Ասում էին, թե իբր հարուստ պապա ունեմ. երգիչ Մհեր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Մենք միասին կբացահայտենք նրանց բնավորության արտասովոր կողմերը, «կգաղտնազերծենք» ձեզ արդեն ծանոթ մարդկանց կյանքից մինչեւ այժմ քչերին հայտնի դրվագներ, անսպասելի հարցերի եւ անկեղծ պատասխանների արդյունքում կպարզենք նրանց էությունը: Այս անգամ զրուցել ենք երգիչ Մհերի (Մհեր Մեսրոպյան) հետ:

14287735_1139682882779443_1704132633_n

-Մհե՛ր, շո՞ւտ եք արթնանում:

-Ընդհանրապես` ոչ: Բայց վերջերս սկսել եմ շուտ քնել եւ շուտ էլ զարթնել. փորձում եմ կարգավորել ռեժիմս:

-Նույնիսկ ամենազբաղված պահերին հասցնում եք…

-Մի գավաթ սուրճ խմել: Որքան էլ շտապելիս լինեմ, հատկապես առավոտյան դա անում եմ:

-Հանգիստը կանցկացնեիք ակումբներո՞ւմ, թե՞ բնության գրկում:

-Բնության գրկում:

-Հագուստի` Ձեր նախընտրելի ոճը:

-Այն ոճը, որն ինձ սազում է, համընկնում է իմ ներաշխարհի եւ տրամադրության հետ:

Ձեր ամենասիրելի տոնը:

-Ամանորը: 14 տարեկանից երաժշտական ասպարեզում եմ, եւ արդեն 20 տարի է` Նոր տարին, ցավոք, տանը չեմ նշում, այլ աշխատանքի վայրում:

-Փոքրուց փոխանցված սովորություն, որից չեք ձերբազատվել:

-Բարիք գործելը: Կարծում եմ` դա էլ է սովորություն, եւ հիասթափությունները չեն կարող ինձ ետ պահել դրանից: Ես կարող եմ հիասթափվել մարդուց, բայց ոչ երեւույթից:

-Երբեք չէիք համաձայնի մասնակցել…

-«Ֆորտ բոյար» հաղորդմանը: Վախենում եմ էքստրեմալ իրավիճակներից, անգամ կարուսել նստելուց, էլ ուր մնաց, ասենք, կամրջից ոտքերս կապած նետվեմ. օդում սիրտս կկանգնի (ծիծաղում է):

14330977_1139682886112776_673967628_n

-Կամակոր եք, գոռոզ, թե գլուխգովան:

-Կամակոր, հատկապես, երբ խոսքը վերաբերում է գործին: Այդ առումով ես բծախնդիր եմ ու մաքսիմալիստ:

-Մեկը, ում առջեւ Ձեզ հաշվետու եք համարում:

-Ես ինքս: Ես եմ իմ դատավորը: Իհարկե, հաշվի եմ առնում մարդկանց կարծիքները, բայց իմ առաջին քննադատը հենց ես եմ:

-Մի քանի հատկանիշ, որոնք մարդիկ Ձեր մեջ անմիջապես նկատում են:

-Բարություն, անկեղծություն, իսկ ինչ վերաբերում է նեգատիվ որակներին, ապա ինձ չճանաչողները ասում են, թե իբր գոռոզ եմ: Բայց ծանոթանալուց հետո այդ տպավորությունը փոխվում է:

-Կարող եք ժամերով խոսել…

-Մարդու մասին, նրա տեսակի: Կարող եմ երկար վերլուծել մարդու կերպարը, որ հասկանամ նրան:

-Ձեր ճանաչած ամենաֆանտաստիկ մարդը:

-Իմ վոկալի ուսուցիչը` իր մասնագիտական որակներով եւ մարդ տեսակով: Ցավոք, նա այժմ կենդանի չէ:

-Ո՞ւմ խոսքը կարող է խոցել Ձեզ:

-Չկայացած մարդու, իսկ եթե տվյալ մարդը կայացած է, ես դա ընդունում եմ որպես կարծիք:

14330959_1139682892779442_970534554_n

-Մի քանի բան, որոնք ուզում եք անպայման հասցնել անել:

-Ամեն բան էլ հասցնում եմ, ինչ ճիշտն է` ճիշտ:

-Կանայք Ձեր մեջ առաջինը նկատում են…

-Աչքերս, ավելի ճիշտ` հայացքս:

-Անձնական կյանքում Ձեզ հաջողակ համարո՞ւմ եք:

-Շատ բարդ հարց եք տալիս: Կարող եմ աել, որ այո, բայց այդ «այո»-ն լիարժեք կլինի, երբ ընտանիք կազմեմ:

-Ինքներդ Ձեզ հետ ներդաշնակ եք միայն այն դեպքում, երբ…

-Երբ խիղճս հանգիստ է: Դա պարտադիր է ինձ համար:

-Միշտ վախենում եք կորցնել…

-Իմ հարազատներին. խոսքը ֆիզիկական կորստի մասին է:

-Հուսահատությունից դուրս գալու համար սովորաբար հիշում եք, որ…

-Էլի են եղել նման պահեր, եւ ես դուրս եմ եկել այդ իրավիճակներից:

-Ձեր մասին լսած ամենազվարճալի ասեկոսեն:

-Ասում էին, թե իբր հարուստ պապա ունեմ, այնինչ՝ ես երաժիշտների ընտանիքից եմ, եւ եթե ֆինանսականի մասին է խոսքը, ոչ հոգեւորի, ապա ընտանիքս հարուստ չէ: Հայրս նվագում է կլառնետ եւ դուդուկ: Ընտանիքս այժմ ապրում է Ռուսաստանում:

-Ձեր կատարած մի քայլ, որի համար առանձնակի ուրախ եք:

-Վերադարձը հայրենիք: Իմ այդ քայլը ես համարում եմ հաջողություն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս