Ինչպես ArmLur.am-ը տեղեկացրել էր ` Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում՝ ի նշան գրեթե մեկ տարի առաջ մթերված խաղողի դիմաց գումարները չստանալու բողոքի, գյուղացիները երեխաներին դպրոց չէին ուղարկել:
Ավելի վաղ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է, որ տասնհինգօրյա ժամկետում խնդիրը կկարգավորվի:
ArmLur.am-ի հետ զրույցում Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը նշեց, որ դեռևս որևէ մեկը խնդրի կարգավորման հարցով քայլեր չի կատարել:
Մեր այն հարցին, թե արդյոք «Վեդի Ալկո» ընկերությունից փորձե՞լ են կապվել գյուղապետի հետ, նա բացասական պատասխան տվեց:
Գյուղապետը տարակուսած է, քանի որ նոր վարչապետի նշանակմամբ խնդիրն է´լ ավելի կձգձգվի. «Նախկին գումարները չենք ստացել, հիմա էլ բերքը կա, մթերում չկա»:
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև «Վեդի Ալկո» ընկերության տնօրենի հետ, սակայն ապարդյուն:
Հիշեցնենք, որ աղավնաձորցիները բազմաթիվ բողոքի ակցիաներ են իրականացրել: «Վեդի Ալկո» ընկերությունը 140 միլիոն դրամի պարտք ունի գյուղացիներին, որն արդեն ամիսներ շարունակ չի վճարում: