Գավառում նորաբաց ռազմական դասարանը և փողոցներից մեկը անվանակոչվեցին հերոս զինվոր Արամայիս Ոսկանյանի անունով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում բացվեց ռազմագիտության դասասենյակ, որն անվանակոչվեց նույն դպրոցի նախկին աշակերտ, հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինվոր Արամայիս Ոսկանյանին: Մինչ դասասենյակի բացման արարողությունը, դպրոցի դահլիճում բարձր դասարանցիների եւ երգչախմբի ջանքներով կազմակերպվել էր ոգեկոչման ցերեկույթ՝ նվիրված հերոս զինվորին, ով այս տարվա հունվարի 9­-ին մարտական դիրքում զոհվել էր հակառակորդի կողմից արձակված կրակոցից:

Արամայիսին նվիրված միջոցառմանը, փողոցի եւ դասասենյակի անվանակոչման արարողություններին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը եւ մարզպետարանի աշխատազմի ներկայացուցիչներ, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գավառի զինկոմ Արմեն Հովսեփյանը, ՀՀ ՊՆ 2­-րդ բանակային կորպուսի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, մայոր Արմեն Սարգսյանը, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ, հոգեւոր այրեր, Արամայիսի մայրն ու հայրը, քույրերը, քրոջ որդիներն ու մյուս մտերիմ հարազատներն ու ընկերները, ինչպես նաեւ դպրոցի աշխատակազմը, աշակերտները: Միջոցառումը, որը վերածվեց արիության բաց դասի, մեկնարկեց դպրոցի տնօրենի խոսքերով:

«Արամայիսի կորստյան ցավը բոլոր մայրերիս ցավն է: Արամայիսի հերոսական կերպարը ամենքիս կյանքի ուղեկիցը պիտի դառնա, նրա վառ կերպարը բոլորիս սրտերում լույս կսերմանի: Արամայիսի մահով եւս մեկ անգամ սրբացավ մայր հողը»,­ նշեց դպրոցի տնօրեն Սաթիկ Արզաքանցյանը: Հայրենասիրական խոսքերով ու ռազմաշունչ երգերի ուղեկցությամբ, Արամայիսի կարճ ու հերոսական կյանքի հիշարժան կադրերի ու տարբեր տարիքի լուսանկարների ու ռազմական հոլովակների ցուցադրությամբ ներկաները եւս մեկ անգամ հաղորդակից եղան հերոս պատանու ապրած կյանքին ու մարդկային վեհ կերպարին:

Ցերեկույթի մասնակից դպրոցականները բոլորը կրում էին Արամայիսի զինվորական նկարով վերնաշապիկներ: «Թուրքերը լավ են զինված, նրանց տեխնիկան հզոր է, բայց նրանք վախկոտ են. հայ զինվոր տեսնելիս մահու չափ սարսափում են: Մենք քաջ ենք, մենք ավելի ուժեղ ենք: Դա մեր առավելությունն է»,-­ հիշեցին հերոսացած Արամայիսի խոսքերը դպրոցականները ու նրա նկարի առջեւ խոստացան միշտ վառ պահել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսի հիշատակը՝ հանուն հայ երկրի այսօրվա ու վաղվա:

Բաց դասի ավարտին, դիմելով Արամայիս մորը՝ Անուշին, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ազգին նման հերոս որդի պարգեւելու համար: «Կազմակերպվել էր արիության բաց դաս, որը նվիրված էր հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը չխնայած եւ անմահության գիրկը գնացած հերոս Արամայիսին: Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր աշակերտ, յուրաքանչյուր քաղաքացի այսօր ապրում է մեր Արամայիսների վառ օրինակներով:

Այսօր այս դպրոցում դասասենյակ է անվանակոչվել Արամայիսի անունով, որը խթան կհանդիսանա մեր աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությունը լավագույնս կազմակերպելու համար: Հարգելի ծնողներ, պետք չէ ընկճվել, դուք պետք է ավելի հզորանաք ձեր մնացած զավակներով, այս դպրոցականներով, ովքեր իրենց սրտերում կրում են հերոս Արամայիսի սխրանքն ու կերպարը»,-­ նշեց Անդրանիկ Հակոբյանը: Այնուհետեւ Արամայիսի մայրը կտրեց դասասենյակի կարմիր ժապավենը ու որդու նկարի առջեւ ծաղիկներ խոնարհեց:

Գավառի քաղաքապետարանի միջոցներով ամբողջությամբ վերանորոգվել ու կահավորվել էր նախնական զինվորական պատրաստության դասասենյակը, իսկ հերոս Արամայիսի հատուկ խնամքով ստեղծված հուշանկյունն ու հուշատախտակը հեղինակել էին Արամայիս ընկերները: «Արամայիսի հերոսական արարքների մասին պատմող նյութերն ու լուսանկարներն իրենց բովանդակությամբ ռազմահայրենասիրական դաստիարակության վառ ու փայլուն օրինակ կծառայեն դասասենյակ մտնող ամեն աշակերտի»,-­ «Արմենպրես»­-ի հետ իրենց մտքերը կիսեցին ներկաները:

Այնուհետեւ մասնակիցները տեղափոխվեցին Արամայիսի տան բակ, որտեղ բոլոր մասնակիցների ներկայությամբ Գավառի թիվ 5 հիմնական դպրոցից Արամայիսի տուն տանող փողոցը անվանակոչվեց Արամայիս Ոսկանյանի անունով: Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Ներսես քահանա Սահակյանի օրհնությամբ Արամայիսի հայրը՝ Յուրիկը, եւ հերոսի քրոջ որդին բացեցին Արամայիսի հայրական տան պատին ներկառուցված հուշաքարը՝ «Այս տանն ապրել է հայրենիքի պաշտպանական դիրքերում հերոսաբար զոհված Արամայիս Ոսկանյանը» գրությամբ:




Լրահոս