Մեր քաղաքացիների մի ստվար զանգված վերջին շրջանում սոցիալական ցանցերում եւ տարբեր հարթակներում դժգոհում է այն հանգամանքից, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան այցելելու դեպքում մուտքի մոտ այցելուից գումար է գանձվում, ընդ որում, ցերեկային ժամերին տաճարի տարածք մուտք գործելը մի գին արժի, գիշերային ժամերին` մեկ այլ` ավելի բարձր գին:
«Ժողովուրդ»-ը ՀՀ մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց` որքան է կազմում տաճար այցելության տոմսի գինը ցերեկային եւ որքան գիշերային ժամերին, ինչ պատճառաբանությամբ է գիշերը այցելուից ավելի մեծ գումար գանձվում, եւ ինչ հիմքով է տվյալ գումարը սահմանվել:
Ի պատասխան մեր հարցման` նախարարությունից տեղեկացրին, որ ինչպես բոլոր, այնպես էլ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքը վճարովի է: ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիների համար արգելոց-թանգարանի մուտքի տոմսի արժեքը ժամը 20:30-ից մինչեւ 22:00-ն կազմում է 1500 դրամ, իսկ ցերեկային ժամերին ՀՀ քաղաքացիների համար` 250, օտարերկրացիների համար` 1200 դրամ:
Գիշերային ժամերի մուտքի տոմսի արժեքի տարբերությունը նախարարությունը բացատրել է հուշարձանի գեղարվեստական լուսավորման (հուշարձանը լուսավորվում է ժամը 20:30-ից մինչեւ 22:00-ն, իսկ պարսպի հատվածը` մինչեւ լուսաբաց) համար պահանջվող լրացուցիչ ծախսերով:
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թանգարանների եւ արգելոց-թանգարանների, այդ թվում` «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի, մշտական ցուցադրություն այցելության ու բացատրության (էքսկուրսիաների) տոմսերի գները սահմանվել են ՀՀ մշակույթի նախարարի՝ 2009 թվականի օգոստոսի 3-ի N 458-Ա եւ 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 835-Ա հրամաններով:
Կառույցից հավելում են նաեւ, որ տոմսերի վաճառքից ստացված գումարներն ուղղվում են ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող հուշարձանների պահպանությանը:
Քաղաքացիներից ոմանք էլ հաճախ դժգոհում են, որ տաճար տանող արահետը բավական անմխիթար վիճակում է, եւ, օրինակ, մանկասայլակով այդտեղով անցնելն իսկական փորձություն է: Մշակույթի նախարարը չի՞ կարծում, որ այս պայմանները կվանեն զբոսաշրջիկներին եւ բացասական կերպով կանդրադառնան մեր երկրում տուրիզմի զարգացման վրա:
«ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հաստատած նախագծի համաձայն՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը առաջիկա ամիսներին իրականացնելու է ճեմուղու բարեկարգման աշխատանքներ»,- ասված է նախարարության պատասխանում:
«Ժողովուրդ»-ը կհետեւի առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին:
Աննա Բաբաջանյան