Ադրբեջանական հատուկ ծառայությունները հետաքրքրվել են Մատաղիսի և Մարտունու զորամասերով. ինչ ճակատագրի արժանացան լրտեսները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվարի 31-ին գրել էինք, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն առանձնապես հետաքրքրվել էին ԼՂՀ ՊԲ Մատաղիսի եւ Մարտունու զորամասերով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ չորս քաղաքացիների, որոնք ադրբեջանական հատուկ ծառայություններին պետական գաղտնիք էին հաղորդել:

2015 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պետական դավաճանության գործն ուղարկել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրական եզրակացության` Վանաձոր քաղաքի բնակիչ, 50-ամյա Ռաֆիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում՝ հավաքագրվել էր այդ երկրի տարածքում գործունեություն ծավալող Ադրբեջանի հետախուզական ծառայությունների կողմից:

Բանն այն է, որ Սեյրան անունով մի անձնավորություն, որը աշխատել էր Ադրբեջանի հետախուզական ծառայությունում, ծանոթացել էր Ռաֆիկ Պապոյանի հետ եւ նրան համագործակցության առաջարկ արել, ապա հստակ առաջադրանքներ տվել: Պարզեցինք, որ Ռաֆիկ Պապոյանին ցուցում էր տրվել, որպեսզի Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրի այնպիսի անձանց, որոնք կարող են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար լրտեսություն անել եւ արժեքավոր տեղեկություններ տրամադրել:

Եւ, ահա, Ռաֆիկ Պապոյանը, որպեսզի կարողանա գործը գլուխ բերել, այս պատմության մեջ է ներքաշել իր մտերիմներին, որոնք Ադրբեջանի ծառայությունների աշխատակից ներկայացած Սեյրանին էին տրամադրել ԼՂՀ Մարտունու շրջանում ձեռք բերած տեղեկությունները:

8 ամիս տեւած դատաքննությունից հետո այս գործով դատավոր Արշակ Վարդանյանը վճռել է Ռաֆիկ Պապոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտել ազատազրկման 14 տարի ժամկետով, նույն գործով անցնող Կարինե Ղումաշյանը դատապարտվել է ազատազրկման 12 տարի ժամկետով:

Ի դեպ, 2015 թվականին ԱԱԾ-ի կողմից կալանավորվել էր պահեստազորի մայոր Գարիկ Մարությանը, որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ՝ համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ էր հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ: Այս գործով դատական նիստերը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեռեւս շարունակվում են:

Քնար Մանուկյան




Լրահոս