Հայաստանում փոփոխությունների վաղուց էինք սպասում. տնտեսությունը փակուղային վիճակում է հայտնվել. ԼՂՀ պատգամավորը` կառավարության հրաժարականի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանի հրաժարականի և Կարեն Կարապետյանի` վարչապետի պաշտոնում նշանակվելու շուրջ ArmLur.am-ը զրուցեց ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցի հետ:

Պարո՛ն Հյուսնունց, ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում զարգացող իրադարձություններին: Ձեզ համար սպասելի՞ էին նման փոփոխությունները:

-Շատ վաղուց էինք սպասում նման փոփոխության, և տնտեսական ցուցանիշներն էլ փաստում են այդ մասին: Անձամբ ճանաչելով պարոն Կարապետյանին` կարող եմ ասել` որպես տնտեսագիտական առաջադեմ միտք ունեցող անձ` անելու է լավագույնը, որպեսզի Հայաստանի տնտեսական դաշտը, ֆինանսական վիճակը բարելավվի: Իսկ վարչապետի հրաժարականի մասին կարող եմ ասել, որ երկրի քաղաքական ղեկավարությունը` նախագահի գլխավորությամբ, վկայում էին, որ իրականում փակուղային վիճակում է հայտնվել Հայաստանի տնտեսությունը:

-Ձեր կարծիքով` Հայաստանում այլ թեկնածու չկա՞ր, որ դրսից վարչապետի պաշտոնում նշանակելու համար դրսից կադր հրավիրեցին: 

-Մենք չպետք է տարանջատենք արտաքին սփյուռ-ներքին սփյուռ, Հայաստան-Արցախ: Մարդը ծնվել է Հայաստանում, Արցախում, գործել է որպես քաղաքապետ և տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Կարծում եմ, որ նա ապացուցել է, որ տնտեսագիտական, քաղաքական դաշտում իր վրա կարող են հենվել: Ես արտառոց որևէ բան չեմ տեսնում: Համոզված եմ, որ դրական փոփոխություններ լինելու են թե՛ քաղաքական դաշտում, թե ՛տնտեսական, և թե՛ արտաքին հարաբերություններում:

Զրուցեց Լիդա Եղիազարյան




Լրահոս