Ռոբերտ Քոչարյանը վերադառնո՞ւմ է մեծ քաղաքականություն. ինչ հրահանգ է ստացել Վարդան Ղուկասյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը փոխել է քաղաքական գործունեության ուղղվածությունը: Համաձայն տեղեկությունների` նախկին քաղաքապետը օրերս իր թիմակիցներին ժողովի է հրավիրել ու հայտարարել անսպասելի նորության մասին. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հրահանգ է ստացվել:

Այսպես, ժողովին մասնակցած անձանցից մեկը ArmLur.am-ի հետ զրույցում, ներկայացնելով հանդիպման մանրամասները, պատմեց, որ Վարդան Ղուկասյանը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն` այդպիսով առավել ակնառու աջակցելու նորաստեղծ «Համախմբում» կուսակցությանը, որտեղ «օթևանել են» իր կադրերը:

Ուստի, ինչպես հորդորել է Գյումրու նախկին քաղաքապետը, պայքարի «տակտիկան» պետք է փոխել: Բանն այն է, որ Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններին մինչև վերջերս Վարդան Ղուկասյանն աջակցում էր «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցությունից առաջադրված իր փեսային` Ավետիս Առաքելյանին:

Եվ վերջին հայտարարությունը տրամաբանական հարց է առաջացրել ներկաների մոտ` իր փեսային աջակցելու փոխարեն Վ. Ղուկասյանը Վարդան Օսկանյանի՞ կողմն է անցնելու: Ղուկասյանը պարզաբանել է, որ «Համախմբման» հաղթանակի դեպքում Ավետիս Առաքելյանը կլքի ՕԵԿ-ը:

Իրադարձությունների այսկերպ զարգացման շուրջ ArmLur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից: Վերջինս հայտարարեց, թե երկրորդ նախագահի` քաղաքականություն վերադառնալու և Վարդան Օսկանյանին աջակցելու մասին առաջին անգամ է լսում: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Ռ. Քոչարյանն իր վերջին հարցազրույցին այդ լուրերի հավաստիությանը չի անդրադարձել:

ArmLur.am-ը զրուցեց նաև Վարդան Ղուկասյանի հետ, ով մեր հարցին ի պատասխան նշեց. «Այս ի՞նչ պրովակացիոն հարցեր ես տալիս… Ի՞նչ գործ ունես` էդպիսի բաներ ես հարց տալիս, խառնում ես իրար սաղ… ավելի լավ է` հանգիստ, թեթև ապրի: Ի՞նչ գործ ունես տենց բաների մեջ: Էդ ով էլ, որ քեզ ասել է, որ էդպիսի բաներ հարցնես, ավելի լավ է` ասա` հեռու մնան»:

Մեր պարզաբանմանը, որ այս մանրամասները ներկայացրել է հանդիպման մասնակիցներից մեկը, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ա´յ, ինքն էլ թող պատասխան տա»:




Լրահոս