Վերջին երկու ամիսներին հարկային մուտքերի նվազման փաստն իշխանական կուլիսներում բավական լուրջ քննարկումների առիթ է տվել, քանի որ այն բանից հետո, երբ Հովհաննես Հովսեփյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ, բոլորին հետաքրքիր էր, թե արդյոք նա կկարողանա իրեն վստահված գերատեսչությունը վերցնել վերահսկողության տակ:
Հունվար-փետրվարին հարկային մուտքերի նվազումից եւ Հովհաննես Հովսեփյանի նշանակմանը հաջորդած առաջին երեք ամիսներին պետական բյուջեի եկամուտների ավելացումից հետո բոլորի մոտ տպավորություն էր ստեղծվել, որ ՊԵԿ-ի նոր ղեկավարին հաջողվել է մաքսային եւ հարկային մարմիններն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել: Սակայն հաջորդած ամիսների հարկահավաքության ցուցանիշները վկայում են, որ Հովսեփյանի հաջողվելու մասին գնահատականները վաղաժամ են եղել: ՊԵԿ-ի ղեկավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փաստում են, որ գլխավոր հարկահավաքներին վերջին շրջանում հաճախակի կարելի է երեկոյան ժամերին հանդիպել Երեւանի էլիտար օբյեկտներում միասին ընթրելիս: Նրանք փաստացի աշխատանքից հետո եւս շարունակում են գլուխ կոտրել, թե էլ ինչ կարող են անել՝ հարկային մուտքերը ավելացնելու համար: Իսկ քանի որ նման քննարկումների արդյունքում նրանց մոտ ոչ մի դրական սպասելիք այդպես էլ ի հայտ չի գալիս, ընթրիքներն ավարտվում են դարդերը գինու մեջ խեղդելու արարողությամբ:
Ամենամեծ հարցը, որի պատասխանը բոլորը փորձում են գտնել, այն է, թե ինչու այսպես ստացվեց: Այն հանգամանքը, որ Հայաստանի հարկահավաքության ներկա համակարգը տարիներ առաջ է հիմնադրվել՝ դեռեւս նախկին ՊԵԿ նախագահ Արմեն Ավետիսյանի օրոք: Ու թեեւ դրսից կարող է թվալ, թե հարկային եւ մաքսային ծառայությունները կայացած կառույցներ են, եւ ով էլ լինի դրանց ղեկավարը, այն կգործի: Սակայն իրականության մեջ այդպես չէ, քանի որ Հայաստանում փաստացի գործում է պլանային հարկահավաքություն: Այսինքն՝ Հայաստանում հավաքվող հարկերը տնտեսական հարաբերություններով պայմանավորված չեն: Պարզապես իշխանական վերնախավը որոշում է, թե որքան գումար պետք է հավաքվի, ե՛ւ հարկային, ե՛ւ մաքսային ծառայությունները սկսում են «պլանը» կատարել: Սակայն այդ համակարգի առանցքային օղակներից մեկն այն է, որ ինչ-որ մարդիկ հստակ պետք է պատկերացում ունենան, թե ակնկալվող գումարները որտեղից են հավաքվելու: Նախկին ղեկավարությունը փաստացի կարողացել է այնպես անել, որ միայն ինքը տիրապետի այն տեղեկությանը, թե որտեղից որքան հարկ կարող է հավաքագրվել: Նրանք իմացել են, թե հարկային տեսչության տարածքային կառույցներից որն ինչ պոտենցիալ ունի եւ որքան հարկ կարելի է պահանջել:
Հովհաննես Հովսեփյանը հարկայինի տարածքային կառույցների մասին կարող էր տպավորություն կազմել միայն նրանց նախկին ցուցանիշներով: Սակայն նա չէր կարող իմանալ, թե նրանցից որը ինչ պոտենցիալ ունի, այսինքն՝ այս կամ այն տարածքայինի ցուցանիշների նվազելու եւ դրանք լրացնելու անհնարինության դեպքում, որտեղից կարելի է այդ բացը լրացնել: Առավել եւս, որ Հայաստանի տնտեսական վիճակը գնալով ավելի է վատանում, եւ հարկերի նվազման դեպքերի մի զգալի մասը նաեւ օբյեկտիվ պատճառներով են պայմանավորված:
Հասկանալի է, որ հարկային տարածքային կառույցների պոտենցիալի մասին տվյալները ժամանակի ընթացքում կպարզվեն, սակայն ողջ խնդիրն այն է, որ Հովսեփյանը այդ ժամանակը չունի: Մինչեւ նա պարզի, թե իրեն վստահված կառույցի որ օղակն է իրեն «գցում», պետական բյուջեի թերակատարման ցուցանիշը աստղաբաշխական թվերի կհասնի: Մասնավորապես, արդեն իսկ ակնհայտ է, որ տարեվերջին պետական բյուջեի թերակատարումը կարող է հասնել մինչեւ յոթանասուն միլիարդ դրամի: Իրավիճակն այնքան անհույս է, որ կառավարության ֆինանսիստները կարծում են, որ եթե հաջողվի պետական բյուջեն հիսուն միլիարդով թերակատարել, ապա դա կլինի նվաճում: Մասնավորապես, ենթադրվում է, որ կառավարության փոփոխությունը դրան կնպաստի, եւ իրավիճակը մի փոքր կմեղմվի, եթե նոր վարչապետին հաջողվի Ռուսաստանից իր հետ Հայաստան բերել մի քանի խոշոր ներդրումներ կամ այդ մասին խոստումներ:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ