրանցվել է գազարի 0.7, սնկի 1.1, կաղամբի 2, կանաչ լոբու 6.9 տոկոս գնաճ:

Այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թանկացել է նաեւ խաղողի գինը՝ 2.7 տոկոսով: Վերջինիս թանկացման պատճառն այն է, որ այս տարի կարկուտը վնասեց բերքը, եւ մեծ քանակությամբ խաղող չհավաքվեց, ինչպես նախորդ տարի: Բացի այս, որոշ մարզերում դեռ չի սկսվել խաղողի բերքահավաքը:

Խաղողի շուկայից անցում կատարենք դեպի առաջին անհրաժեշտության սննդատեսակների շուկա: Կաթնամթերքի շուկայում այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 3.5 տոկոս գնանկում:

Իսկ, ահա, ձուն նշված ժամանակահատվածում 12.7 տոկոսով թանկացել է: Ըստ ԱՎԾ-ի՝ հանրապետության բոլոր քաղաքներում այս տավա օգոստոսին, հուլիսի համեմատ, ձվի գինն աճել է 7.3-28.9 տոկոսով: Ի դեպ, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: Իսկ մայրաքաղաք Երեւանում ձվի գինն աճել է 17.7 տոկոսով:

Շաքարավազի գինը եւս բարձրացել է՝ 4.4 տոկոսով: ՀՀ բոլոր քաղաքներում գրանցվել է շաքարավազի 1.6-3.4 տոկոս գնաճ: Երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում շաքարավազի գինն աճել է 1.7 տոկոսով:

Փոխարենը ձկնամթերքի գներն են շարունակում նվազել: Այս օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ձկնամթերքի շուկայում արձանագրվել է 3.9 տոկոս գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է «Իշխան» եւ «Ստերլետ» ձկնատեսակների 0.6 եւ 0.5 տոկոս գնանկմամբ: Ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների համոզմամբ ձկնամթերքի գնանկման միակ պատճառը դեպի ՌԴ արտահանման ծավալների նվազումն է եւ մարդկանց գնողունակության անկումը:

Մսամթերքի շուկայում նույնպես գնանկում է արձանագրվել՝ 4.3 տոկոս: Սակայն այս օգոստոսին, հուլիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է նրբերշիկի, թռչնամսի, եփած եւ բարձր տեսակի ապխտած երշիկեղենի, խոզի մսի գնաճ: Իսկ, ահա, ոչխարի մսի գինը նվազել է 3.3 տոկոսով, հավի բդինը՝ 1.5 տոկոսով: Տավարի մսի գինը չի փոխվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս