Ինչ հարցեր են քննարկվել համանախագահների և Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ. մանրամասնում է Ջեյմս Ուորլիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով այս շաբաթ այցով գտնվում է Մոսկվայում, հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը, որում պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների մասին:

– Ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որը տեղի ունեցավ Մոսկվայում Ձեր ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ևս ընդունեց Ձեզ: Ձեր տպավորությունները:

– Մենք հանդիպեցինք արտգործնախարար Լավրովի, համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Հանդիպման ընթացքում, որը մոտ մեկ ժամ տևեց, մենք քննարկեցին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու հետագա քայլերը: Արդյունավետ հանդիպում էր: Մենք գնահատեցինք, թե որքան մեծ ժամանակ հատկացրեց Լավրովը տվյալ հարցի քննարկմանը:

– Ձեր կողմից առաջարկներ եղե՞լ են:

– Անհրաժեշտ է հասկանալ, որ կարգավորման կառուցվածքը քննարկվել է արդեն երկար տարիներ: Կարգավորման առանձին պայմաններ կան, սակայն մեզ բոլորիս պակասում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքը՝ առաջ շարժվելու համար: Մենք Ս. Լավրովի հետ քննարկել ենք այդ պայմաններն ու խոսել այն մասին, թե ինչպես կառուցել այդ աշխատանքները:

– Կարո՞ղ եք մանրամասնել, թե կոնկրետ ինչ գաղափարներ են քննարկվել: Ի՞նչ առաջարկներ են արվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, և ո՞րն է դրանց հանդեպ Ձեր վերաբերմունքը:

– Սա այն ոլորտն է, որում ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան միաձայն են: Մենք կիսում ենք հակամարտության խաղաղ կարգավորման մոտեցումը: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքը շատ արդյունավետ է: Այդ հարցը ոչ մեկ անգամ քննարկվել է Լավրով-Քերի հանդիպումների ժամանակ:

– Նոր հանդիպում կազմակերպելու պլաններ կա՞ն:

– Պլաններ կան, սակայն դեռևս ոչ մի կոնկրետիկա չկա: Մենք ցանկանում ենք նախագահների նոր հանդիպում կազմակերպել, սակայն դեռևս հստակ որոշված չեն հանդիպման վայրը, ժամանակը: Որպես համանախագահներ՝ մենք կհանդիպենք արտաքին գործերի նախարարների հետ: Հույս ունենք արտաքին գործերի երկու նախարարներին տեսնել Նյու Յորքում 2 շաբաթ անց, որպեսզի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ընթացքում քննարկենք հետագա քայլերը: Կցանկանայինք հույս ունենալ, որ կկայանա նաև երկու նախագահների հանդիպումը:

– Ո՞րն է ԱՄՆ-ի համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իդեալական սցենարը:

– Նույնը, ինչպես և ռուսական և ֆրանսիական կողմի համար: Հակամարտությունը շարունակվում է երկար տարիներ: Այդ հակամարտությունը կարող է կարգավորվել: Մենք ունենք կարգավորման պայմանները, դրանք հայտնի են բոլորին: Մեզ համար իդեալական կարգավորումը ենթադրում է հաղթողների և պարտվողների բացակայություն:

– Այնուամենայնիվ, դա տարածքային վեճ է, և բոլորս գիտենք, որ ադրբեջանական կողմը պնդում է, որպեսզի ԼՂ մի շարք բարձունքներ ազատագրվեն: Ըստ Ձեզ, ինչպե՞ս կարող է կարգավորվել այդ վեճը:

– Իհա՛րկե: Կարգավորումը ենթադրում է նաև տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոխարեն: Դրանք կարգավորման պայմաններն են, սակայն ոչ միակը: Փախստականների վերադարձ, միջազգային խաղաղապահական ուժերի ներկայություն: Այդ ամենը խաղաղ կարգավորման պայմաններն են, և դրանք հայտնի են բոլորին:

– Ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցը: Կօգնի՞ դա հակամարտության կարգավորմանը:

– Ինչպես գիտեք, նա ծնունդով Լեռնային Ղարաբաղից է: Այդ իսկ պատճառով անսովոր ոչինչ չկա, երբ նա մեկնում է Լեռնային Ղարաբաղ: Սակայն կարևոր է լսել երկու կողմերի կարծիքները: Համանախագահները մշտապես այցելում են այդ տարածաշրջան, որպեսզի շփվեն իշխանության ներկայացուցիչների հետ: Եվ մենք ցանկանում ենք լսել կողմերի ձայնը: Ակնկալում եմ, որ շուտով համանախագահները ևս այց կկատարեն այդ տարածաշրջան:

– Ինչպե՞ս եք գնահատում որպես միջնորդ Ռուսաստանի դերը:

– Իհա՛րկե, Ռուսաստանի դերը շատ դրական է և արդյուանվետ: Մենք ուրախ ենք տեսնել, որ նախագահ Պուտինն անձամբ ներգրավված է այդ հարցում, և, իհարկե, արտգործնախարար Լավրովը ևս տեղեկացված է այդ առումով: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վերջինիս հետ բազմիցս քննարկել է այդ հարցը:

– Որքա՞ն կտևի հակամարտության կարգավորումը:

– Հույս ունենք, որ խաղաղ կարգավորման գործընթացը տարիներ չի տևի, սակայն, իհարկե, չենք սպասում տվյալ հարցով հանկարծակի առաջընթաց: Բանակցությունները ժամանակ են պահանջում: Ես չեմ կարող ենթադրել, թե որքան կտևի կարգավորումը՝ մեկ շաբաթ կամ մեկ ամիս, սակայն եթե նախագահները քաղաքական կամք դրսևորեն, կարգավորման բոլոր տարրերը կան:

– Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին և աջակցում Հայաստանին, քանի որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է: Կարո՞ղ եք պատմել Հայաստանի և Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի ռազմատեխնիկական համագործակցության մասին:

– Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն տարբեր իրավիճակներում են: Ռուսաստանը հաստատուն և երկար հարաբերություններ ունի երկու երկրների հետ, և մենք հասկանում ենք այդ հարաբերությունները: ԱՄՆ-ն ևս ցանկանում է սերտ համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ, սակայն այլ առումով: Մենք պաշտպանողական զենք ենք մատակարարում երկու կողմին սահմանափակ քանակով: Ադրբեջանի հարցում  Կոնգրեսի կողմից հաստատված կանոնադրական մանդատ գոյություն ունի, սակայն դա թույլ չի տալիս զենք մատակարարել, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղում հարձակում իրականացնելու համար: Այդպիսով, մենք զենք մատակարարող չենք: Մենք սահմանափակ քանակով զենք ենք տրամադրում:

– Եթե չենք սխալվում, Երևանում է գտնվում ԱՄՆ-ի ամենախոշոր դեսպանատներից մեկը:

– Հայաստանում մեր դեսպանատունը չի տարբերվում այլ երկրների դեսպանատներից: Դեսպանատան չափերը փոխհարաբերություններ չեն արտացոլում: Մենք կարևորում ենք   Հայաստանի հետ համագործակցությունը:

Թարգմանությունը` Քրիստինե Պողոսյանի 




Լրահոս