Սուրբ Խաչը` Վանաձորի պահապան նշան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանուն մեր երկրի հոգևոր անվտանգության, համախմբվենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ» կարգախոսը արդեն յոթ տարի շարունակ Սուրբ Խաչի տոնին խաչերթի է համախմբում Վանաձոր քաղաքի բնակիչներին։ Սակայն դեռևս նախորդ տարվանից, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տոնը հայտարարվեց որպես ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐ, իսկ ՍՈՒՐԲ ԽԱՉԸ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԻ ՊԱՀԱՊԱՆ ՆՇԱՆ։

Քրիստոնյա բազմաթիվ պետություններ և քաղաքներ ունեն իրենց օրհնության օրը և պահապան սուրբը: Սակայն հայ իրականության մեջ քաղաքները չեն ունեցել օրհնության օր և այս պարագան բացառիկ է թե Վանաձոր քաղաքի և թե Հայաստանի համար։

Տոնի առավոտյան թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, իսկ երեկոյան՝ եկեղեցիների բակերում կազմվեց Սուրբ Խաչի թափոր և կատարվեց անդաստանի կարգ։  Խաչվերացի տոնը որպես Վանաձորի օրհնության օր նշելու տոնակատարությունը, ամեն տարվա պես նշանավորվեց խաչերթով։

Մասնակիցները Հայքի հրապարակից խաչերով, խաչվառով, հոգևորականի առաջնորդությամբ, «Համախմբվենք հանուն մեր քաղաքի հոգևոր անվտանգության…» կարգախոսներով շարժվեցին դեպի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, ուր մասնակցեցին Սուրբ Խաչի պանծացման արարողություններին։ Խաչերթին և դրան հետևող եկեղեցական արարողություններին իրենց մասնակցությունը բերեցին քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունները, դպրոցները, հասարակական կառույցները, ուխտավորներ:

Օրհնության օրվա հաստատումը հնարավորություն է քաղաքի բնակիչներին՝ տարին գոնե մեկ անգամ միասնաբար Սուրբ Խաչի զորությունը հայցելու քաղաքի հոգևոր անվտանգության, զորացման և միասնության համար:

ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ




Լրահոս